կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-20 12:45
Հասարակություն

«Կրթության գերազանցության ազգային ծրագիր». ուսուցիչները 400 000 դրամին համարժեք աշխատավարձ կստանան

«Կրթության գերազանցության ազգային ծրագիր». ուսուցիչները  400 000 դրամին համարժեք աշխատավարձ կստանան

Դեռ մեկ շաբաթ առաջ, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել էր Շիրակի մարզ, Գյումրու տեխնոպարկի բացման ժամանակ ազդարարեց «Կրթության գերազանցության ազգային ծրագրի» մեկնարկը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը և «Այբ» կրթական հիմնադրամի խորհրդի նախագահ տեր Մեսրոպ քահանա Արամյանը մանրամասնեցին, թե ինչ է իրենից ներկայացնելու «Կրթության գերազանցության ազգային ծրագիրը»:

 

Արմեն Աշոտյանը տեղեկացրեց, որ ծրագիրը բավական հավակնոտ է, որի մեկնարկին սկսել են նախապատրաստվել դեռ մեկ տարի առաջ: Նախարարը տեղեկացրեց նաև, որ ծրագիրը ենթադրում է գործողությունների մի քանի փուլ. «Առաջին փուլում «Այբ» կրթական հիմնադրամը կանցնի միջազգային հավատարմագրման գործընթաց` ստանալով համապատասխան սերտիֆիկատ, որին կհաջորդի մանկավարժների վերապատրաստումը /1 տարի/, իսկ ահա երրորդ փուլը ենթադրում է մանկավարժների` արդեն իսկ դպրոցներ մտնելը»:

 

Իսկ թե ո՞ր դպրոցներում են ծրագիրն իրականացնելու, կորոշի կառավարությունը: Նախատեսված է շուրջ 12 ավագ դպրոցներում /մեկական` յուրաքանչյուր մարզում և երկուսը` մայրաքաղաքում/ 3-5 տարի ժամկետով փորձարկել ծրագիրը. 2015-ին արդեն պետք է 5 դպրոցներում ծրագիրը մուտք գործի: Ի դեպ, ծրագիրը կիրականացվի Քեմբրիջի համալսարանի և Լոնդոնի կրթության ինստիտուտի հետ:

 

«Ծրագրի նպատակն է կարևորել ուսուցիչների դերը հասարակության մեջ, գրավիչ դարձնել ուսուցչի մասնագիտությունը, լավագույն մարդկային ռեսուրսներն ուղղել դեպի կրթություն և ձևավորել մրցունակ ուսուցիչների համայնք: Ուսուցիչները հնարավորություն կունենան ստանալու 400 000 դրամին համարժեք աշխատավարձ, և սա ոչ միայն գնահատական է լինելու նրանց աշխատանքի, այլև խրախուսանք»,- ասաց նախարարը:

 

Ի դեպ, ծրագրի բյուջեն մինչև 2017 թվականը կազմում է 2 միլիարդ դրամ, գումարը կհատկացվի պետական միջոցներից: Աշոտյանը հիշեցրեց, որ Համաշխարհային բանկի աջակցությամբ ԿԳՆ-ն նոր վարկային ծրագիր է ներդրել կրթության ոլորտում, որի շրջանակներում կվերանորոգվի և կվերազինվի 17-20 ավագ դպրոց: Նախարարը նշեց, որ հենց այս դպրոցներից էլ կընտրվեն 12-ը, որտեղ էլ կիրականացվի ծրագիրը: Դպրոցների ցանկը պատրաստ կլինի մինչև տարեվերջ:

 

Ըստ «Այբ» կրթական հիմնադրամի խորհրդի նախագահ տեր Մեսրոպ քահանա Արամյանի` ծրագրի նպատակն է, որ Հայաստանն ունենա միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան կրթական պլատֆորմ, եւ ծրագրի իրագործման միջոցով կարևորվում է ուսուցչի դերը, ծրագիրը խթանում է, որ երիտասարդները մանկավարժի մասնագիտությունն ընտրեն ոչ թե այն բանի համար, որ մեկ ուրիշ բաժին չի ստացվել ընդունվել, այլ իրենց ցանկությամբ ու սիրով:

 

«Ծրագրի իրականացման հետ կապված հարցերում մեզ կօգնեն Քեմբրիջի համալսարանը և Լոնդոնի կրթության ինստիտուտը: Այս երկու կրթօջախներն աշխարհի շատ երկրերում ռեֆորմներ են իրականացրել, օրինակ` Քեմբրիջի համալսարանը աշխատում է աշխարհի 125 երկրում, և մի շարք երկրներում կրթական ռեֆորմը ամբողջությամբ հենց իրենք են իրականացրել»,- ասաց Մեսրոպ քահանա Արամյանը:

 

Երկու կառույցների հետ էլ արդեն պայմանագրային պայմանավորվածություններ կան, և առաջիկա տասնամյակում Հայաստանը կունենա միջազգային որակավորում ստացած 2000 ուսուցիչ:

 

Yerkir.am-ի հարցին, թե ուսուցիչների վերապատրաստումն ովքե՞ր և որտե՞ղ /կլինե՞ն գործուղումներ Քեմբրիջ և Լոնդոն/ են իրականացվելու, ԿԳ նախարարը պատասխանեց, որ վերապատրաստումը տեղի է ունենալու Հայաստանում` միջազգային մասնագետների ներգրավվմամբ. «Նախատեսվում է մարզիչների այցը Լոնդոն և Քեմբրիջ` տեղում նախապատրաստվելու, որոնք էլ արդեն հետագայում կվերապատրաստեն մեր ուսուցիչներին: Նշեմ նաև, որ ամեն տարի Քեմբրիջի համալսարանի և Լոնդոնի կրթության ինստիտուտի կողմից քննարկման է դրվելու ծրագիրը, այնպես որ` վերապատրաստումները պարբերաբար բնույթ են կրելու»:

 

Ի դեպ, նախատեսվում է նաև կես տարի ժամկետով իրականացնել հանրային քննարկումներ` ծրագրի հետ կապված: