Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, շարունակվեց դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանի և դեպարտամենտի ստորաբաժանումների 12 աշխատակիցների գործով հերթական դատական նիստը: Նշենք, որ նրանք մեղադրվում են առանձնապես խոշոր չափերի պետական միջոցները յուրացնելու մեջ:
Այսօր դատարանում իր նախաքննական ցուցմունքներից հրաժարվեց դատական դեպարտամենտի աշխատակիցների գործից անջատված մասով որպես մեղադրյալ անցնող Հայկ Մարգարյանը: Նա հայտնեց նաև, որ հրաժարվում է ցուցմունք տալ և հարցերին պատասխանել: Նշենք որ Մարգարյանը Կոտայքի մարզի դատական կարգադրիչների ծառայության ղեկավարն էր:
Այսօրվա նիստում ցուցմունք տվեց դատակոչված վկաներից Արմեն Մանուկյանը: Նրան դատարան էին հրավիրել կնոջ` Վիկտորյա Կարապետյանի` դեպարտամենտում աշխատանքի անցնելու մանրամասները ներկայացնելու համար: Նշենք, որ Վիկտորյա Կարապետյանը նախորդ դատական նիստում ցուցմունք էր տվել, որ իր ծանոթներից մեկն է միջնորդել, որ աշխատանքի ընդունվի: Նախաքննության ընթացքում նա հայտնել էր, որ տեղեկացել է, որ աշխատանքի անցնելու համար «մաղարիչ» են անում, և քանի որ գումար չի ունեցել, դեպարտամենտի ղեկավարին է տվել 400 դոլար արժողության` ամուսնու նվիրած` Նիկոլայ ցարի պատկերով ոսկե մետաղադրամը և «Նապոլեոն» տեսակի կոնյակ:
Վիկտորյայի ամուսինն այսօր հայտնեց, որ կնոջն աշխատանքի տեղավորելու հարցով դիմել է ամբաստանյալ Աշոտ Գասպարյանին (դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության անձնակազմի կառավարման բաժնի նախկին պետ), վերջինս էլ` Միսակ Մարտիրոսյանին: Ըստ նրա` կինը սկզբում եղել է ժամանակավոր պաշտոնակատար, հետո հրամանագրված աշխատանքի է անցել վարչական վերաքննիչ դատարանում:
Ըստ վկայի` աշխատանքի ընդունվելուց 2-3 տարի հետո է կինը մետաղադրամը նվիրել Մարտիրոսյանին, այն էլ` ծննդյան օրվա կապակցությամբ: Ըստ նրա` նվերն այլ նպատակ չի հետապնդել: «Դրանից երեք տարի առաջ էր նշանակվել, ինչպե՞ս կարող է դա մաղարիչ կոչվել»,- ասաց վկան: Նշենք, որ նրա կինն էլ էր դատարանում հայտնել, որ մետաղադրամները նվեր են եղել, ոչ թե մաղարիչ:
Զավեշտալի էր, սակայն վկան դատարանում խոստովանեց, որ նախորդ դատական նիստում` կնոջ հարցաքննությանը, ներկա է եղել: Նշենք, որ, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 340-րդ հոդվածի, վկաները հարցաքննվում են միմյանցից անջատ և դեռևս չհարցաքննված վկաների բացակայությամբ: Վկայի խոստովանությունից հետո նախագահող դատավորը հարցրեց` արդյո՞ք կան էլի վկաներ, ովքեր դրսում չեն սպասում, չէ՞, որ նախապես հայտարարվել էր, որ նրանք պետք է դրսում սպասեն: Պարզվեց, որ դատավարության կարգը խախտել էր նաև գործով ամբաստանյալ Նարեկ Գասպարյանի հայրը` վկա Աշոտ Գասպարյանը: Նա դուրս հրավիրվեց դահլիճից և Մանուկյանի ցուցմունքից հետո նոր հրավիրվեց:
Գասպարյանը դատարանում փաստեց, որ ինքն է Վիկտորյայի համար միջնորդել իր ընկերոջը` Միսակին: Դատախազի հարցին` արդյո՞ք աշխատանքի անցնելու դիմաց Միսակն ինչ-որ բան ակնարկել է, Գասպարյանը պատասխանեց. «Մեր ընկերության մեջ տենց բան չկա, որ ինչ-որ բան ակնարկեր, ասեր` մի շիշ կոնյակ բերեք»:
Այսօրվա նիստում ցուցմունք տվեցին նաև աշխատանքի ընդունված, բայց երբևէ համազգեստ չկրած, աշխատավարձ չստացած և աշխատանքի չգնացած «դատական կարգադրիչներ»: Մասնավորապես` վկա Կիմ Տերտերյանը հայտնեց, որ 2011-12թթ. գործով ամբաստանյալ Բագրատ Արիկյանցին (Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման նախկին պետ) խնդրել է իրեն աշխատանքի տեղավորել, և խնդրանքը բավարարվել է: «Աշխատանքի անցա Մասիվի դատարանում (խմբ. նկատի ունի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ԸԻԴ-ը), մի երկու-երեք օր գնացի, զգացի` իմը չի, դուրս եկա»,- ասաց նա և հավելեց, որ դրանից հետո հեռացել է երկրից: Վկան հայտնեց, որ ինքը աշխատանքի ընդունվելիս ինչ-որ թղթեր է ստորագրել: Իսկ Արիկյանցի ձերբակալման մասին տեղեկացել է «Ֆեյսբուք»-ից:
Վկա Ալբերտ Այնաճյանն էլ հայտնեց, որ իմացել է, որ դատական կարգադրիչի աշխատանք կա և գնացել է «լամպերի գործարանի մոտի օֆիս» (նկատի ունի Թբիլիսյան խճուղու մոտ գտնվող վարչական վերաքննիչ դատարանը), սակայն, տեղեկանալով, որ կարգադրիչների աշխատավարձը 60 հազար դրամ է, հրաժարվել է: Նա նույնպես նշեց, որ ինչ-որ թղթեր է ստորագրել: Համաձայն հիշյալ վկայի նախաքննական ցուցմունքի` աշխատանքի «անցնելուց» ամիսներ անց իրեն է զանգահարել Մասիվի դատարանի կարգադրիչների ծառայության պետը և ասել, որ նա իրենց աշխատողն է, այնուհետև առաջարկել է հանդիպել: «Հանդիպեցինք ինձ բանկային քարտ հանձնեց, ասաց, որ մի քանի օր գամ դատարան, որ ինձ դեմքով ճանաչեն, հետո ասաց, որ ստուգեմ քարտը, տեսնեմ` ինչ կա մեջը: Դրանից ես իմացա, որ նրանց մոտ եմ աշխատում»,- նախաքննական ցուցմունքում հայտնել էր վկան: Ի դեպ, դատարանում Այնաճյանն ասաց, որ չի հիշում, թե ով է իրեն զանգահարել և բանկային քարտ տվել:
Նշենք, որ այս գործում ներգրավված է 99 վկա:
Այսօրվա դատական նիստում ամբաստանյալ Անգին Ղուկասյանը հայտարարեց, որ հրաժարվում է իր պաշտպանից` Արմեն Սերոյանից, պատճառաբանելով, որ այս փուլում նրա անհրաժեշտությունը չկա:
Նշենք, որ, ըստ մեղադրանքի, Անգին Ղուկասյանը եւ ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Միսակ Մարտիրոսյանը 2010 թվականի հուլիս և նոյեմբեր ամիսներին Արմեն Պետրոսյանին և Միքայել Ստեփանյանին ՀՀ դատական դեպարտամենտում աշխատանքի ընդունելու համար ստացել են խոշոր չափերի կաշառք:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 20-ին: