կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-03 17:25
Առանց Կատեգորիա

Քանի՞ տարի «դրած» հայհոյում եք այս երկրին ու ժողովրդին

Քանի՞ տարի «դրած» հայհոյում եք այս երկրին ու ժողովրդին

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Վահրամ Բաղդասարյանը ընդդիմադիրներից մեկի կողմից հանրահավաքներից մեկի ժամանակ իշխանություններին հայհոյելու փաստից ծայրահեղ վրդովված է և իր ցասումն է արտահայտում «երկրի առաջին դեմքերին» (առաջին հերթին՝ բնականաբար) հայհոյելու կապակցությամբ:

 

Վ. Բաղդասարյանին, անշուշտ, ամենևին չի հուզում հարցը, թե ինչու՛ է այնքան լցվել մարդկանց համբերության բաժակը, որ իրեն թույլ են տալիս հայհոյել, այն էլ՝ հրապարակավ: Արամ Մանուկյանը, անշուշտ, ո՛չ Շմայս է, ո՛չ Բուռնաշ, ո՛չ էլ գեներալ Մանվել, բայց երբ նա է արդեն սկսել հայհոյել, ուրեմն գուցե արժե՞ ականջ կախել այդ հայհոյանքին. չէ՞ որ երբ հայհոյել է սկսում ինտելեկտի ու կրթվածության որոշակի մակարդակ ունեցող պատգամավորը, ուրեմն մի բան, մի շատ կարևոր բան այլևս իր տեղում չէ:

 

Այդ շատ կարևոր բանը, Վ. Բաղդասարյանի և նրա նման հավատավոր ՀՀԿ-ականների կարծիքով, իբր իշխանությունն է, մանավանդ` «առաջին դեմքերը», բայց գոնե տնտեսագիտության դոկտորը պիտի հասկանար, որ Ա. Մանուկյանի և նրա նման տասնյակհազարավորների հայհոյանքն ուղղված է այս իշխանությունների վարած այնպիսի քաղաքականությանը, որի «արդյունքում» մարդիկ փախչում են երկրից այնպես, ինչպես ՀՀԿ-ականները` ահավասիկ, ընդդիմության հայհոյանքից:

 

Տնտեսագիտության դոկտորը, որ հուզիչ կերպով նրբազգաց է իր կուսակիցների հասցեին հնչող հայհոյանքների նկատմամբ, դժվար թե չգիտի կամ չի տեսնում, որ իշխանություններին և նրա «առաջին դեմքերին» հայհոյում են առաջին հերթին իր երկրի քաղաքացիները և հայհոյում են՝ լքելով այն. իշխանություններին «հայհոյում» են խորացող աղքատությունն ու անտերունչի այն թշվառ վիճակը, որ ապրում է այս երկրի յուրաքանչյուր գործազուրկ քաղաքացի:

 

Այո, այդ նրա՛նք են հայհոյում, իսկ Արամ Մանուկյանն ընդամենն այդ հայհոյանքը հնչեցնում է:

 

«Ի՞նչ է, մտածում եք` մեր ուժը չէ՞ր հերիքում, որ հարթակից երկրի առաջին դեմքերին հայհոյող, ալկոհոլ օգտագործած մարդկանց և՛ անձնապես հայհոյենք, և՛ խոսափողով հայհոյենք, բայց մենք չենք իջնի այդ մակարդակին»,- ԱԺ ավանդական ճեպազրույցում հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության կրթյալ ղեկավարը:

 

Հանգստացնենք պարոնին. ոչ ոք, այս երկրի նույնիսկ մանկահասակ քաղաքացին որևէ կասկած չունի ձեր` հայհոյելու ունակության վերաբերմամբ, այդ ոլորտում դուք ուղղակի նմանը չունեք «տարածաշրջանում», դուք ավելի քան մեկուկես տասնամյակ «դրած» հայհոյում եք այս երկրին ու ժողովրդին այնպես բիրտ ու անկիրթ:

 

Բ. Գասպարյան