կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-05 18:55
Առանց Կատեգորիա

Ո՞վ է սերտելու ուկրաինական տխուր դասերը

Ո՞վ է սերտելու ուկրաինական տխուր դասերը

Բելառուսական, ուկրաինական և ռուսական լրատվամիջոցները, միմյանց հղում կատարելով, տեղեկացնում են, որ Ուկրաինայի և ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությյունների ներկայացուցիչների միջև այսօր կնքվել է հրադադարի հաստատման մասին 14 կետանոց արձանագրություն:

 

Ինքնին հրադադարի կնքումը կարևոր է՝ երկու կողմերի զինված ուժերի միջև արյունալի բախումները և դրանց արդյունքում հազարավոր մարդկային կորուստները դադարեցնելու առումով: Բայց զուտ քաղաքական տեսանկյունից այդ արձանագրության ստորագրումը Ուկրաինայի պարտության ինքնախոստովանությունն էր: Էականն այն չէ՝ դա պարտություն էր Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ իշխանությունների և նրանց պաշտպանող զինված խմբավորումների՞ նկատմամբ, թե՞ ռուսական կանոնավոր բանակի: Փաստն այն է, որ, ստորագրելով այդ փաստաթուղթը, Կիևը ոչ միայն արձանագրեց ռազմական գործողությունների և պատժիչ գործողությունների միջոցով երկրի արևելքից անջատողականներին չեզոքացնելու պլանի ձախողումը, այլև, այսպես կոչված, ԴԺՀ-ին և ԼԺՀ-ին ճանաչեց որպես հակամարտության կողմ և սուբյեկտ: Սա նշանակում է, որ Ուկրաինան այլևս երբեք առաջվանը չի լինի, որ գործ ունենք մի նոր Ուկրաինայի հետ, որը բաժանված է երկու, գուցե` երեք մասերի: Ընդ որում՝ նույնիսկ էական չէ՝ դա ներքի՞ն բաժանում է, այսինքն` ԴԺՀ-ն ու ԼԺՀ-ն մնալու են Ուկրաինայի կազմում որպես որոշակի սուվերենություն ունեցող սուբյեկտնե՞ր, թե՞ ոչ: Էականն այն է, որ հազարավոր մարդկային ու նյութական կորուստները հանգեցրին մի արդյունքի, որը համառորեն փորձում էր կանխել Կիևը, որն իսկական ողբերգություն է Ուկրաինայի պետության և ժողովրդի համար և որն արձանագրվում է ներքին անջատականությանը ուժային հակահարված հասցնելու հարցում Կիևին ոգևորող Եվրոպայի, Արևմուտքի լուռ համաձայնության ներքո: Կիևն այս պարտությունը (առայժմ հայտնի չէ` ռազմավարական, թե` մարտավարական) կրեց այն պատճառով, որ փաստացի այդպես էլ մնաց մենակ ռուսական ագրեսիայի դեմ-հանդիման, և կողքից օժանդակությունն այդպես էլ խոսքից կոնկրետ վճռական գործողությունների չհանգեց: ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառված ֆինանսատնտեսական ու ոլորտային պատժամիջոցները այնպիսի վնաս չկարողացան հասցնել Մոսկվային, որպեսզի նախագահ Պուտինը հրաժարվեր Ուկրաինան բաժանելու մտքից: Սիմվոլիկ է այն հանգամանքը, որ այս հրադադարը կնքվում է հենց ուկրաինական ճգնաժամով թելադրված` ՆԱՏՕ-ի գագաթաժողովի անցկացման օրերին: Մի գագաթաժողով, որը հրավիրվել էր` փաստացի  ասելու համար, որ ո'չ Դաշինքը, ո'չ էլ դրան մաս կազմող երկրներն Ուկրաինային ոչնչով օգնել չեն կարող, և Կիևը պետք է բավարարվի մի քանի միլիոն դոլարի ֆինանսական օգնություն ստանալու խոստումներով: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն այս գագաթաժողովից չստացավ այն, ինչի ակնկալիքն ուներ:

 

Փոխարենը, օգտագործելով Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի իրականացրած ագրեսիան, ՆԱՏՕ-ն փորձում է իրագործել մերձբալթյան երկներում և Ռուսաստանի արևելյան սահմանագծի երկայնքով հակաօդային պաշտպանության համակարգեր տեղակայելու պլանը: Դրա համար նրան անհրաժեշտ է տպավորություն ստեղծել, թե իրականում Ռուսաստանից վտանգը ոչ թե նրա նախկին ազդեցության գոտում գտնվող երկրների հանդեպ է, այլ ՆԱՏՕ-ի եվրոպական անդամների: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման` Ռիգայում, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոն Ռասմուսենը Նյուպորտում հենց այս ուղերձները հղեցին եվրոպացիներին: Որքան էլ ցինիկ հնչի, փաստորեն, Արևմուտքն այս չհայտարարված պատերազմում, Ուկրաինայի արևմտյան և արևելյան հատվածների բնակչությանը մատաղացու դարձնելով, մի ողջ երկրի ավերման գնով առաջ է հրում իր շահերը: Ուկրաինան, փաստորեն, վճարում է ավելի շատ Ռուսաստան-Արևմուտք առճակատման համար:

 

Որքան Ուկրաինան չէր կարող պատկերացնել, թե մինչև ուր կարող է հասնել ռուսական արջի կատաղությունը, նույնքան էլ չէր կարող պատկերացնել, թե մինչև որտեղ կարող է հասնել եվրոպական աղվեսի սառնասրտությունը: Եվ այս խորապատկերում հարց է առաջանում, թե ի՞նչ էր լինելու Հայաստանի հետ, եթե այն ևս որդեգրեր Ռուսաստանից ապահարզանի` ուկրաինական կտրուկ ճանապարհը: Արդյո՞ք այն բոլոր վրլուծաբանները, երդվյալ արևմտամետները կարող էին երաշխավորել, որ ղարաբաղյան վերարթնացող պատերազմ ունեցող Հայաստանին նույնպիսի, գուցե ավելի դաժան ճակատագիր չէր սպասվելու՝ եվրոպական նույն սառնասիրտ ու հաշվենկատ հայացքների ներքո: Նույնիսկ այն դեպքում, երբ Սերժ Սարգսյանն ստիպված եղավ անցած տարի սեպտեմբերին եվրաասոցացման ուղուց հրաժարվելու և Մաքսային միության մեջ մտնելու՝ իրականում նվաստացուցիչ հայտարարությունն անել, Ռուսաստանը չխորշեց հայկական շահերն աճուրդի հանելու միջոցով սիրախաղեր սկսել Ադրբեջանի հետ: Որևէ կասկած չի կարող այլևս լինել, որ կրկնվելու էր 1991թ. իրականացված «Կոլցո» գործողության նոր արարը:

 

Խնդիրը բացարձակապես Ռուսաստանի հպատակը դառնալու` ներկայիս քաղաքական ուղեգիծն արդարացնելը չէ: Ուկրաինայի ներկայիս վերաբաժանումը ավելորդ անգամ հաստատում է, որ աշխարհը թևակոխել է մի դարաշրջան, որտեղ հիմնական խնդիրը, հատկապես` փոքր ու միջին երկրների համար, դարձել է անվտանգության ապահովումը, արտաքին մարտահրավերները չեզոքացնելը՝ սեփական ռեսուրսների հզորացման և զարգացման միջոցով: Ո'չ Ռուսաստանը և ո'չ էլ Արևմուտքը մեզ չեն պաշտպանելու անհրաժեշտության դեպքում, նրանք պարզապես Հայաստանը և Արցախը, տարածաշրջանը դարձնելու են իրենց շահերի բախման ռազմադաշտ, և յուրաքանչյուրը ձգտելու է մեր հաշվին մեր կրակից իր շագանակները հանել: Հետևաբար, խնդիրը ոչ թե արտաքին այս կամ այն կողմնորոշումը որդեգրելն է, այս կամ այն ռազմաքաղաքական դաշինքի մեջ փրկություն որոնելը, այլ անվտանգության ապահովման սեփական կոնցեպտը ստեղծելը՝ արտաքին հնարավորինս չեզոք կողմնորոշում որդեգրելու, մանևրելու և, ամենակարևորը, սեփական եղունգով սեփական գլուխը քորելու ճար գտնելու միջոցով:

 

Հայկական բանակն անցած ամիս ապացուցեց, որ այդ ռեսուրսը կա: Ոչ թե Ռուսաստանը, հետո էլ ԱՄՆ-ը ստիպեցին Սերժ Սարգսյանին ու Իլհամ Ալիևին նստել բանակցությունների սեղանի շուրջ, գոնե առժամանակ հրաժարվել ռազմական-դիվերսիոն արկածախնդիր գործողություններից, այլ հենց հենակետում կանգնած հայ զինվորը, որը, ցավոք, չի կարող նաև մեր երդվյալ ռուսամոլներին կամ ամերիկամոլներին ձեռքի հետ նաև խոհեմության դասեր տալ:

 

Գևորգ Դարբինյան