Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լիսկան, կառավարության որոշմամբ, կրկին նշանակվեց Սյունիքի մարզպետ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նրան շնորհավորեց և մաղթեց հաջողություն: Վարչապետը, հավանաբար, նկատի ուներ Սյունիքը վերջնականապես սեփական օգտագործման զնդանի վերածելու, իր հարազատներից դահիճներ բուծելու, մարդկանց բռնաբարելու, ծեծելու, կտտանքների ենթարկելու, ահաբեկելու կիսատ գործը բարեհաջող շարունակելու գործում հետագա հաջողությունները: Կառավարությունն այս ոչ անսպասելի որոշումը կայացնելով` լեգիտիմացրեց Լիսկայի, նրա ընտանիքի անդամների, մերձավորների կողմից հետագայում գործվելիք բոլոր հանցագործությունները, վայրագությունները, որոնք կարող են դաժանության ու ցինիզմի նոր սահմաններ հատել` ծնված ոչ մի դեպքում չպատժվելու արբեցնող արտոնությունից: Սյունեցիներին, նրանցով հանդերձ` նաև ողջ հանրությանը փաստացի ասվեց, որ նրանք իշխանության համար Լիսկայի եղունգն անգամ չարժեն, որ բոլորն էլ ընդամենը կենդանի որսացուներ են:
Այս նշանակումն անակնկալ չէր, նույնիսկ ամենահավանականն էր բոլոր հնարավոր տարբերակներից: Լիսկայի վերանշանակումն իրականում նոր տեղի չունեցավ: Այն սկսվեց` Արայիկ Բուդաղյանի սպանության մեջ մեղադրվող նրա որդուն և թիկնապահին ինքնապաշտպանության քողածածկույթի տակ ազատ արձակելով: Դրա տրամաբանական շարունակությունը եղավ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանին Անդրանիկ Անդրեասյանի փոխարեն Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ նշանակելը: Անդրեասյանը, փաստորեն, Լիսկային վերադարձնելու օպերացիայում մատուցված զոհն է: Նրա բախտը պարզապես բերեց այնքանով, որ գլուխն ազատեց` կրակոցի զոհ չդառնալով: Բոլոր դեպքերում իրական նպատակը Սուրիկ Խաչատրյանին պաշտոնազրկելու հիմքերը վերացնելն էր և նախկին կարգավիճակին վերադարձնելը: Իշխանությունը հաստատեց, որ միշտ ունի Լիսկայի ու այդ կատեգորիայի մարդկանց ծառայությունների կարիքը, և որ իր համար, այդ առումով, անփոխարինելիներ կան:
Հետեւաբար` շանս է ստանում նաև Գյումրու Վարդանիկը: Եթե մի քիչ ավելի «շուստրի» գտնվի, կարող է իշխանությունից նույնպիսի վերաբերմունք պահանջել: «Վերադառնալու» իրավունքը նա ևս նվաճել է` իշխանությունն այս նշանակումով ինքն է նրան տվել Գյումրու քաղաքապետի պաշտոնը կամ դրան համարժեք մի բան պահանջելու բարոյական իրավունքը: Անհրաժեշտ ժամանակավոր «դադարը», որը սովորաբար տրվում է ինչ-ինչ հարցերում չափն անցնելու նմանատիպ դեպքերում, և որը տրվել էր նաև Սուրիկ Խաչատրյանին, Վարդանիկի պարագայում վաղուց պետք է որ սպառված լիներ: Եթե Գագիկ Բեգլարյանին տրվել է այդ շանսը, Սուրիկ Խաչատրյանին տրվել է, ապա ի՞նչն է խանգարում Գյումրու նախկին քաղաքապետին` դո՞ւխն է Լիսկայինից պակաս, թե՞ նրա տղայինը` Լիսկայի որդու դուխից:
Վերը նշված նշանակման ամբողջ իմաստը իշխանության վերարտադրման նախապատրաստությունների մեջ է: Հենց այդ առումով է Լիսկան Սյունիքում անփոխարինելի: Ու մինչ իշխանությունը ողջ հասարակությանը, քաղաքական դաշտին ուղարկում է` իր վերարտադրման կանխման բանալիները սահմանադրական փոփոխությունների նախագծերում ու հայեցակարգերում որոնելու, ինքը ճիշտ հասցեում արդեն լուծում է այդ խնդիրը և դա անում է ճակատային, առանց ավելորդ ձևեր թափելու: Ավելին` սա վճռական ճակատամարտի դուրս գալու շեփորահարում է, ճակատամարտ սեփական հասարակության և քաղաքական մշակույթի, կառավարման համակարգի և պարզապես պարզ մարդկային տրամաբանության դեմ:
Գ. Աղաբաբյան