Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կառավարության ընդունելությունների տանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ, իր աշխատանքներն է սկսել «Տնտեսական օրակարգ» խորագրով համաժողովը:
Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Հովիկ Աբրահամյանը նշել է. «Վերջին շրջանում կառավարության գործունեության և, ընդհանրապես, երկրում իրականացվող տնտեսական քաղաքականության հանդեպ նկատվում է երկու միտում՝
առաջին՝ հոռետեսություն, հուսահատություն, բացասական տրամադրությունների ստեղծում և տարածում,
երկրորդ՝ բոլոր խնդիրներն արտաքին տնտեսական կոնյունկտուրայի, նավթի գների և այլ` մեզանից չկախված հանգամանքների վրա բարդելու միտումը:
Ինձ համար երկու մոտեցումներն էլ հավասարաչափ անընդունելի են: Անդադար նվնվոցով և հոռետեսությամբ աշխարհում դեռ ոչ մի տնտեսություն չի վերականգնվել, և Հայաստանը բացառություն չի կարող լինել: Այն մարդկանց հետ, որոնք աշխատասենյակներում, մամուլի էջերում և սրճարաններում առավոտից երեկո զբաղված են դրանով, ես և կառավարությունն իսկապես չենք կարող ճանապարհ անցնել և չունենք աշխատանքի ընդհանուր դաշտ:
Մյուս կողմից` ինձ համար անընդունելի է նաև բոլոր խնդիրներն ու պրոբլեմներն ուրիշների վրա բարդելու, մեր չարածը, մեր բացթողումները միջազգային միտումներով արդարացնելու գործելաոճը: Տարածաշրջանային զարգացումները, նավթի և հումքային ապրանքների միջազգային շուկայի անկայունությունը և բազմաթիվ այլ գործոններ օբյեկտիվ հանգամանքներ են, բայց ոչ երբեք արդարացման միջոցներ:
Հայաստանը կարիք ունի բոլոր շահագրգիռ ու առողջ ուժերի համատեղ ջանքերի ու աշխատանքի: Ես ամենայն լրջությամբ և հարգանքով եմ վերաբերվում ցանկացած, անգամ շատ սուր քննադատության, որը կլինի հիմնավորված ու փաստարկված: Ես պատրաստ եմ անձամբ հանդիպել նման քննադատության հեղինակներին, միասին կետ առ կետ քննարկելու ասվածը, և ինչու չէ՝ դրանց հիման վրա մեր ծրագրերում ուղղումներ և շտկումներ մտցնել:
Ինչպես ցույց տվեցին վերջին զարգացումները, խիստ կարևոր է պետության քաղաքականության, պետական ինստիտուտների նկատմամբ հանրային վստահությունը: Եվ ես չգիտեմ հանրային վստահության հասնելու առավել լավ մեթոդ, քան երկխոսությունն է: Առճակատումներով և առավելագույն պահանջներով, որքանով էլ ցանկալի լինի նպատակը, վստահության պաշար ձեռք չես բերի: Այստեղ հավաքված են մասնագետներ, որոնք քաջատեղյակ են երկրում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակից, համապատասխան ոլորտներում կայացած են իրենց փորձառությամբ և գիտելիքների պաշարով, գիտական և հասարակական հանրության շրջանում տիրապետում են վստահության լուրջ պաշարի:
Ես կողմնակից եմ մտածված ու հետևողական աշխատանքի: Իրավիճակը շտկելու, տնտեսությունը զարգացնելու, առաջ գնալու ուրիշ ելք ուղղակի չեմ պատկերացնում: Նրանց, ովքեր կիսում են այս մոտեցումը և ունեն թեկուզ մեկ նախագծի վրա, մեկ ծրագրի սահմաններում, աշխատելու ցանկություն, անկախ քաղաքական հայացքներից, ես համարում եմ իմ համախոհները:
Մեր խնդիրն է փոխադարձ վստահության ձևավորման ճանապարհով ներուժը դարձնել անպարտելի ուժ` բարեկեցիկ և կայուն զարգացող երկիր կառուցելու անխախտ պատրաստակամությամբ: Այժմ մենք հենց այդ ուղին ենք բռնել այս պահին հասարակությանն ամենաշատ հուզող էլեկտրաէներգիայի ոլորտում: Այստեղ խնդիրները շատ են, իսկ լուծումները՝ ոչ պարզունակ: Վերջին տարիների ընթացքում այս ոլորտն աստիճանաբար նահանջել է, և այսօր արդեն էլեկտրաէներգետիկական ոլորտի խոշոր պետական ընկերությունները, ինչպես նաև մասնավոր սեփականություն հանդիսացող ՀԷՑ-ը կուտակել են մեծ չափով պարտքեր, և նման վիճակի շարունակությունը կարող էր բերել համակարգի համար անդառնալի հետևանքների:
Կարծում եմ՝ գիտեք արդեն, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից 2015 թ. օգոստոսի 1-ից սահմանվել են սպառողների վաճառվող էլեկտրաէներգիայի նոր սակագներ, որը, բնականաբար, չէր կարող բողոքի ալիք չբարձրացնել մեր հասարակության մի հատվածի մոտ:
Սա մեր կարևորագույն խնդիրներից է, և մենք ամեն ինչ պետք է անենք այս ոլորտը ֆինանսապես առողջացնելու և դրա համար հանրության աջակցությունն ունենալու համար»: