Փոխարժեքներ
03 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.88 |
EUR | ⚊ | € 418.65 |
RUB | ⚊ | ₽ 3.74 |
GBP | ⚊ | £ 505.55 |
GEL | ⚊ | ₾ 138.39 |
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Ավստրիայի արտգործնախարարի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ պատասխանել է լրագրողներից մեկի այն դիտարկմանը, որ ՆԱՏՕ-ի գագաթաժողովում ընդունված հռչակագրում, կարծես, առավելություն է տրվում տարածքային ամբողջականությանը:
«Վստահ եմ, որ գիտեք, որ ՆԱՏՕ-ն բազմիցս հայտարարել է, որ չի զբաղվում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմամբ: Ավելին` իր աջակցությունն է հայտնել եռանախագահող երկրների մոտեցումներին և ջանքերին, որոնք բազմիցս արտահայտվել են` նախագահների մակարդակով` հինգ հայտնի հայտարարությունների միջոցով, և որոնք համահունչ են Հայաստանի մոտեցումներին:
Մինսկի խմբի երկու համանախագահները Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ են: Չնայած դրան՝ ՆԱՏՕ-ի վերջին գագաթաժողովների ընթացքում՝ գագաթաժողովից գագաթաժողով որոշ փոփոխություններով, նաև վերջին` Ուելսի գագաթաժողովի ժամանակ այն դրույթում, որը վերաբերում է Մոլդովայում և Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորմանը, ներառվել են ձևակերպումներ, որոնք ընդհանրացված կամ ընտրովի մոտեցում են արտահայտում, ինչը չի համապատասխանում եռանախագահների կողմից արված առաջարկներին, հնչեցված գաղափարներին և մոտեցումներին, չի համապատասխանում նաև այն բազմաթիվ հայտարարություններին և որոշումներին, որոնք ընդունվել են վերջին տարիների ընթացքում` ԵԱՀԿ շրջանակներում:
Դա, իհարկե, վնաս է հասցնում բանակցային գործընթացին, վնաս է հասցնում նաև տարածաշրջանում կայունությանը և անվտանգությանը։ Դա նպաստում է նրան, որ Ադրբեջանը ավելի և ավելի է կտրվում իրականությունից և իր ռազմատենչ հռետորաբանությամբ ու քաղաքականությամբ հակառակ է գնում հիմնախնդրի կարգավորման` միջազգային հանրության մոտեցմանը։ Ես կցանկանայի նշել, որ ընտրովի մոտեցումը սկզբունքներին հակասում է միջազգային իրավունքին, ՄԱԿ-ի կանոնադրությանը, նաև` Հելսինկյան եզրափակիչ ակտին»,- հայտարարել Նալբանդյանը: