Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարչապետ Կարեն Կարապետյանին կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացվել են ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության՝ 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքները, ինչպես նաև 2018 թ. անելիքները:
Վարչության պետ Արման Սահակյանը զեկուցել է, որ պետական գույքի օտարումից ստացված միջոցները կազմել են 685 745.8 հազ. դրամ, որից՝ ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 544 051.6 հազ.դրամ, համապատասխան համայնքային բյուջեներ՝ 141 694.2 հազ.դրամ:
Օտարումից ստացված միջոցները 2016 թվականի համեմատ ավելի են 473,5 տոկոսով: Պետական գույքի մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 66 415.8 հազ. դրամ (2016-ի համեմատ ավելի՝ 5,5 տոկոսով), որից՝ ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 62 334.4 հազ.դրամ, իսկ համապատասխան համայնքային բյուջեներ՝ 4 081.4 հազ. դրամ, պետական գույքի վարձակալությունից փաստացի ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 398 մլն դրամ, ինչը 2016-ի համեմատ ավելի է 8 տոկոսով: ՀՀ պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումների տեղակայման և սպասարկման պայմանագրերից փաստացի մուտքագրվել է 156 160.5 հազ.դրամ, որից՝ ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 40 793.7 հազ.դրամ (այդ թվում` այլ կառավարչական հիմնարկների արտաբյուջեներ՝ 9 481.2 հազ.դրամ), իսկ համապատասխան ՊՈԱԿ-ների բյուջեներ՝ 166 366.8 հազ. դրամ, ինչը 2016-ի համեմատ ավելի է 385 տոկոսով:
Պետական սեփականություն համարվող հողերի կադաստրային արժեքի վճարումից մուտքերը կազմել են 367 393.4 հազ. դրամ, աճը՝ 852 տոկոս: Նշված հոդվածներով ստացված դրամական միջոցները կազմել են 2 մլրդ 46 մլն 278 հազ. դրամ, ինչը 2016-ի դիմաց ավելի է 165,9 տոկոսով: ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 1 մլրդ 390 մլն դրամ` աճը 175 տոկոս: Հարուցված հայցերի և բանակցությունների արդյունքում ՀՀ պետական բյուջե է վերադարձվել 59 316.1 հազ.դրամ գումար:
Արման Սահակյանը զեկուցել է, որ 2017-ի ընթացքում աճուրդի միջոցով օտարվել է պետական գերատեսչություններից օպտիմալացման ենթարկված 704 միավոր տրանսպորտային միջոց: 2016-ի համեմատ քանակական աճը կազմել է 80 տոկոս, իսկ արժեքայինը՝ 110: Աճուրդների կազմակերպման գործընթացում թերություններն ամբողջությամբ վերացնելու նպատակով նախատեսվում է 2018-ի ընթացքում աճուրդները կազմակերպել բացառապես էլեկտրոնային եղանակով: Սահակյանի տեղեկացմամբ, պետական գույյքի հաշվառման գործընթացում ևս նախատեսվում են արմատական բարեփոխումներ՝ ներդնելով էլեկտրոնային համակարգ, որը թույլ կտա ցանկացած պահի հասկանալ համապատասխան գույքի օգտագործման արդյունավետությունը և այլն: Պետական գույքի կառավարման վարչության պետի համոզմամբ, էլեկտրոնային համակարգը հասանելի կլինի բոլոր գերատեսչություններին, և արդյունքում կունենանք պետական գույքի հաշվառման իդեալական բազա:
Զեկուցվել է, որ պետգույքի կառավարման ոլորտում 2017-ի ընթացքում կանխատեսվել էր ներգրավել 18 մլն դոլարի ներդրումային ծրագրեր, սակայն իրականացվել է 8 մլն դոլարի ծրագիր՝ 2016-ի 5 մլն-ի դիմաց: 2018 թվականի ընթացքում կանխատեսվում է իրականացնել 16 մլն դոլարի ներդրումային ծրագրեր: Միաժամանակ, Արման Սահակյանը զեկուցել է, որ պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրում ընդգրկված է 47 պետական գույք և ներկայացրել բարձր արժեք ունեցող պետական անշարժ գույքի օտարման գործընթացացը:
Անդրադարձ է կատարվել պետական մասնակցությամբ ընկերությունների գործունեությանն ու դրանց արդյունավետությանը: Վարչապետ Կարապետյանը հանձնարարել է հաշվառել գերատեսչությունների, մարզպետարանների և համայնքների ենթակայությամբ ներքո գտնվող բոլոր անշարժ գույքերը և վերջիններիս հետ կապված ներկայացնել համապատասխան առաջարկություններ: Կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ այս ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքներ իրականացնելու պարագայում էապես կկրճատվեն հաստատուն, ոչ էֆեկտիվ ծախսեր: Վարչապետը հանձնարարել է նաև չօգտագործվող պետական գույքի ներգրավմամբ նպատակային ծրագրերի նկատմամբ ներկայացվող պահանջները քննարկել կառավարության տնտեսական բլոկը ներկայացնող նախարարությունների հետ:
Տեղեկացվել է, որ պետական գույքի հաշվառման բազայում հաշվառվել է պետական սեփականություն հանդիսացող 8862 միավոր անշարժ գույք (ընդհանուր մակերեսը՝ 8047530.87 քառ.մետր), հաշվառվել է 218 իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական բաժնեմասը և նրանց գույքի կազմում ընդգրկված 2705 միավոր անշարժ գույք:
Հաշվետու ժամանակահատվածում մշակվել և ՀՀ կառավարության կողմից ընդունվել է ՀՀ քաղաքացիներին իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները նվիրելու (սեփականաշնորհելու) մասին 7 որոշման նախագիծ (ընդհանուր` 90 ընտանիքի վերաբերյալ՝ 249 անձ, 91 սենյակ): Լուծարվող կազմակերպություններում մարվել է շուրջ 293 930.0 հազ.դրամ կրեդիտորական պարտք, որից՝ ՀՀ պետական բյուջե` 7 0331.0 հազ.դրամ, համայնքային բյուջե՝ 1129.0 հազ.դրամ, աշխատավարձի գծով` 187 392.0 հազ.դրամ և այլ կրեդիտորական պարտք՝ 35 078.0 հազ.դրամ:
Ամփոփելով՝ Կարեն Կարապետյանն ընդգծել է. «Մենք ունենք մեծ հնարավորություններ, որոնք չենք օգտագործում, ու ոչ էլ հետևից գնում ենք: Սակայն, Ճիշտ ուղղությամբ ենք գնում, լավ գործեր ենք կատարել, բայց պետք է չհանգստանանք: Իրականում մեր գույքի սեփականատերը դուք եք, մենք ձեզ հետ պետք է հասկանանք, որ 2018-ին որակապես այլ խնդիր ենք դնում, դրանով չենք բավարարվելու»: