Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրերս Yerkir.am-ի թղթակիցը կրթական ծրագրի շրջանակներում հյուրընկալվել էր Մոսկվայի Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանում: 1907թ. նախահեղափոխական Ռուսաստանում հիմնադրված հսկա բուհը համարվում է Ռուսաստանի տնտեսագիտական բուհերի նախահայրը, որտեղ կրթվել են երկրի կառավարող վերնախավի բազմաթիվ ներկայացուցիչներ: Բուհը պատրաստում է տնտեսագետներ, կառավարման մասնագետներ, ովքեր իրենց գտնում են ՌԴ կառավարությունում, խորհրդարանում և գիտական աշխարհում:
Բուհն ունի բազմաթիվ մասնաճյուղեր, ինչպես Ռուսաստանում, այնպես էլ ԱՊՀ երկրներից մի քանիսում: Երևանում բուհի մասնաճյուղը բացելու ծրագիր էր մշակվել, սակայն ինչ-ինչ պատճառներով դա տեղի չի ունեցել: «Գուցե մենք համառություն չցուցաբերեցինք, բայց մենք էլ ունենք արդարացում ...»,- ասացին բուհի ներկայացուցիչները` փորձելով բացատրել, թե ինչու չկայացավ Երևանում բուհի մասնաճյուղի բացումը:
Պարզվեց, որ «հայկական հետքը» չի շրջանցել նաև այս բուհը, որի ամենաառաջին ռեկտորներից մեկը հայ է եղել` Վարդանյան ազգանունով, ով 10 տարի ղեկավարել է բուհը: Բուհի ներկայիս ռեկտոր Վիկտոր Գրիշինը, ներկայացնելով ուսումնական հաստատության պատմությունն ու առաջին ռեկտորներին, երկար պատմում էր նրանց գործունեության մասին, սակայն հայ ռեկտորի մասին ասաց. «Կարող ենք բացել, կարդալ Վարդանյանի մասին, բայց ինքս կարող եմ ասել, որ նա ռեկտորի պաշտոնում 10 տարի պաշտոնավարել է, և դա հիանալի է»:
Համալսարանի ժամանակակից գիտնականներից նշվում է ակադեմիկոս Կաղինբեկյանի անունը: Բուհում 200 հայ երիտասարդ է սովորում: Նրանք անգամ իրենց համայնքն են ձևավորել այնտեղ:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ բուհի ղեկավարությունն անդրադարձավ նաև Ռուսաստանում ստեղծված հասարակական-քաղաքական վիճակին, մասնավորապես` պատժամիջոցներին, ԵՏՄ-ին: Բուհի ներկայացուցիչներից մեկը նշեց, որ պատժամիջոցների արդյունքում իրենց մոտ չկա ընդունելություն օտարերկրյա ուսանողների համար:
Բուհի ռեկտորից` Վիկտոր Գրիշինից, լրագրողները հետաքրքրվեցին մի շարք քաղաքական հարցերի վերաբերյալ, և դա պատահական չէր, քանի որ Վիկտոր Գրիշինը նախքան ռեկտորի պաշտոն զբաղեցնելը մի շարք քաղաքական ղեկավար պաշտոններ է զբաղեցրել` Մորդովիայի էկոնոմիկայի նախարար, հետո` Մորդովիայի վարչապետ, 3 անգամ ընտրվել է ՌԴ Պետդումայի պատգամավոր, ուստի հիմնական հարցերը վերաբերում էին ԵՏՄ-ի ձևավորմանը:
ԵՏՄ-ի մասին
Եվ այսպես` Ռուսաստանի ամենախոշոր բուհերից մեկի քաղաքական հարուստ անցյալ ունեցող ռեկտորի դիրքորոշումը հետևյալն է. Ժամանակին, երբ փլուզվեց Ռուսաստանի միասնական տնտեսական տարածքը, Ռուսաստանի տնտեսության բոլոր ճյուղերը դրանից տուժեցին: Որոշ երկրների քաղաքական էլիտաները նպատակ ունեին հասնել իրենց պետությունների ինքնիշխանությանն ու անկախությանը , իրենց ժողովուրդների էթնիկական դերի բարձրացմանը: Ես կարծում եմ` դա մի ճանապարհ էր, որի ժամանակ այդ պետությունների ղեկավարները դրսևորեցին սեփական պետությունների ինքնիշխանության, այսպես կոչված, «դեռահասության հիվանդություն»: Օրինակ` երբ երեխան մեծանում է ընտանիքում, 12-13 տարեկան հասակում նրա մոտ ցանկություն է առաջանում դառնալու ինքնուրույն: Նա թքած է ունենում, որ կարող է կորցնել իր ծնողներին կամ նեղացնել նրանց, նրա համար կարևոր է դառնում միայն ինքնուրույն լինելը, նա փորձում է այնպիսի դիրք բռնել, որը շատ հնարավոր է` ի վնաս իրեն լինի: Ահա նույն բանը տեղի ունեցավ Սովետական միության փլուզումից հետո:
Երևի անհրաժեշտ էր, որ բոլորս անցնեինք այդ փուլը: Հիմա մենք բոլորս ենք հասկանում, որ ինչ-որ բան ենք կորցրել, և մենք կշարունակենք կորցնել, եթե շարունակենք նման դիրքորոշումներ որդեգրել ու շարունակենք միմյանցից առանձնացված լինել: Բայց մենք պետք է հասնենք համաձայնության, այդ թվում` նաև քաղաքական հարցերում, այդ թվում` նաև ինքնիշխանության որոշակի հանձնմամբ... Չէ՞ որ գաղտնիք չէ, որ ԵՏՄ բոլոր երկրները նույնպես զիջում են իրենց որոշ լիազորություններ` հանուն միության:
Պետք է համեմատել` ի՞նչ են ստանալու մարդիկ, երբ մեկ միության մեջ են, և ի՞նչ են ստանալու, երբ պետությունները միության մեջ չեն ու բացարձակ ինքնիշխան են: Կարծում եմ` մեր քաղաքական լիդերների մեծ մասը հիմա արդեն հասկանում է` որպեսզի երկիրը զարգանա, որպեսզի տնտեսությունը կայունանա, մեզ իսկապես պետք է միասին լինել:
Այս իրադարձությունները կհասունանան, ու հաշվի առնելով այն, թե ինչպես են ձևավորվում Ռուսաստանի հարաբերությունները Արևմուտքի հետ ... Ես, իհարկե, չգիտեմ ձեր երկրները, գուցե ձեր երկրների հարաբերությունները Արևմուտքի հետ առավել հավասարակշռված են, բայց կարծում եմ` դուք էլ եք մտածում, որ ինչ-որ բան եք կորցրել այս տարիների ընթացքում: Եթե մենք ցանկանում ենք անկախ լինել իրապես, պետք է գտնել սեփական տեղը աշխարհի զարգացման մեջ: Մենք հիմա մշակում ենք մեր հարաբերությունները նախկին ԱՊՀ երկրների հետ, և ինձ, անկեղծ ասած, միշտ դուր են եկել Ղազախստանի նախագահ Նազարբաևի մոտեցումները, ով հավասարակշված քաղաքականություն է վարում և միշտ փնտրում է ռացիոնալ ուղիներ ու հնարավորություններ ԵՏՄ կառույցի համար»:
Վիկտոր Գրիշինը խոսեց նաև ԵՏՄ կայացման դեպքում միասնական արժույթի անհրաժեշտության մասին: Նրա համոզմամբ` ԱՄՆ-ը լավ է ապրում ոչ թե նրա համար, որ այնտեղ արդյունաբերությունն է լավ զարգացած, այլ, որ թղթադրամ է տպում ու վաճառում:
«Կարծում եմ` ցանկացած երկիր հետաքրքրված է անցնել այնպիսի արժույթի, որը կնպաստի իր տնտեսության զարգացմանը: Յուան կլինի, ռուբլի կլինի կամ ուրիշ բան....Եվ եթե խոսում ենք բազմավեկտոր աշխարհի մասին, ապա եթե ոչ շուտով, բայց 10-15 տարի անց կառաջանա միասնական արժույթի հարցը, այդ հարցը հիմա էլ առկա է, մանավանդ` պատժամիջոցներով են մեզ փորձում ճնշել: Տեսնում ենք, որ դոլարնը աճում է, իսկ Արևմուտքը պահանջում է, որ մենք վարկերը վճարենք միայն դոլարով: Իսկ թե ո՞ր արժույթը կընտրվի ԵՏՄ անդամ երկրների հավասար ձայներով, եկեք դեռ սպասենք»:
Yerkir.am-ը հետաքրքրվեց Վիկտոր Գրիշինից, թե ինչպես կմեկնաբանի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության` ոչ այնքան հեշտ գործընթացը: Ռեկտորի կարծիքով` չնայած բոլոր այն պրոցեսներին, որոնք տեղի են ունենում Հայաստանի շուրջ, Հայաստանը կդառնա ԵՏՄ անդամ: Մեր հարցին, թե այդ ի՞նչ պրոցեսներ են, Վիկտոր Գրիշինը պատասխանեց. «Նույն պրոցեսներն են, ինչ Կիևում: Ամերիկան փորձում է ինչ-որ ձևով պոկել, առանձնացնել պետություններին և ուղղորդել դեպի Արևմուտք»:
Մելանյա Մելքումյան