կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-25 15:39
Քաղաքական

Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների Գերագույն հանձնակատար Միշել Բաչելետի հետ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների Գերագույն հանձնակատար Միշել Բաչելետի հետ

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 24-ին Ժնևում  հանդիպեց ՄԱԿ Մարդու իրավունքների Գերագույն հանձնակատար Միշել Բաչելետին:

ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից հայտնեցին, որ կողմերը գոհունակությամբ ընդգծեցին Հայաստանի և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակի միջև առկա սերտ համագործակցությունը, ուղենշեցին այն առավել ընդլայնելու ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: Զրուցակիցները նշեցին, որ մարդու իրավունքները համընդհանուր են, և դրանց պաշտպանության շուրջ համագործակցությունն էլ պետք է համընդհանուր լինի՝ առանց որևէ բացառության:

Ներկայացնելով Հայաստանում ընթացող բարեփոխումները և դրանց շրջանակներում արձանագրված ձեռքբերումները՝ նախարար Մնացականյանը որպես կառավարության գերակայություն ընդգծեց դատական համակարգի բարեփոխումը՝ ուղղված վերջինիս անկախության և անկողմնակալության ապահովմանը և դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը: Հայաստանի ԱԳ նախարարը բարձր գնահատեց այս գործընթացում միջազգային և տարածաշրջանայի գործընկերների աջակցության համակարգումը և վերջիններիս փորձագիտության արդյունավետ օգտագործումը։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և Մարդու իրավունքների հանձնակատարը կարևորեցին ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման օրակարգի առաջմղման ուղղությամբ միջազգային հանրության կողմից ձեռնարկվող քայլերը։ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը նշեց, որ կանխարգելման օրակարգն ավելի քան քսան տարի հանդիսանում է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունը, և այս հարցում վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը։

Անդրադառնալով կանանց իրավունքների պաշտպանության հարցերին՝ նախարար Մնացականյանը հայտնեց, որ ՀՀ կառավարությունն արդեն իսկ հավանության է արժանացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» խորագրով 1325 բանաձևի իրականացման Ազգային գործողությունների առաջին ծրագիրը: