կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-10 15:42
Տարածաշրջան

Հայերն այն չեն, ինչ ես եմ կարծել. թուրք ուսանողուհու հուշերը

Հայերն այն չեն, ինչ ես եմ կարծել. թուրք ուսանողուհու հուշերը

«Հրանտ Դինք» հիմնադրամի և Civilitas-ի համատեղ ձեռնարկա`ծ «Հայաստան-Թուրքիա ճանապարհորդության դրամաշնորհ» ծրագրի շրջանակներում 15 օր Հայաստան այցելելու հնարավորություն ունեցած թուրք ուսանողուհի Դիլա Քուշն իր տպավորությունների մասին պատմել է «Ակօս»-ին:

 

Ստորև ներկայացնում ենք «Ակօս»-ի հոդվածը:

 

Դիլան այն երկու թուրք ուսանողներից մեկն է, ով ամառային դպրոցների շրջանակներում հնարավորություն է ունեցել այցելելու Հայաստան: Թուրք լինելու պատճառով նա սկզբնական շրջանում մի շարք մտահոգություններ է ունեցել, սակայն Երևանում կարողացել է հաղթահարել դրանք և ընկերներ ձեռք բերել: Հայտնելով համալսարանում քաղաքականություն ուսանելու և քննությունը հաջողությամբ հանձնելու դեպքում վերջին երկու տարվա ուսումը Հայաստանում ստանալու ցանկության մասին՝ Դիլան ասում է. «Գիտեմ, որ Հայաստանում շատ տներ ունեմ»:

 

Երևանում, ասես, իմ տանն եմ

 

«Ես մոտ 3 տարի սևծովյան շրջանում եմ ապրել: Մեր այցելած տեղը շատ նման էր Սև ծովի շրջաններին: Ինձ հետ շատ մտերիմ վարվեցին, այնտես, իսկապես, ասես, իմ տանն եմ»,- ասում է Դիլան:

 

Պատմելով, որ Հայաստան եղած ժամանակ հասցրել է հիվանդանալ, Դիլան ասում է. «Ես 15 օրերից 5-ը հիվանդ էի: Դեղամիջոցները չօգնեցին, և ինձ Դիլիջանի հիվանդանոց տարան: Երբ մեկնեցի իմ` Թուրքիայի Հանրապետության անձնագիրը, ակամայից մտածեցի` արդյոք ի՞նչ կլինի: Ինձ զննելու համար գլխավոր բժիշկը եկավ: Շատ զարմացա: Ընդամենը մրսածություն էր: Թուրքիայի ոչ մի հիվանդանոցում նման վերաբերմունքի չէի արժանացել: Բուժքույրերն անընդհատ գալիս, ստուգում էին»:

 

Դիլան մտածել է, որ հայերի և թուրքերի միջեւ խիստ տարբերություն կա, սակայն այդ միտքն ամբողջովին փոխվել է Երևանում:

 

Նա ասում է. «Այնտեղ բոլոր տարեցները նման էին պապիկիս»: Պատմելով, որ Երևանում ծանոթացած մարդիկ իր նկատմամբ շատ մտերիմ են եղել, հավելում է. «Նայելով այն հանգամանքին, որ ես թուրք եմ, և թե ինչպես էին նրանք այդքան մտերիմ վարվում ինձ հետ և փորձում օգտակար լինել, ազդվում եմ»:

 

Հարաբերությունների բացակայությունը մեծ կորուստ է

 

Դիլան պատմում է, որ մինչ Երևան այցելությունը չի ունեցել հայ ընկերներ, ինչը իր համար մեծ կորուստ է եղել:

 

«Մենք այս տարի տեղափոխվեցինք Կ.Պոլիս (Ստամբուլ), և ես իմացա, որ այստեղ շատ հայեր են ապրում: Երբ դուրս եմ գալիս, մտածում եմ՝ արդյոք նրանք որտե՞ղ են, կհանդիպե՞նք: Ըստ իս՝ Հայաստանի հայերի հետ հարաբերություն չհաստատելը, այդ ջերմ մարդկանց չտեսնելը մեծ կորուստ է»,- ասում է Դիլան: Հավատալով, որ փոփոխությունը սկսվում է անհատից, Դիլան ասում է. «Այդ ժամանակ միայն, որպես հասարակություն, կկարողանանք սահմանները հատել»:

 

Դիլան այսպես է ներկայացնում հայերի և թուրքերի` միմյանց վերաբերյալ տեսակետները. «Թե’ Թուրքիայում, թե’ Հայաստանում, այդ թվում` նաև իմ պապիկի սերունդը, չի հանդուրժում մոտ անցյալի մասին մի շարք բաներ լսել անգամ: Իսկ մեր սերնդակիցներն այս հարցին այսպես են նայում՝ «մենք ձեր հետ խնդիր չունենք, մեր միջև մի շարք դեպքեր տեղի ունեցան, դրանք չենք կարող փոխել, սակայն այս պահը կարող ենք միասին ապրել»:

 

Դիլանի մայրը՝ Վիլդան Լաչին. «Պապիկիս հայ է փրկել»

 

Դիլանի՝ Հայաստան մեկնելու միտքը մայրն ի սկզբանե խրախուսել է, նույնիսկ առաջինն ինքն է տեղեկացել «Հրանտ Դինք» հիմնադրամի նախաձեռնության մասին:

Դիլանի՝ համալսարանի վերջին 2 տարվա ուսումը Հայաստանում ստանալու մասին ցանկությունը ևս խրախուսողը` Վիլդան Լաչինը, հայտնել է, որ իր՝ առանց նախապաշարումների տեսակետ ունենալու հարցում դեր ունի իրենց ընտանեկան պատմությունը:

 

«Մեծ հորս հայրը՝ Շաքիր Լաչինը, Ադրբեջանից Թուրքիա է եկել 1893 թվականին` ռուսական պատերազմի ժամանակ, և հաստատվել Աղրը շրջանում (Արարատ լեռան շրջակա տարածք): Աղրըում նա պատերազմել է և այդ ժամանակ զոհվել: Նրա որդուն՝ մեծ հորս, փրկողը հայ է եղել և նրան հետ ուղարկել Ադրբեջան: 1932 թվականին` Ստալինի ժամանակ, մեծ հայրս մեծ մորս հետ փախել է Ադրբեջանից և հաստատվել Աղրըում»,- պատմում է Դիլայի մայրը:

 

Վիլդան հանըմը իր ընտանիքից երբևէ չի լսել հակահայ արտահայտություններ: Նրան «աղջկադ ինչպե՞ս ես ուղարկում, երեխայիդ այնտեղ կմորթեն» ասողներ եղել են, սակայն նրա համար այս խոսքերը նշանակություն չեն ունեցել:

 

Վիլդանը հանըմը 1915 թվականի վերաբերյալ իր տեսակետն ունի. «Ատում եմ Օսմանյան կայսրության իրագործած ցեղասպանությունը: Առաջին համաշխարհային պատերազմի պայմաններում մի շարք դեպքեր են տեղի ունեցել: Ինչպես որ մեր մեջ վատերը կան, նույնպես կարող է հայերի մեջ լինել, սակայն կարելի է մեղավորներին առանձնացնել: Ի վերջո, հնարավոր էր այս խնդիրը լուծել` առանց հազարավոր մայրեր և երեխաներ ճանապարհին թողնելու»:

 

Թարգմանությունը՝ Արազ Գայմագամյանի