կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-30 10:19
Հասարակություն

Վարդանիկը փորձում է "գժի թղթով'' ազատել եղբորորդուն

Վարդանիկը փորձում է "գժի թղթով'' ազատել եղբորորդուն

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը փորձում է իր եղբորորդուն՝ Վահե Ղուկասյանին, որն այժմ ձերբակալված է և գտնվում է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում, փաստաթղթերով ձևակերպել որպես հոգեկան խնդիրներ ունեցող մարդ, որպեսզի պատժից ազատվի:

 

Թերթը հիշեցնում է, որ ապրիլի 23-ին Գյումրու Շիրակացու 54-բ շենքի մոտ տեղի ունեցած աղմկահարույց կրակոցների արդյունքում հրազենային վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել Հարություն Խաչատրյանը և Արտյոմ Կարապետյանը՝ Շեկոն: Վերջինս հիվանդանոցում մահացել էր: Իսկ 1989թ. ծնված Վահե Ղուկասյանը ոստիկանությունում խոստովանել էր, որ նշված հանցագործությունը կատարել է ինքը:

 

«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ Ղուկասյան գերդաստանի կանայք՝ Վ. Ղուկասյանի դուստրն ու մյուս եղբոր՝ Գևորգի հարսը, որոնք աշխատում են Գյումրու տարբեր դպրոցներում, իրենց ուսուցչական կոլեկտիվի մոտ «հպարտացել են»՝ ասելով, որ Վահիկի հետ իրենք ամեն օր հեռախոսով խոսում են, ու շուտով նա «գժի թղթով» ազատ կարձակվի:

 

Տեղեկությունները ճշտելու համար լրագրողը դիմել է Վահե Ղուկասյանի փաստաբան Հայկ Ալումյանին, ով ասել է. «Այն բոլոր գործերում, որտեղ կա բռնի մահվան դեպք, մեղադրյալներին ենթարկում են դատահոգեբուժական փորձաքննության: Եվ սա բացառություն չէ: Նաև չի բացառվում, որ այս տեղեկությունները տարածում է մյուս կողմը: Դրանք ամբողջությամբ ապատեղեկատվություն են»: