կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-09 11:01
Քաղաքական

Հայերի և ադրբեջանցիների միասնական բնակավայրերի վերաբերյալ ծրագրերը դանդաղեցված ռումբ են Արցախի ինքնիշխանության և լիարժեք անկախության համար. Արման Աբովյանը հարցմամբ դիմել է ԱԳՆ

Հայերի և ադրբեջանցիների միասնական բնակավայրերի վերաբերյալ ծրագրերը դանդաղեցված ռումբ են Արցախի ինքնիշխանության և լիարժեք անկախության համար. Արման Աբովյանը հարցմամբ դիմել է ԱԳՆ

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆոյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով նշում է, որ հարցում է ուղարկել ԱԳՆ՝ հասկանալու համար Ժնևում կայացած բանակցությունների ընթացքում քննարկված թեմաների բովանդակությունն ու եզրահանգումները: Նա մասնավորապես նշել է՝ թող Ադրբեջանը անվերապահորեն ընդունի Արցախի Հանրապետության լիարժեք անկախությունը և նոր դրանից հետո ինչ ուզում է, թող քննարկի Արցախի իշխանությունների հետ։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Քանի որ բոլորը զբաղված են նոր քաղաքական տրենդով, այսինքն` «ուշագնաց» քննարկում են ակնկալվող հանրաքվեի արդյունքները, եկեք չմոռանանք, թե «ինչու եք հավաքվել»։ Խոսքը վերջին բանակցային զարգացումների մասին է` ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ։

Եթե վերլուծենք ԱԳՆ հայտարարությունը` Ժնևում կայացած բանակցությունների մասին, ապա, սակավ տեղեկության պարագայում, ես ուշադրություն կդարձնեի մի շատ կարևոր դրույթի վրա, խոսքը «հումանիտար ասպեկտի» մասին է, որի մասին շատ հպանցիկ ասաց մեր ԱԳՆ-ն։

Կներեք, իսկ հստակ ինչ է ենթադրում «հումանիտար» քայլերի տրամաբանությունը, եթե դա նշանակում է ինչ-որ տարգետային խմբերի փոխայցելության ծրագրեր, ապա դա ինչ-որ տեղ հասկանալի է (չնայած ես չեմ հավատում այսպիսի ֆորմատի արդյունավետությանը` մի շարք օբյեկտիվ հանգամանքների պատճառով), բայց եթե օրինակ քննարկվում են տարբերակներ հայերի և ադրբեջանցիների միասնական բնակավայրերի ինչ-որ ծրագրեր, ապա կրկին վերհաստատեմ իմ դիրքորոշումը առ այն, որ դա չափազանց վատ և վտանգավոր միտք է, քանզի այս տիպի նախագծերը անպայման ունենալու են շատ ծանր հետևանքներ ղարաբաղյան հիմնախնդրի գլոբալ փիլիսոփայության համար։ Կրկնեմ` յուրաքանչյուր այս կարգի ծրագիր դանդաղեցված ռումբ է Արցախի Հանրապետության ինքնիշխանության և լիարժեք անկախության համար։ Խնդրեմ, թող Ադրբեջանը անվերապահորեն ընդունի Արցախի Հանրապետության լիարժեք անկախությունը և նոր դրանից հետո ինչ ուզում է թող քննարկի Արցախի իշխանությունների հետ։

Սակայն հարկ եմ համարում ընդգծել, որ այս տիպի ասեկոսեները շրջանառվում են մամուլում և, ըստ էության, մենք չունենք հստակ փաստեր, որ նմանատիպ քննարկումներն ընթանում հայկական ԱԳՆ-ի կողմից։ Զերծ մնալով տարատեսակ դավադրության տեսություններից`ուղարկում եմ հարցում ԱԳՆ, որ ի վերջո գոնե հասկանանք, թե ուր ենք մենք շարժվում»: