Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հոկտեմբերի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը հանձնակատարին ներկայացրել է ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ուղղության իրականացվող բարեփոխումները, անդրադարձ կատարել միջազգային կազմակերպությունների օժանդակությամբ իրականացվող թրեյնինգային և իրազեկվածության բարձրացման ծրագրերին, որոնք ընդգրկում են լայն շրջանակ` սկսած նախազորակոչային տարիքի երիտասարդներից, վերջացրած զորամասերի ԱՀՏԱ գծով տեղակալներով և ռազմական ոստիկաններով:
Հաշվի առնելով Մարդու իրավունքների հանձնակատարի` Հայաստան այցի թեմատիկ ուղղվածությունը` ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է նաև զինված ուժերում կանանց և տղամարդկանց իրավահավասարության, զինծառայող կանանց իրավունքների երաշխավորման, իգական սեռի կուրսանտների թվի ավելացման և այդ ուղղությամբ կատարվող այլ աշխատանքները, անդրադարձել ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ այդ ոլորտում իրականացվող արդյունավետ համագործակցությանը: ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է նաև ՀՀ քննչական կոմիտեի ստեղծմամբ ՊՆ համակարգից քննչական ծառայության դուրսբերման փաստը, այն համարելով անհարկի շահարկումներին վերջ տալու ուղղությամբ անհրաժեշտ քայլ:
ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարն իր հերթին նշել է, որ բարձր է գնահատում ներկայացված ոլորտներում իրականացվող բարեփոխումները, ինչպես նաև գոհունակություն է հայտնել իր նախորդ այցից հետո այլընտրանքային ծառայության կազմակերպման հարցում գրանցված առաջընթացի կապակցությամբ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանում Մարդու իրավունքների խախտման հարցերին:
Նախարարը մանրամասներ է ներկայացրել Հակոբ Ինջիղուլյանի դեպքի վերաբերյալ և նշել, որ Ինջիղուլյանի նկատմամբ կատարված գործողությունները փաստում են, որ ադրբեջանական իշխանությունները հատուկ քաղաքականություն են մշակել գերեվարված զինծառայողներին հոգեբանական ճնշումների, խոշտանգումների և մահվան սպառնալիքի միջոցով ուղղորդել դեպի երրորդ երկիր:
Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարարը առաջարկել է դիտարկել Մարդու իրավունքների հարցերով ՀՀ-ում ԵԽ գրասենյակի հետ երկկողմ ձևաչափով համագործակցության զարգացման հնարավորության հարցը: