Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«ՀայՖեստ» միջազգային թատերական փառատոնն այս տարի կկայանա հոկտեմբերի 1-8-ը: 13-րդ «ՀայՖեստ»-ը կրում է «Զգացողությունների թանգարան» խորագիրը: Փառատոնն այս տարի կհյուրընկալի 26 երկրից ժամանած 250 մասնակիցների և հյուրերի, նրանց թվում` հեղինակավոր արվեստագետների, արտմենեջերների, միջազգային փառատոների նախագահների` Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իտալիայից, Ավստրիայից, Ֆինլանդիայից, Շվեդիայից, Շվեյցարիայից, Կանադայից, Լեհաստանից, Լիբանանից, Իսրայելից, Լիտվայից, Հունգարիայից, Գերմանիայից, Չեխիայից, Նորվեգիայից, Հունաստանից, Էստոնիայից, Սերբիայից, Ղազախստանից, Բանգլադեշից, Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից և այլ երկրներից:
Երևանյան 12 բեմահարթակներում կցուցադրվի ավելի քան 70 ներկայացում: Թատերասերները հնարավորություն կունենան դիտելու դրամատիկական, երաժշտական, պարային (ֆոլկ, ֆլամենկո, մոդեռն բալետ), մոնոներկայացումներ, մուլտիմեդիա, իրերի, տիկնիկային, մարիոնետների, մատների, ներկայացում-ցուցահանդես, ֆիզիկական, շարժման, կրկեսային, մանկական, ինչպես նաև բացօթյա ներկայացումներ:
Փառատոնի հյուրերը կանցկացնեն վարպետության դասընթացներ: Փառատոնի նշանավոր ներկայացումներից կլինեն Օսկարաս Կորշունովասի թատրոնի «Հատակում» (Լիտվա), շեքսպիրյան «Գլոբուս» թատրոնի «Համլետ» (Մեծ Բրիտանիա), «Գիբնի դանս» պարային խմբի «Հատող գիծ» (ԱՄՆ) ներկայացումները:
Երևանյան թատրոններից փառատոնի հիմնական ծրագրում հանդես կգան Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական, Հ. Թումանյանի անվան տիկնիկային, «Փոքր», «Միհր» թատրոնները և այլն:
Ինչպես միշտ, այս տարի էլ «ՀայՖեստ»-ը ուսանողներին հնարավորություն կտա ներկայացնելու իրենց աշխատանքները «ԱրմսՖեստ» ուսանողական ծրագրում:
Փառատոնը կբացվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աջակցությամբ բեմադրված «Զգացողությունների թանգարան» ներկայացումով: Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ներկայացումների շրջանակում կցուցադրվեն նաև մի շարք միջազգային ներկայացումներ:
Հիմնական ներկայացումների մուտքը կլինի անվճար, ինչը հնարավորություն կտա ավելի մեծ թվով հայ թատերասեր հասարակությանը ծանոթանալու արտերկրի թատերական արվեստի բարձրարժեք նմուշներին: