կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-03 12:12
Քաղաքական

ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարում է 2016թ. համար խաղարկվող ներգաղթային վիզաների վիճակախաղի գրանցման շրջանի մեկնարկի մասին

ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարում է 2016թ. համար խաղարկվող ներգաղթային վիզաների վիճակախաղի գրանցման շրջանի մեկնարկի մասին

ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնում է, որ մեկնարկել է 2016թ. համար խաղարկվող ներգաղթային վիզաների (արտոնագրերի) վիճակախաղի մասնակիցների գրանցման գործընթացը:

 

2016թ. վիճակախաղի մասնակցության հայտերը պետք է ներկայացվեն էլեկտրոնային տարբերակով՝ 2014թ. հոկտեմբերի 1-ից, չորեքշաբթի (արևելյան ամառային ժամանակով 12։00-ից (Գրիվնիչ -4)) մինչև երկուշաբթի, 2014թ. նոյեմբերի 3-ը (արևելյան ստանդարտ ժամանակով 12:00 (Գրիվնիչ -5)): Մասնակցության հայտը լրացնելու համար պետք է այցելել www.dvlottery.state.gov կայքը վերը նշված գրանցման ժամկետներում և լրացնել օնլայն/առցանց մասնակցության հայտ:

 

Թղթային կրիչներով հայտեր չեն ընդունվում: Մասնակիցներին խորհուրդ ենք տալիս գրանցումը չթողնել վերջին շաբաթվան: Մեծ պահանջարկը կարող է անդրադառնալ կայքի աշխատանքի վրա: Նոյեմբերի 3-ից հետո հայտեր այլևս չեն ընդունվի: Ամենամյա այս ծրագրին մասնակցելու և վիզա ստանալու հնարավորություն ձեռք բերելու համար անհրաժեշտ է բավարարել մի շարք պարզ ու հստակ չափանիշների: Ընտրությունը կատարվում է վիճակախաղի միջոցով, որի ժամանակ համակարգիչը պատահական ընտրանքի միջոցով որոշում է շահողներին, ովքեր իրավունք են ստանում ներգաղթային վիզայի հայտ ներկայացնել:

 

Խաղարկային այս ծրագրով պահանջվում է, որ հիմնական դիմողն ունենա միջնակարգ (ավագ դպրոցի) կամ համարժեք կրթություն կամ երկու տարվա համապատասխան աշխատանքային փորձ՝ ըստ ԱՄՆ օրենքների: Մասնակիցները կարող են առցանց հայտը լրացնել անձամբ կամ մեկ այլ անձ կարող է դա անել նրանց համար: Անկախ այն հանգամանքից, թե մասնակիցը անձամբ է ներկայացրել մասնակցության հայտը, թե ընկերոջ, ազգականի, խորհրդատուի կամ որևէ այլ անձի օգնությամբ, տվյալ անձի անունով կարող է ներկայացնել միայն մեկ հայտ:

 

Բացի այդ, տրամադրված տվյալների ճշգրտության ու պատասխանատվության համար պատասխանատու է միմիայն մասնակիցը: Այս վիզաները բաշխվում են վեց աշխարհագրական տարածքներում, սակայն գերակշիռ մասը տրվում է այն երկրներին, որոնք ունեն ԱՄՆ ներգաղթի ցածր ցուցանիշներ: Իսկ այն երկրների քաղաքացիները, որտեղից վերջին 5 տարիների ընթացքում ներգաղթած անձանց թիվը գերազանցում է 50.000-ը, իրավունք չունեն մասնակցել այս ծրագրին:

 

Ոչ մի երկիր իրավասու չէ ստանալ տվյալ տարվա համար խաղարկվող վիզաների 7 տոկոսից ավելին: Օրենքը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք իրավասու է միայն մեկ մասնակցության հայտ ներկայացնել գրանցման ամենամյա փուլում: Պետքարտուղարությունը կիրառում է առաջադեմ տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս բացահայտել կրկնվող հայտերը: Մեկից ավելի հայտերի դեպքում մասնակիցը զրկվում է վիճակահանությանը մասնակցելու իրավունքից: Վիճակախաղին մասնակցելու համար որևէ վճարում չի պահանջվում:

 

Բոլորին խորհուրդ ենք տալիս անձամբ լրացնել իրենց մասնակցության հայտերը՝ առանց դիմելու «վիզաների հարցերով խորհրդատուների» կամ «վիզաների գործակալների» կամ այլ միջնորդների, ովքեր առաջարկում են իրենց օգնությունը: Եթե, այնուամենայնիվ, ինչ-որ մեկն օգնում է ձեզ, ապա հայտը լրացնելիս դուք պետք է ներկա լինեք, որպեսզի տրամադրեք ճիշտ տվյալներ և վերցնեք հայտի ստացումը հաստատող թերթիկը, որտեղ նշված կլինի հաստատման համարանիշը:

 

Կոնգրեսի որոշման համաձայն իրականացվող ներգաղթային վիզայի ամենամյա վիճակախաղը կազմակերպվում է ԱՄՆ պետքարտուղարության կողմից` Ներգաղթի և քաղաքացիության մասին օրենքի 203(գ) հոդվածով նախանշվող պայմանների համաձայն: 1990թ. ընդունված Ներգաղթային ակտի 131-րդ հոդվածը, որով լրամշակվեց Ներգաղթի և քաղաքացիության մասին օրենքի 203-րդ հոդվածը, նախատեսում է ներգաղթողների նոր տեսակ, որը հայտնի է որպես «ներգաղթողներ բազմազանության ապահովման համար»: Այս օրենքի 203(գ) հոդվածի համաձայն՝ ամեն տարի մշտական բնակության առավելագույնը 50.000 վիզա է տրամադրվում ԱՄՆ ներգաղթի ցածր ցուցանիշներ ունեցող երկրների քաղաքացիներին: