Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ջութակահար Հրաչիկ Հակոբյանը Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ամենատարեց երաժիշտն է` ֆիլհարմոնիկի կազմում է 1975-ից: Սկսած 1967-ից՝ Հակոբյանը շուրջ 10 տարի աշխատել է Ռադիոյի եւ հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախմբում: Երկար տարիներ դասավանդել է Անուշավան Տեր-Ղեւոնդյանի անվան երաժշտական դպրոցում: Հակոբյանը ջութակահար է դարձել քրոջ կամքով, ով որոշել էր, որ եղբայրը պետք է անպայման երաժշտական կրթություն ստանա: Հակոբյանը կարծում է, որ մշակութային կյանքում ստեղծված այս իրարանցումը շատ արագ հարթվելու է, ուղղակի տարիներ անց այս օրերի մասին պատմող ոչ մի արժեքավոր բան չենք ունենալու` մշակութային պատմության այսօրվա էջը դատարկ է լինելու:
-Տարեցտարի պակասում է այն ծնողների թիվը, որոնք իրենց երեխաներին երաժշտական կրթության են տալիս: Ի՞նչ եք կարծում, ինչո՞վ է սա պայմանավորված:
-Իմ երիտասարդության տարիներին բոլորը դաշնամուր էին նվագում, եւ մարդիկ հպարտանում էին, որ դաշնամուր ունեին: Ճիշտ է, մենք այն ժամանակ բողոքում էինք, թե ինչու են բոլորը միայն դաշնամուր եւ ջութակ նախընտրում, բայց հիմա երանի ենք տալիս այդ տարիներին: Այսօր երաժշտական դպրոցներն օրեցօր դատարկվում են. ես դրանցից մեկում դասավանդում եմ, եւ գիտեք, օրինակ, թավջութակի բաժնում մեկ աշակերտ ունենք:
-Ժամանակնե՞րն են փոխվել, թե՞ մարդկանց վերաբերմունքը:
-Երաժշտությամբ զբաղվելիս սկզբնական փուլում պետք է անպայման հետեւել երեխային: Ոչ մի երեխա իր կամքով չի նստի եւ ժամեր շարունակ պարապի. ծաղիկն ինչպե՞ս է` պետք է խնամես, չէ՞, որ ծաղկի: Տարիներ անց միայն, երբ երեխան արդեն երաժշտության մեջ «մտած կլինի», կկարողանա ինքնուրույն որոշել`շարունակել այդ ուղղությամբ, թե` ոչ: Երաժշտությամբ զբաղվելու համար տաղանդ պետք է ունենաս, ներսից պետք է բխի սերը: Սակայն ծնողի դերը նույնպես շատ մեծ է: Իմ ծնողները երաժիշտներ չէին, ուղղակի երաժշտասեր են եղել, եւ նրանք սկզբնական շրջանում, այո, ստիպել են, որ պարապեմ, բայց որոշ ժամանակ անց ամեն ինչ փոխվեց:
-Ի՞նչն է պատճառը, որ դասական երաժշտությունը զվարճանքի վայրերում չի հնչում /օրինակ` սրճարաններում/:
-Եթե այսպես շարունակվի, չի էլ հնչի: Վերջին 25 տարվա ընթացքում մենք այդպես էլ հնչեղ անուն չենք լսել, չենք էլ լսի, քանի որ ռաբիսացիայի ենք ենթարկվել, քանի որ ռաբիսը շատ է գովազդվում: Երեխան փոքրուց ռաբիսը է լսում եւ մտածում, թե դա է ճիշտ երաժշտությունը, ինքը պետք է դա լսի, ոչ թե Բեթհովեն: Երեխաներն այժմ գիրք չեն կարդում, իսկ մեր ժամանակ ինչպե՞ս կարող էիր չկարդալ. բոլորի տներում մեծ գրադարաններ կային: Մշակութային քաղաքականություն չունենք, «կոլխոզ» շուկայի ենք նմանվել` ով գումար ունի, երգում է, բայց այսօրվա երգիչներն ու աստղիկները շատ արագ մոռացվելու են:
-Վերջերս Լիլիթ Հովհաննիսյանը վերցրել էր Մոցարտի «Ռեքվիեմից» մի հատված եւ իր երգի մասը դարձրել: Ինչպե՞ս եք վերաբերվում նման երեւույթների:
- Ուրախ եմ, որ Լիլիթ Հովհաննիսյանը գիտի Մոցարտին, բայց ինչո՞ւ չդիմել Կոմիտասին կամ հայ հոգևոր երաժշտության այլ գոհարների: Չգիտեմ` ինչպե՞ս մեկնաբանել` դա գովա՞զդ է, թե՞ Լիլիթ Հովհաննիսյանի ստատուսի բարձրացում: Դասականը չպետք է համադրել. Շեքսպիրն իր տեղն ունի, Քամյուն` իր, Թումանյանն` իր: Դա նույնն է, թե վերցնենք Թումանյանի գործերից մեկը եւ սերիալ նկարահանենք: Վերջերս հեռուստացույցով մի կատարում հնչեց, որի ներքեւում գրվեց, թե այսինչ դուդուկահարը կատարեց Բեթհովենի «Լուսնի սոնատը». Ինչպե՞ս կարող է պրոֆեսիոնալ երաժիշտը դուդուկի վրա կատարել դաշնամուրի համար գրված ստեղծագործությունը: Այդպես կարելի է դուդուկով նվագել անգամ սիմֆոնիաներ: Ես դուդուկ շատ եմ սիրում, բայց դուդուկը թող մնա իր տեղում՝ որպես շատ լավ ժողովրդական գործիք: Ոչ ոք չի էլ խոսում այս մասին, չեն ուզում վատամարդ լինել: Դպրոցը չի պահանջում, որ երեխաները գիրք կարդան. Անդերսոնի եւ Թումանյանի հեքիաթները իմ սեղանին մշտական գրքերն էին: Երիտասարդներին ցույց են տալիս Թումանյանի, Կոմիտասի, Շիրազի, Արամ Խաչատրյանի լուսանկարները, չեն ճանաչում:
-Շատերն ասում են, որ անհրաժեշտ է ստեղծել մշակութային հանձնաժողով, որ գրաքննություն կմտցնի, համամի՞տ եք:
-Այո, բայց դա էլ չի փրկի: Մարդիկ սիմֆոնիա են նվագում, և որքա՞ն գումար են ստանում, իսկ աստղիկները որքա՞ն են ստանում: Ինչ է, պետական այրերը չե՞ն տեսնում այս վիճակը: Պետական մտածողություն է պետք այս գործի համար:
-Բեռլինում հանգստյան օրերին դասական երաժշտության բացօթյա համերգներ են լինում: Մենք չունե՞նք նման միջոցառումների կարիք:
-Մեզ մոտ նման միջոցառում չի լինի, քանի որ նմանատիպ միջոցառումներ կազմակերպելու համար պետության ֆինանսական աջակցությունն է պետք: Նախկինում` ԽՍՀՄ տարիներին, գյուղերում, այգիներում նվագում էինք, բայց դա վերացավ, ինչպես բոլոր լավ ծրագրերը: Այսօրվա մշակութային պատմության էջը դատարկ է մնալու: Նորից եմ կրկնում` մենք չունենք պետական մշակութային քաղաքականություն: Մենք գիտենք` ով էինք, բայց հիմա ո՞վ ենք...
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ