կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-17 14:31
Մշակույթ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 3 տարի առաջ Փաշինյանի հայրն ասաց՝ Նիկո՛լ, նայիր՝ մորդ գերեզմանը հայհոյել չտաս․․․, այսօր ամբողջ ազգն է հայհոյում․ դրամատուրգ

Նիկոլ Փաշինյանը վաղ, թե ուշ պիտի հեռանա և որքան շուտ, նամուսով, շնորքով, այնքան իր համար լավ. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց դրամատուրգ, դերասանուհի Լիանա Անթառանյանը։

«Փաշինյանը պիտի պատասխան տա այս ամենի համար, թե ինչու այսպես ստացվեց, ինչու 30 տարվա շեն պետությունը 45 օրվա մեջ այսպես կործանեց։ Նայում եմ իմ ժողովրդին ու խղճում»,- ասաց դրամատուրգն ու կոչով դիմեց մտավորականությանը՝ չհամակերպվել ու դուրս գալ պայքարի։

Նա նաև հիշեցրեց, որ 1915 թվականին էլ էր մտավորականությունը լուռ, և պատմությունից գիտենք, թե դա ինչ ավարտ ունեցավ: «Երբ տեղի էր ունենում Հայոց  ցեղասպանությունը, մտավորականությունը փախավ Ստամբուլ՝ իր էժան, բոհեմական կյանքը, սիգարով կիսաքաղցր թեյը վայելելու։ Նոր անցնում էի, ու այդ «վայելողներին» տեսա սրճարաններում։ Ե՞վ, ի՞նչ կատարվեց այդ ժամանակ, ժողովրդին կոտորելուց հետո եկան իրենց հետևից ու բոլորին պատի տակ, արդեն գիտեք, ինչ արեցին։ Վաղը, եթե այսպես շարունակվի, ձեր հետևից էլ են գալու»,- նշեց դրամատուրգը։

Ի դեպ, Լիանա Անթառանյանը ևս Արցախի կորստով մտահոգ հարյուրավոր հայրենակիցների հետ միացել էր ընդդիմության նախաձեռնած՝ հայրենիքի փրկության հանրահավաքին։

Մեր հարցին՝ ինչո՞ւ եք բեմահարթակը փոխարինել մարդաշատ ցույցերով, նա պատասխանեց. «Արդեն 3 տարի է՝ թատերական բեմահարթակը թողել եմ, որովհետեւ մեր փոխարեն թատերաբեմը տեղափոխվել է Ազգայի ժողով, կառավարություն, ու մեզ հրամցնում են էժանագին շոուներ․․․ Ամաչում եմ։ Ամոթն է ինձ բերել այստեղ, որ մի ողջ ազգի պարանոց ծռվեց՝ Սփյուռքից մինչև Հայաստան»։

Անթառանյանի համոզմամբ՝ 3 տարի առաջ այս կառավարությունը իշխանության եկավ Արցախը հանձնելու ծրագրով: «Արցախը հանձնված է, Արցախն ընկած է, սիրելինե՛րս, առաքելությունն ավարտված է։ Վերջ պետք է լինի՞ այս խայտառակությանը։ Սիրելի՛ մտավորականներ, ազգն առանց հովիվ է մնացել, դուրս եկեք, ձեր խոսքն ասեք, վաղը կանգնելու եք, ասեք՝ խայտառակություն էր, հազիվ պրծանք։ Դուրս եկեք, փրկեք ձեր ժողովրդին, մեղք է ժողովուրդը։ Մենք խայտառակված ենք, թուրք ծիծաղում է մեզ վրա։ Սփյուռքում մեր հայրենակիցներն ամաչում են դուրս գալ, իսկ այստեղ մեզ հաթաթա են տալիս արյունահեղությամբ, շոուներով։ Մեղք է այս ժողովուրդը, վաղը ձեզ չի ներելու, էս ի՞նչ եք անում»,- ասաց նա։

Դրամատուրգը հայտնեց, որ այս օրերի մասին նոր գործ է գրում. «Նոր գործ, որը նորագույն խայտառակության մասին է լինելու»: Ապա դիմելով մտավորականներին՝ ասաց. «Ամեն երեկո մտածում եմ՝ այն ձոները, որ մեր գրողները, հրապարակախոսները, երաժիշտները հյուսում էին Արցախի մասին, այսօր արդեն չկա Արցախը, դուք ո՞նց եք պառկում քնելու, ինչո՞ւ դուրս չեք գալիս փողոց՝ պայքարելու։ Ձեր այդ 30 տարվա ձոները ի չիք են, ջուրը գցեք, դրանք էլ ոչ մեկին պետք չենք։ Դուրս եկեք, ըմբոստացեք, բացեք ձեր վարագույրները, որովհետեւ սա թատերաբեմ չէ, կուլիս չէ, հերիք է կուլիսներում ծվարեք»։

Ըստ մեր զրուցակցի՝ այսօր նաև Հայաստանը կորցնելու վտանգի առջև ենք, քանի որ դա վաղուց պլանավորած ծրագիր էր: «Մտավախություն ունեմ, որ կորցնելու ենք Հայաստանն ամբողջությամբ։ Մեր երկրում ռուսական հարաբերությունների վատթարացումը ձեզ թվում է հենց այնպե՞ս էր։ Օր առաջ Սահմանադրական դատարանի վերացումը հենց այնպե՞ս էր, հայ բառը «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաներից ընդհանրապես վերացնելը հենց այնպե՞ս էր։ Այս 3 տարիների ընթացքում ոչ մի քայլ հենց այնպես չի կատարվել»,- նշեց նա։

Զրույցի ընթացքում դրամատուրգը բոլորի հիշողությունը թարմացնող մի  փաստ հիշեցրեց. «3 տարի առաջ Փաշինյանի հայրն ասաց՝ Նիկո՛լ, նայիր՝ մորդ գերեզմանը հայհոյել չտաս․․․ Այսօր ամբողջ ազգն է հայհոյում, հա՛յր, դուրս արի, քո որդուն խոսք ասա։ Լավ, մինչև ե՞րբ եք նկուղներում փախած լինելու։ Չէ՞ որ գոյություն ունի ազգային նեմեսիս, նա ձեր հետևից գալու է ուրվականի պես։ Հերիք է, մեղք է այս ժողովուրդը, նրան զրկեցիք հայրենիքից, Արցախից։ Դուք մեզ ամեն ինչից զրկեցիք։ Այդքան զոհեր, այդքան սևազգեստ մայրեր, ամաչում ենք, որ այսպիսի կառավարություն ունենք, ազատե՛ք մեզ ձեր ներկայությունից, խնդրում եմ»։

Զրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում:

Զրուցեց Լիլիթ Եղիազարյանը