կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-23 18:30
Տնտեսական

Մեր ընդերքից հանված որևէ արդյունք առավելագույնս պետք է ծառայի մեր երկրին, պետությանն ու ժողովրդին. տնտեսագետ

Մեր ընդերքից հանված որևէ արդյունք առավելագույնս պետք է ծառայի մեր երկրին, պետությանն ու ժողովրդին. տնտեսագետ

2018 թ. առաջին 6 ամսվա կտրվածքով արտահանումը կրճատվել է 0.5 տոկոսով: Այս տարվա առաջին 7 ամիսների կտրվածքով 3 տոկոս աճ է գրանցվել, սակայն տեմպը մնում է ցածր, որովհետև նախորդ 2-3 տարիներին ավելի բարձր արտահանման աճ ենք ունեցել. օրինակ՝ անցյալ տարվա 20-25 տոկոսի դիմաց՝ 3 տոկոս. այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը:

Անդրադառնալով պետության կողմից հարկ վճարողների պարտքերը վերադարձնելու՝ ՊԵԿ ղեկավարի հայտարարությանը՝ տնտեսագետը նշեց. «Անշուշտ, հարկային եկամուտների ավելացումը դրական երևույթ է, և շատ կարևոր է, որ ստվերի դեմ պայքարը կրի կայուն ու հետևողական բնույթ: Այնուամենայնիվ, 2019 թ., 2018 թ. համեմատ, մոտ 10 տոկոս հարկային եկամուտների ավելացում էր նախատեսված, և, դրան զուգահեռ, առաջին 7 ամիսների կտրվածքով հայտարարվեց, որ, բացի ծրագրվածից, շուրջ 57 մլրդ դրամ ավելի հարկային եկամուտներ են գրանցվել: Դրան հաջորդեց այն, որ կառավարությունը որոշեց ԱԱՀ-ն՝ շուրջ 56 մլրդ դրամի չափով, վերադարձնել տնտեսվարողներին: Պետք է արձանագրենք, որ 56 մլրդ դրամը հիմնականում ուղղվելու է արտահանման ոլորտին, քանի որ, ըստ մեր օրենսդրության, արտահանողներն իրենց վճարած ԱԱՀ-ն արտահանման պահին պետք է հետ ստանան: Դրականն այն է, որ արտահանման գրանցած մտահոգիչ արձանագրումների պարագայում դա քայլ է, որը միտված կլինի արտահանման ավելացմանը: Թե ի՞նչ արդյունք կունենա 56 մլրդ  դրամի վերադարձը, դժվար է ասել»:

Թադևոս Ավետիսյանը նաև անդրադարձավ վերջերս պարբերաբար ներկայացվող՝ սոցիալական և տնտեսական ցուցանիշներին: Տնտեսագետը նշեց, որ հունիսին արձանագրվեց 6.8 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, որը համարվեց կարևորագույն ձեռքբերումներից մեկը: «Իհարկե, սա ավելի լավ է, քան 6 կամ 5 տոկոսը, բայց, չգիտես՝ ինչու, ներկայացնելիս չի նշվում, որ անցած տարվա հունիս ամսին տնտեսական ակտիվության ցուցանիշը եղել է 9.1 տոկոս: Համոզված եմ՝ եթե 3 տոկոս լիներ, ապա կներկայացվեր: Եթե համեմատելու բան կա՝ դրական առումով, բերում են, իսկ որոնք «հարմար» չեն, չեն  ներկայացվում: Այսպես ամբողջական պատկեր չի ստացվի»,- ասաց բանախոսը:

Տնտեսագետը հայտնեց նաև, որ կապիտալ ծախսերը թերակատարվել են 65 մլրդ դրամով, և հիմնական հիմնավորումն այն է, որ չկան կոռուպցիան հաղթահարելու բավականաչափ մեխանիզմներ, իսկ երբ պետությունը հարկերը հավաքում է և ծախսերն էլ՝ թերակատարում, արդեն բացասական ազդակ է՝ տնտեսության զարգացման առումով, որն իր հետքը կթողնի հետագա տարիների վրա:

«Ներկայացվում է, որ ներհոսքն ավելացել է՝ 15 տոկոս, 20 տոկոս: Օտարերկրյա ուղղակի ներհոսքն ու արտահոսքն այս 6 ամիսներին, նախորդ տարվա ժամանակաշրջանի հետ համեմատ, 30 մլրդ դրամով պակաս է».,- հայտնեց տնտեսագետը:

Խոսելով օրինական գրանցված աշխատողների թվի աճի մասին՝ Թադևոս Ավետիսյանը նշեց, որ այդ գործընթացը մեկնարկել է 2017 թ. վերջից, և 2018 թ. առաջին 4 ամիսներին գրանցված աշխատողների թվի աճը մոտ 40 տոկոս ավելի է եղել, քան դրանից հետո: «2018 թ. հունվար-ապրիլ ամիսներին գրանցված աշխատողների թիվը ավելացել է մոտավորապես 7100-ով, իսկ 2018 թ. մայիսից մինչև այս տարվա օգոստոսն այդ թիվը կազմել է մոտավորապես 4100: Այսինքն՝ տեմպը 40 տոկոսով նվազել է»,- նշեց նա:

Անդրադառնալով Ամուլսարին՝ տնտեսագետը նշեց, որ, որպես Ամուլսարի հանքի լուծման տրամաբանական լուծում, պետք է ոչ թե հակադրել բնապահպանական և տնտեսական շահերը, այլ դրանք համադրել, և այս կանոնի պահպանմամբ է, որ աշխարհում այսօր կա զարգացած հանքարդյունաբերություն: «Լուծումներ կան, բայց ընդամենը պետք են տրամաբանված ու հետևողական գործողություններ: Ի վերջո, պետք է գնահատական տրվի, իսկ դրա համար գումար և ժամանակ է անհրաժեշտ: Ինչքան էլ ձգվի այն տարբեր նպատակով՝ որոշ դեպքերում էլ քաղաքական նպատակներով, միևնույն է՝ այն չի լուծվելու, ընդհակառակը՝ ավելի է խորանալու: Ոչ միայն  Ամուլսարի, այլև հանքարդյունաբերության իմաստով մենք ռազմավարական մոտեցման անհրաժեշտություն ունենք: Միայն ընդերքից հանելով և արտահանելով՝ այսպես ասած, «հում» վիճակով, մենք կորցնում ենք դա: Պետության խնդիրն է վերամշակող արդյունաբերության միջոցով խթանել, որ երկրից արտահանենք ոչ թե հումք, այլ վերջնական պատրաստի արտադրանք: Մեր ընդերքից հանված որևէ տնտեսական արդյունք առավելագույն պետք է ծառայի մեր երկրին, պետությանն ու ժողովրդին, այլ ոչ թե 10-15 տոկոսը Հայաստանում մնա, իսկ մնացածը տնօրինեն ներմուծող երկրները»,- ասաց Ավետիսյանը:

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանի կարծիքով՝ Ամուլսարի խնդրում ամենակարևորը, որ պետք է հաշվի առնել, մարդու կամքն է: «Ընդունենք, որ բնապահպանական ոչ մի խնդիր չկա, ոչ մի թունավոր նյութ, գետերի աղտոտում չկա, փորձաքննություն արված է: Կա մեկ վերին ճշմարտություն՝ մարդու կամքն է: Ջերմուկցու կամքը զրոյացվել է: Սա նեոգաղութատիրության լրջագույն դրևորում է: Մենք ցանկանո՞ւմ ենք վերածվել կցորդի: Հայաստանը նախքան անկախացումը ներկրում էր հումք,  չնայած որոշ կախվածություն կար: Իսկ այսօր մենք վերածվել ենք կցորդի: Սա արժանապատիվ պետության դրսևորո՞ւմ է: Արցախը սկզբունքորեն այլ մոտեցում ունի հանքարդյունաբերությունում, որտեղ քաղաքակիրթ ձևով զարգացած է այն: Ունեն սեփական փորձագետներ: Մենք արցախցիներից սովորելու բան ունենք: Բնապահպանության նախարարին հարցում եմ՝ ունե՞նք փորձագետ Ամուլսարի և այլ հանքերի հարցով, ասում է՝ չունենք: Լավ է՝ գոնե ազնիվ է»,- ասաց տնտեսագետը: