կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-12 14:49
Քաղաքական

Մենք ցանկանում ենք որակապես նոր հիմքերի վրա դնել Համաշխարհային բանկի հետ փոխգործակցությունը. Հովիկ Աբրահամյան

Մենք ցանկանում ենք որակապես նոր հիմքերի վրա դնել Համաշխարհային բանկի հետ փոխգործակցությունը. Հովիկ Աբրահամյան

Վարչապետ Հովիկ Աբրահմյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալիի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը բարձր է գնահատել Հայաստանի կառավարության և Համաշխարհային բանկի միջև համագործակցությունը և հիշեցրել, որ ներկա դրությամբ համատեղ իրականացվում է 15 ծրագիր՝ 518 մլն դոլար ընդհանուր ծավալով:

 

«Մենք ցանկանում ենք որակապես նոր հիմքերի վրա դնել Համաշխարհային բանկի հետ փոխգործակցությունը և էլ ավելի ակտիվացնել երկկողմ փոխհարաբերությունները՝ նոր ծրագրերի իրականացման նպատակով»,- նշել է Հովիկ Աբրահամյանը և արդյունավետ համարել 2014-2017թթ. ռազմավարության շրջանակում իրականացվող փոխգործակցությունը:

 

Հենրի Քերալին վարչապետին ներկայացրել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի նոր ղեկավար Լաուրա Բեյլիին և վստահություն հայտնել, որ վերջինս իր գործունեությամբ ոչ միայն կնպաստի, այլև նոր թափ կհաղորդի ՀՀ կառավարության հետ փոխվստահության հիմքերի վրա դրված համագործակցությանը:

 

Հենրի Քերալին ընդգծել է, որ ՀԲ-ն պատրաստ է և շահագրգռված Հայաստանի հետ նոր հավակնոտ ծրագրերի իրականացման գործում: ՀԲ տարածաշրջանային տնօրենը տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է ՀԲ փոխնախագահի այցը Հայաստան, որի ընթացքում էլ կքննակվեն երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերն ու առաջիկա ծրագրերը:

 

Հենրի Քերալին կարևորել է ՀԲ-ի աջակցությամբ մեր երկրում զբոսաշրջության ու գյուղատնտեսության բնագավառներում նախատեսվող ծրագրերի իրականացումը, որոնք ՀԲ տարածաշրջանային տնօրենի գնահատմամբ, ունեն զարգացման մեծ ներուժ: Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Լաուրա Բեյլիին՝ ՀԲ երևանյան գրասենյակի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել ակտիվ ու արդյունավետ աշխատանք:

 

Վարչապետը հույս է հայտնել, որ տիկին Բեյլիի աշխատանքային հարուստ փորձառությունն ու մասնագիտական որակները լավագույնս կներդրվեն երկկողմ համագործակցության խորացման ու զարգացման գործում: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են համատեղ իրականացվող ծրագերի ընթացքը, ինչպես նաև օրակարգային այլ հարցեր: