կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-22 19:45
Քաղաքական

Ոչ ոք նախագահին չի կարող փոխել. Հովիկ Աբրահամյան

Ոչ ոք նախագահին չի կարող փոխել. Հովիկ Աբրահամյան

 

Այսօր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ մի քանի ներքաղաքական հարցերի: Մասնավորապես` այն հարցին, թե ո՞վ է նշանակվելու փոխվարչապետ` պաշտոնից հրաժարական տված Արմեն Գևորգյանի փոխարեն, վարչապետը պատասխանեց. «Անկեղծ ասեմ` ոչ մեկի հետ ոչ մի հարց չենք քննարկել»:

 

Հարցին, թե կարծիք կա, որ ՀՅԴ-ի հետ կոալիցիա պետք է կազմվի  և փոխվարչապետի պաշտոնը նրանց  համար է նախատեսված, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, որ առաջին անգամ է լսում նման բան:


Լրագողի դիտարկմանը, թե Գագիկ Ծառուկյանը հայտարարել է նախագահ դառնելու մասին, արդյո՞ք կցանկանա, որ իր խնամին նախագահ դառնա, Աբրահամյանն արձագանքեց. «Մեր խնամիների հետ ի՞նչ գործ ունեք դուք: Նախ` կոռեկտ չէ հիմա նախագահի մասին խոսել, խորհուրդ եմ տալիս չխոսել այդ մասին, քանի որ նախագահը դեռ չորս տարի ունի` աշխատելու, և ով որ հիմա այդ մասին խոսում է, դա  ժամանակավրեպ է և կոռեկտ չէ»:

 

Երբ դիտարկում հնչեց, թե ընդդիմությունն առաջ է քաշում կառավարման մոդելի ճգնաժամի վերաբերյալ նախագիծ, Հովիկ Աբրահամյանը զարմացավ. «Դուք տեսնո՞ւմ եք կառավարման ճգնաժամ, տեսնո՞ւմ եք որևէ մի հարց, որ մենք չենք կարողանում կառավարենք: Մենք շատ լավ կառավարում ենք, դեռ մի բան էլ մենք փորձում ենք մեր պոտենցիալը 100 %- ով օգտագործել: Մենք առաջիկայում կառավարելու ենք արդյունավետ և հաջորդ տարվա բյուջեն ներկայացնելու ենք ԱԺ: Բոլոր այն ծրագրերը, որը մենք ներկայացրել ենք և Ազգային ժողովի հավանությանը կարժանանան, կիրականանցնենք 2015 թվականին»:

 

Ինչ վերաբերում է եռյակի առաջիկա հանրահավաքին, վարչապետը կարծիք հայտնեց, որ չկան իշխանափոխության հիմքեր, և որ բոլոր երկրներում էլ ընդդիմությունը հանրահավաքներ է կազմակերպում, և դա նորմալ է:


«Իշխանափոպխության հիմքեր չեմ տեսնում: Որ ասացիք` կառավարման ճգնաժամ, ես կառավարման ճգնաժամ չեմ տեսնում, ավելին` կառավարությունը ակտիվ աշխատում է»,- ասաց նա:


Դիտարկմանը, որ եռյակնը իր հրաժարականը չի պահանջում, այլ նախագահի, Հովիկ  Աբրահամյանն արձագանքեց. «Ոչ ոք նախագահին չի կարող փոխել»: