Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դուք ասում եք, թե չեք հիշում, որ երբևէ ընդդիմության համար լծակներ եք պահանջել նախկինում, բայց բացեք 2017 թվականի հոկտեմբերի 2-ի Ձեր ելույթն այս խորհրդարանում. այսօր ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց ԲՀԿ խմբակցության պատհգամավոր Սերգեյ Բագրատյանը:
Նա հիշեցրեց. «Դուք, խոսելով ընդդիմությանը լծակներ տալու մասին, ասել եք. «Ինչի՞ եք ընդդիմությանը խմբակցություն ունենալու ձևական իրավունք տվել, վարչապետ առաջադրելու իրավունք տվեք, եթե դրանից էլ զրկեք, միգուցե թո՞ւյլ տաք մենք էլ գանք խորհրդարան, միգուցե թո՞ւյլ տաք մենք ավագանիում առաջադրվենք»: Այսինքն` Դուք իշխանությանը հստակ ասում եք` ձեր արածը բանի պետք չէ, և շարունակում եք, ասում եք`տվեք լծակ, որպեսզի մենք կարողանանք իրացնել»:
Ինչ վերաբերում է իր` կառավարության հետ հարցուպատասխաններից մեկի ժամանակ հնչեցրած հարցին հետագա արձագանքին, Բագրատյանը վրդովված այդ վերաբերմունքը որակեց որպես արհամարհանք: Նա պարզաբանեց. «Պարո’ն վարչապետ, ես Ձեզ պարզ հարց եմ տալիս նախորդ հարցուպատասխանին` հնարավո՞ր է ՏՄՊՊՀ-ում և ՀԾԿՀ-ում մենք մասնակցություն ունենանք, Դուք ասում եք`հետաքրքիր հարց ա, լավ հարց ա, քննարկենք, սա մի' ընդունեք այլևս փաստ, բայց այս ուղղությամբ քննարկումներ կանենք: Ես համաձայնում եմ դրան`մտածելով, որ վարչապետն իրավունք ունի առաջադրելու ՀԾԿՀ-ի 5 անդամին և ՏՄՊՊՀ-ի 7 անդամին, հետևաբար` ես պետք է օրենսդրական փոփոխությամբ հանդես գամ, իրավունք ձեռք բերենք և կարողանանք առաջադրել թեկնածու: Ես անմիջապես նախաձեռնում եմ օրենքի փոփոխություն, պարոն Ավինյանի մոտ քննարկում ենք այդ հարցերը, մայիսի 2-ին ես բերում եմ նախագիծը: Ավինյանի մոտ քննարկելիս պարզվում է, որ դրանից մեկ շաբաթ հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նույն նախագիծը` որոշ փոփոխություններով և կանոնակարգին հետևող փոփոխություններով, ներկայացրել է կառավարություն: Այսինքն` երբ ես հանձնաժողովին ասում եմ`պիտի քննարկենք մեր առաջարկը, կամ պարոն Ավինյանն առաջարկել է`համատեղ քննարկենք, նրանք համարում են, որ իրենք այլևս իշխանություն են`ո՞ւմ հետ քննարկենք, ո՞վ եք դուք, որ ձեզ հետ բան քննարկենք: Կոնտեքստը սա է, ու սա վիրավորական է: Ամեն դեպքում իմ հարցը հանվում է ու մերժվում: Դանիելյանը («Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը-խմբ.) ասում է`պարո’ն Բագրատյան, Դուք նույնիսկ առաջարկեցիք, որ ԱԺ նախագահի առաջարկն ավելի լավն է: Ես այդ վեհանձնությունն ունեմ, որ դա առաջարկեմ: Ես պատրաստ եմ զիջել ցանկացած հարց, բայց էթիկան պահանջում է, որ Արարատ Միրզոյանն ինձ հրավիրի իր մոտ ու ասի, որ մենք նպատակահարմար ենք գտնում, և Դուք էլ, որպես պետության նկատմամբ Ձեր վերաբերմունքով հայտնի անձնավորություն, այս ձևով անենք: Վստահեցնում եմ, որ ես 24 ժամ կաշխատեի, որ այդ նախագիծն ավելի լավը լիներ, բայց արհամարհանք եմ համարում, երբ ես ամսի 2-ին ներկայացնում եմ, և այս խողովակով է գնում`Արարատ Միրզոյանով պիտի անցնի. կարող է ցանկացած նախագծի տակ անունը փոխի ու ինքը ներկայացնի: Սա մոտեցո՞ւմ է»:
Բագրատյանի խոսքով` այս ամենին հետևեց ԲՀԿ-ի գրությունը` եթե Դուք ազնիվ եք Ձեր մղումներում, եկեք քննարկենք Հաշվեքննիչ պալատը ընդդիմությանը փոխանցելու հարցը: «Դրան պատախանում է Ձեր աշխատակազմի ղեկավարը, թե` ՏՄՊՊՀ-ում մեկ տեղ տվել ենք, հերիք է ձեզ: Գնացեք, ուրախացեք, ծափ տվեք, ասեք` էս ինչ ուժող իշխանություն ունենք»,- նշեց նա:
Պատգամավորը դեպքի առիթով մեջբերեց Պարույր Սևակի խոսքերը`դրանք բացարձակ տեղին չհամարելով, սակայն, ըստ նրա, բառակապակցությունը շատ նման է: Բագրատյանն ասաց. «Ես հաճախ կարող եմ շատերին ասել, որ Դուք բնավ այն չեք եղել, ինչ կարծել եք: Ես կարծել եմ, որ մենք ազնիվ ճանապարհով ենք գնում և մանիպուլյացիաների ճանապարհով չենք գնալու: Ես հանձնաժողովում ասացի` ստեղծագործելու միտքը մարդու բնատուր, եզակի արժեքն է, և ստեղծագործող մարդուն չի կարելի կոտրել, մանիպուլյացիաներ անել: Ինքս համոզմված եմ, որ Դուք ազնիվ ճանապարհով եք գնում, եթե` չէ, հայտարարեք, որ իշխանությունը շատ ավելի հաճելի գործունեություն է, քան թե նոր ինչ-որ անել մտածելը»:
Ելույթում պատգամավորը հստակեցրեց նաև, որ առաջարկն արել են հենց իշխող խմբակցությանը, քանի որ նրանք, իրենց խոսքով, չեն առաջնորդվում «իզմ»-երով: «Պատասխանը, պարո’ն վարչապետ, ինձ ցավ է պատճառել: Եթե մենք մտահոգ ենք երկրի զարգացման ընթացքով, պետք է իրար հարգենք, իրար նկատմամբ ջերմություն ցուցաբերենք ու չպետք է իրար վիրավորենք»,- շեշտեց նա:
Անդրադառնալով «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Համազասպ Դանիելյանի զարմանքին`Բագրատյանը նշեց. «Ինչի՞ վրա եք զարմանում, եղբա’յր: Զարմանում եք, որ 10 մարզպետ գալիս է հաշվետվություն ներկայացնելու, մեկ հարց չունի՞ այս խմբակցությունը, որ մենակ ես 10 մարզպետի եմ հարց տալիս: Դրա վրա թող զարմանա, թե չէ ի՞նչ մեթոդաբանություն է`ամենաշատը իմքայլականներն են հարց տվել: Հանրապետության ողջ տարածքը համակարգող 10 մարզպետի մի հարց չեն ունեցել տալու»:
Ելույթի վերջում պատգամավորը նաև խոսեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի ելույթից: Նրա խոսքով` մինչը հեղափոխությունն ինքը մեծագույն ակնածանք է ունեցել Բաթոյանի նկատմամբ: «Հիմա, տիկին Բաթոյանն ասում է`պետք չէ մեզ համոզել, որ ժողովրդի վիճակը վատ է, որովհետև մենք ժողովրդի կառավարությունն ենք: Այս քեզ բան: Տիկի’ն Բաթոյան, բոլորից կսպասեմ նման արտահայտություն, բացի Ձեզնից: Հայկ Սարգսյանը մի օր ասաց` ժողովրդի կառավարության վրա մի' գոռացեք: Կարծես, մնացածը թուրքի բաշիբոզուկներ ենք, դուք`ժողովրդի կառավարություն: Բոլորս էլ ժողովրդի կառավարություն ենք, բոլորս էլ ծառայում ենք ժողովրդին, և եթե Ձեզ ասում են` ժողովրդի վիճակը վատ է, դա չի նշանակում, որ դուք պետք է հակադարձեք այս արտահայտությանը»,-եզրափակեց Բագրատյանը: