կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-11-27 15:31
Հասարակություն

«Կրթության գերազանցության ազգային ծրագրի» հանրային լսումներ փուլը հասավ Եղեգնաձոր

«Կրթության գերազանցության ազգային ծրագրի» հանրային լսումներ փուլը հասավ Եղեգնաձոր

 

Եղեգնաձոր քաղաքում տեղի է ունեցել «Կրթության գերազանցության ազգային ծրագրի» հանրային լսումների շրջանակներում մարզային փուլի առաջին հանդիպումը շահագրգիռ խմբերի հետ: Հանդիպմանը ներկա էր ավելին քան 120 մասնակից կրթության և մշակույթի ոլորտներից: 

 

Միջոցառման սկզբում «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ տեր Մեսրոպ քահանա Արամյանը ներկայացրել է ծրագրի առաքելությունն ու նպատակները: Միջոցառման երկրորդ հատվածում անցկացվել է «Կրթության գերազանցության ազգային ծրագրին» վերաբերող հարցերի քննարկում:

 

Մասնակիցները բաժանվել են 10-ական խմբերի և յուրաքանչյուր խմբին հնարավորություն է տրվել իր պատասխաններն ու առաջարկները ներկայացնել մի շարք հարցերի շուրջ` որո՞նք են որակյալ հանրային կրթության չափանիշները, ո՞րն է ուսուցչի կատարելատիպը, ի՞նչ կարող է անել հանրությունը, որպեսզի բարձրացվի ուսուցչի դերը հասարակության մեջ, ինչպիսի՞ խոչընդոտների կարող ենք հանդիպել ծրագրի իրականացման ընթացքում և ինչպե՞ս կարելի է դրանք հաղթահարել։

 

Արդյունքների մասին ավելի մանրամասն կներկայացվի մարզային փուլի ավարտին: Հիշեցնենք, որ հանրային լսումները կշարունակվեն Հայաստանի բոլոր մարզերում և Արցախում։ Քննարկումների փուլը տևելու է մի քանի ամիս, որից հետո ծրագիրը կլրամշակվի և կներկայացվի վերջնական հաստատման:

 

ՀՀ ԿԳ նախարարությունը և «Այբ» կրթական հիմնադրամը, համագործակցելով Քեմբրիջի համալսարանի և Լոնդոնի կրթության ինստիտուտի հետ, նախաձեռնել են «Կրթության գերազանցության ազգային ծրագիրը»: Ծրագրի նպատակն է` կարևորել ուսուցչի դերը հասարակության մեջ, գրավիչ դարձնել կրթության սպասավորի մասնագիտությունը, լավագույն մարդկային ռեսուրսներն ուղղել դեպի կրթություն և ձևավորել մրցունակ, առաքելության զգացողություն ունեցող ուսուցիչների համայնք: Ծրագրով նախատեսվում է ՀՀ-ի դպրոցներում ներդնել միջազգային չափանիշներին համապատասխան հայալեզու կրթական ծրագիր` «Արարատյան բակալավրիատ» (ԱԲ), և պատրաստել այդ ծրագրին որակավորման ուսուցիչներ: Տասնամյա ծրագրի արդյունքում «Արարատյան բակալավրիատը» կներդրվի ՀՀ-ի և ԼՂՀ-ի բոլոր ավագ դպրոցներում, որակավորում կստանան մոտ 2000 ԱԲ ուսուցիչ և մոտ 20 000 ուսուցիչ կհայտնվի ծրագրի ազդեցության շրջանակում:

 

Ծրագրի շրջանակներում կստեղծվի ռեսուրսների հարուստ կենտրոն, որը կաջակցի Հայաստանի ողջ ուսուցչական համայնքին՝ կատարելագործելու դասավանդման բովանդակությունը և հմտությունները, կօգնի` ներդաշնակեցնելու տեղական և միջազգային կրթական չափորոշիչները և տեղայնացնելու համաշխարհային լավագույն փորձը Հայաստանում: