կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-03 15:50
Առանց Կատեգորիա

Մահին հաղթած, խաղաղության սպասելիս

Մահին հաղթած, խաղաղության սպասելիս

Ներքին Կարմիրաղբյուրում վախ ասվածը նման է ստվերին` երբեմն-երբեմն երևում է, բայց այդպես էլ չի անհետանում: Մինչև հիմա այդ ստվերը հետապնդում է նաև գյուղի մանկապարտեզի պահակին` 54-ամյա Վաչիկ Մելքոնյանին:  Երկուսուկես տարի առաջ սահմանի բերանին` սեփական այգում, այս մարդն առերեսվեց ու ճանապարհեց մահին:

 

Պահակն այդ օրը գիշերով էր դուրս եկել տանից, որ հակառակորդից թաքուն խաղողի վազերը մշակի:  «Երկու մարգ սրսկեցի: Արդեն լուզաբաց էր` 6-ի կողմերն էր: Սնայպերով խփեցին ոտքիս: Զանգեցի, մինչև օգնության հասան, 100 մետր ինքս ինձ քաշել-տարել եմ»,-հիշում է նա ու պատմում երկու վիրահատությունների մասին

 

«Առաջին վիրահատությունը Բերդում են արել: Բարեկամներն ամեն մեկը մի կողմից օգնեցին, վճարեցինք, հիմա էլ նորից վիրահատություն պետք ա արվի, բայց մեծ ծախս ա ուզում»:

 

Հերթական վիրահատության համար այս ընտանիքին 3-4 հազար դոլար գումար է անհրաժեշտ: «Էդքան փող որ լինի, կվիրահատվեմ, հետո նորմալ կաշխատեմ, բայց, դե, գիտեմ, որ էդ փողը չկա, չեմ մտածում»,- ասում է նա:

Մելքոնյանի դուստրը` 18-ամյա Նորան, այս տարի կարող էր լինել ԲՈՒՀ ընդունված համադասարանցիների շարքում, բայց… «Ինքը սրտով ուզե սովորի, ռադիոյով էլ են հաղորդե, ինքը խոսացել ա էդ մասին, բայց ֆինանսավորում էր պետք»,- պատմում է Նորայի մայրը:


Տիկին Քնարը հույս ուներ, որ ռադիոյով հաղորդելուց հետո մարդիկ կգտնվեն, ովքեր կօգնեն դստերը: «Էս վերջերս են հաղորդել, էլ ո՞ւմ ա պետք` աղջիկս նշանվել ա: Հիմա էլ կարող ա տանի, իրա ամուսինը չթողի աշխատի»,- ափսոսանքով ասում է մայրը:

 

Նորայի նշանածն էլ է Ներքին Կարմիրաղբյուրից: Ննշանվեցին, մեկնեց Ռուսաստան` արտագնա աշխատանքի, երբ վերադառնա, կամուսնանան:

Վաչիկի որդին էլ` Կարենը, ոստիկան է, սակայն մայրը դժգոհում էեղած աշխատավարձն անգամ նրա ընտանիքին բավարար չի, ուր մնաց ծնողներին ու քրոջը պահի:

30 հազար դրամ աշխատավարձի ու թոշակի հույսին ապրող այս ընտանիքը կարոտով է հիշում այն ժամանակները, երբ թեկուզ գիշերով, բայց մշակում էին խաղողի այգին ու բերքը հանձնում կոնյակի գործարանին: «Հողերը թուրքի սահմանն ա, չենք մշակում, հիմա ինչո՞վ ապրենք,- ասում է տիկին Քնարն ու խոստովանում` գյուղից զզվել է. «Թող ինձ լավ ասեն, վատ ասեն, ես ասում եմ՝ գյուղացին գյուղից զզվել ա, եթե սենց մնաց՝ ջահելություն չի մնա ստե: Որ ես իմ հող ու ջուրը չեմ կարա մշակեմ, աշխատանք չկա, ուրեմն էս ժողովրդին պետք ա «Փարոս» տան»:


Կրակոցի չարաբաստիկ առավոտն անցյալում թողած ամուսինը համեստորեն լռեցնում է կնոջը, փոխարենն արժանանում նրա հանդիմանանքին«Դու ինձ մի ընդհատի, ջղայնացած խոսում եմ, սու՛ս արա: Ջահել աղջիկ ա, հարս ա, մի աշխատանքի տեղ չլինի՞` աշխատի: Գոնե գազի լույսի վարձը տալուն օգնեն, չեն օգնում: Եկել են հողի հարկն են իջեցնում: Որ հող չունենք, հողի հարկը ինչո՞ւ եք իջեցնում»,- բողոքում է կինը:

 

Մինչ տիկին Քնարը բարկացած դժգոհում է գյուղի ու ընտանիքի հոգսերից, Նորան աննկատ ներսուդուրս է անում` տեսախցիկից քաշվում է՝ շուտով հարս է դառնալուԿնոջ բողոքներին ականջալուր ամուսինն էլ ծխախոտի գլանակն է վառում ու, իր բաժին դարդերը ծխի հետ ճանապարհելով երկինք, մտովի անցյալ տեղափոխվում: «Կոմունիստների ժամանակ շատ լավ ա եղել, ինչ ուզեցել, արել ենք, փողի ու աշխատանքի խնդիր չի եղել, հիմա ուզում են աշխատեն, աշխատանք չկա»,- ասում է նա:

 

Սահմանից այն կողմ ապրող հարևաններին գյուղի պահակը լավ է հիշումԺամանակին գալիս էին, գյուղի խանութից ալյուր էին առնում, հետները քեֆ-ուրախության, հարսանիքի մասնակցում: «Նույն` մեզ պես մի մարդիկ էլ իրանք են, գիտեք իրանք կռիվ ե՞ն ուզում»,-նշում է նա:

 

Վաչիկ Մելքոնյանը հավատում է, որ մի օր մեր ու հարևանի թշնամանքի պատնեշը կվերանա:  Հենց այդ հավատով էլ վառում է ծխախոտի հերթական գլանակն ու վիրավոր ոտքով ճամփա ընկնում: Նա հավատում է` մի օր տան ճանապարհով առանց ձեռնափայտի կգնա իր խաղողի այգին՝ երկուսուկես տարի առաջ կիսատ թողած գործը շարունակելու: Ճամփա կընկնի ցերեկով՝ գլուխը բարձր, առանց ինչ-որ մեկից թաքնվելու, առանց վախ կոչվող ստվերի

 

Թագուհի Մելքոնյան