կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-26 11:46
Մշակույթ

12-րդ «Հայֆեստը»` «Թատերական իրարանցում» խորագրի ներքո

12-րդ «Հայֆեստը»`  «Թատերական իրարանցում» խորագրի ներքո

Հոկտեմբերի 1-8-ը Երևանում կանցկացվի «Հայֆեստ» միջազգային թատերական 12-րդ փառատոնը, որը կրում է «Թատերական իրարանցում» խորագիրը: Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում, որին կհետևի «Լիվինգ փիքչըրս» թատրոնի (Հունգարիա) «Կենդանի մակերես» մուլտիմեդիա ներկայացումը:

 

«Հայֆեստ» թատերական փառատոնին այս տարի կհյուրընկալվի 18 երկրից ժամանած 200 մասնակից և հյուր, որոնց թվում՝ հեղինակավոր արվեստագետներ, արտմենեջերներ, միջազգային փառատոնի նախագահներ, թատերագետներ` Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իտալիայից, Ավստրիայից, Ֆինլանդիայից, Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից և այլն: Երևանյան 10 բեմահարթակներում կցուցադրվի ավելի քան 50 ներկայացում: Հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու դրամատիկական, երաժշտական, պարային, տիկնիկային, ինչպես նաև բացօթյա տարբեր ժանրերի ներկայացումներ: Ուսանողների և երիտասարդ ստեղծագործողների համար կանցկացվեն վարպետության դասեր:

 

Փառատոնի նշանավոր ներկայացումներից կլինեն Արմանդո Ռիեսկոյի կողմից բեմադրված` Պուլիցերյան մրցանակակիր «Ջուրը` գդալ-գդալ» հայ-ամերիկյան համատեղ ներկայացումը, «ԱրտևՇոք» թատրոնի (Ղազախստան) «Պուշկին stand-up», «Մոդեռն» թատրոնների (Ռուսաստան) «Մահացած պարեր», «Դոկ» թատրոնի (Ռուսաստան) «150 պատճառ հայրենիքդ ատելու համար», «Լայվինգ փիքչըրս» թատրոնի (Մեծ Բրիտանիա) «Խելագարի հիշատակարանը», «Ֆրեյս Բոզեն» թատրոնի (Իտալիա) «Տեսարան արգոնավորդների հետ»:

 

Երևանյան թատրոններից «Հայֆեստ» փառատոնի հիմնական ծրագրում հանդես կգան Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային պետական, Համազգային թատրոնները, ինչպես նաև Գեղագիտության ազգային կենտրոնի «Փոքր» և «Միհր» թատրոնները:

 

Փառատոնի օրերին ուսանողներին հնարավորություն կտրվի ներկայացնելու իրենց աշխատանքները «ԱՐՄՍՖԵՍՏ» ուսանողական ծրագրում: Ուշադրության կենտրոնում կլինեն նաև կրթական ծրագրերը, որոնց շրջանակում առաջին անգամ տեղի կունենան թատերական լուսանկարչության դասընթացներ՝ համաշխարհային լուսանկարիչ Մեհդի Աշնայի կողմից:

 

Փառատոնի փակումը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում: