Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր երիտասարդներ` 5-6-հոգանոց խմբերով, կբարձրանան հասարակական տրանսպորտ, կերգեն ժողովրդական մի քանի երգեր, իսկ վարորդներին կնվիրեն հայ ազգային երգերի ձայնասկավառակ: Նախաձեռնությանը կմիանան «Խազեր» երգչախումբը, «Մենք» ազգային երգի ու պարի խումբը, «Քարահունջ» ֆոլկ-խումբը, «Կանաչ ջոկատ» բնապահպանական խումբը, Նախախորհրդարանի ներկայացուցիչներ:
Yerkir.am-ի հետ զրույցում «Մենք» ավանդական երգ ու պարի համույթի ղեկավար, մտահղացման հեղինակներից Ստեփան Թորոյանը նշեց, որ նման միտք ծագում է գրեթե ամեն անգամ, երբ նստում ես երթուղային և անճաշակ երաժշտություն լսում, որը գուցե ոմանք կարող են հանդուրժել, բայց կան մարդիկ, ովքեր տուժում են դրանից:
«Նոր սերունդը, մանուկները դրա միջոցով ինֆորմացիա են ստանում և վատ ինֆորմացիա, ինֆորմացիա, որը պետք չէ նրանց: Մենք էլ որոշեցինք, որ կարելի է ինչ-որ բան շտկել: Տրանսպորտն այն միջավայրն է, որտեղ մարդն օրական գոնե 30 րոպե երաժշտություն է լսում, և կարծում եմ, որ օգտակար կլինի, եթե նա այդ ընթացքում լսի մերը, ազգայինը»,- ասում է Թորոյանը:
Ի դեպ, հոկտեմբերի 8-ին` Կոմիտասի ծննդյան օրը, նմանատիպ ակցիա էր նախաձեռնվել` երիտասարդները Կոմիտասի ստեղծագործությունների ձայնասկավառակն էին նվիրել վարորդներին: Թորոյանի հավաստմամբ` շատ մարդիկ էին ոգևորվել դրանից, հատկապես` մեծերը, ովքեր նշում էին, որ երիտասարդները, փաստորեն, միայն չեն բողոքում, նաև քայլեր են անում:
«Կարծում եմ` ամեն քայլից հետո չպետք է ուշի-ուշով հետևենք, թե ինչ արձագանք եղավ, քանի որ արդյունքը կտեսնենք ընթացքում: Ի դեպ, վարորդների արձագանքը տարբեր է եղել, մեծ մասամբ լավ են ընդունել, անգամ` տեղում միացրել են ձայնասկավառակը, միայն մեկը չի ընդունել: Կարծում եմ` մարդն ուղղակի չուզեցավ նոր բան ընդունել, այնքան է թաղված իր հոգսերի մեջ, որ չէր ուզում կենցաղում ինչ-որ բան փոխվի»,- ասաց Թորոյանը:
Ըստ նրա` այն, որ մենք հեռացել ենք մեր արմատական մշակույթից, նաև քաղաքական դրդապատճառներ ունի: Թորոյանի կարծիքով` հասարակությանն ազգայինից հեռացնելը խորհրդային տարիներին արվող հատուկ քայլ էր, իսկ անկախության տարիներին մենք հնարավորություն ունեինք վերագտնելու մեզ, բայց առաջին մի քանի տարիների ընթացքում պատերազմի մեջ էինք, հետո պատերազմի հետևանքներն էինք «մարսում», այնուհետև` ճգնաժամ, իսկ հիմա ճիշտ ժամանակն է` բացթողումները շտկելու:
«Չեմ կարծում, որ ազգայինը պահանջարկ չունի, քանի որ, սովորաբար, եթե մարդուն չի մատուցվում ամբողջ ինֆորմացիան, նրա պահանջարկն այնքան էլ գիտակցված չի լինում: Երբ ամբողջ օրը սերիալներ, վատ երաժշտություն մատուցես, պարզ է, որ մարդկանց մոտ պետք է դրա պահանջարկն ավելանա, իսկ երբ փորձես նրան որակյալն ու անաղարտն առաջարկել, գուցե սկզբից որոշ տհաճություն պատճառի և չուզենա լսել, բայց հետո ականջն ու աչքը կսովորի»,- ասում է Թորոյանը:
Ի դեպ, երիտասարդների ակցիան շարունակական բնույթ է կրելու, և նրանց թիրախը միայն հասարակական տրանսպորտը չի լինելու: Թորոյանը տեղեկացրեց, որ նախատեսում են նմանատիպ ակցիա կազմակերպել նաև մանկատներում, իսկ ծննդատներում` օրորոցայիններ բաժանել: