կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-06 20:10
Հասարակություն

Ինովացիոն ակուստիկ լաբորատորիա` Երևանի պետական կոնսերվատորիայում

Ինովացիոն ակուստիկ լաբորատորիա` Երևանի պետական կոնսերվատորիայում

Բուհերի ֆինանսավորման արդյունավետ մեխանիզմների ներդրման ուղղությամբ կարևոր նախաձեռնություն է Հայաստանում Նորարարությունների մրցակցային հիմնադրամը, որի միջոցները մրցակցային հիմունքներով դրամաշնորհների ձևով ուղղվում են բուհերի նորարարական ու զարգացման ծրագրերի իրականացմանը և բուհերի կարողությունների հզորացմանը:

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանն այսօր այցելել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում բացված «Ինովացիոն ակուստիկ լաբորիատորիա»: Նախարարի տեղակալը շրջել է լաբորատորիայում, ծանոթացել դրա հնարավորություններին, զրուցել աշխատակիցների հետ:

 Ըստ Վահրամ Մկրտչյանի՝ նորաբաց «Ինովացիոն ակուստիկ լաբորատորիան» տարածաշրջանում եզակի ստուդիա է, որը հագեցած է նման բարձրորակ սարքավորումներով: ««Բարձրագույն կրթության մասին» նոր օրինագծով արմատական լուրջ փոփոխություններ են նախատեսվում բուհական համակարգում, և նմանօրինակ նախագծերն անշուշտ կնպաստեն կրթության որակի բարձրացմանը:

Կոնկրետ այս պարագայում՝ Կոնսերվատորիայի ուսանողները հնարավորություն կունենան ստանալ որակյալ կրթություն: «Ինովացիոն ակուստիկ լաբորատորիան» կնպաստի նաև բուհի զարգացմանը`  խթանելով կրթության բիզնես բաղադրիչի ընդլայնմանը՝ որոշակի ծառայություններ մատուցելու առումով: Լաբորատորիան նաև կբարձրացնի բուհի վարկանիշը և կնպաստի ԵՊԿ-ի միջազգայնացման գործընթացին»,-նշել է Վահրամ Մկրտչյանը՝ ընդգծելով, որ լաբորատորիան բուհի ուսանողների համար գործնական կարողություններ և հմտություններ ձեռքբերելու հնարավորությունից զատ, երաժշտագետների համար նաև կբացի գիտահետազոտական ուսումնասիրությունների նոր հեռանկար:

Կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանն իր հերթին նշել է, որ «Ինովացիոն ակուստիկ լաբորատորիա» ծրագիրը համահունչ է Եվրոպական բարձրագույն կրթական տարածք ինտեգրվելու միտումներին, ինչպես նաև բուհի ռազմավարական ծրագրով նախատեսված գործընթացներին: «Նորարական երաժշտական լաբորատորիան  համապատասխանում է ժամանակակից երաժշտական մշակույթի պահանջներին: Լաբորատորիան հագեցած է բարձրակարգ երաժշտական գործիքակազմով»,-նշել է նա:

Հավելենք, որ Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում 2015-2019 թվականներին ՆՄՀ դրամաշնորհների տրամադրման համար նախատեսված է 5.8 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար: Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի կողմից իրականացվել է բուհերին մրցակցային հիմունքներով դրամաշնորհների տրամադրման առաջին շրջափուլը, որի արդյունքներով դրամաշնորհներ են տրամադրվել 6 բուհերի: «Ինովացիոն ակուստիկ լաբորիատորիա» ծրագրում ընդհանուր առմամբ ներդրվել է 80,728,700 միլիոն ՀՀ դրամ. 14, 531,166 ՀՀ դրամ պետբյուջե, 58,124,664 ՀՀ դրամ համաշխարհային բանկ, 8, 072,870 բուհի համաֆինանսավորում: