Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հոկտեմբերի 7-ի առաւօտեան, երբ լրահոսի կիզակէտում յայտնւեցին «Ալ-Աքսայի փոթորիկ» ռազմական գործողութեան վերաբերեալ լուրերը, ակնյայտ էր, որ սա ոչ թէ պաղեստինա-իսրայէլական հակամարտութեան հերթական սրացումն է, այլ լայնածաւալ յարձակում՝ պատերազմ, որն անսպասելի էր, եւ անակնկալի բերեց բոլորին:
Նոկդաուն վիճակում յայտնւած իսրայէլական բանակի խուճապը պատկերած կադրերը, իսրայէլական բնակավայրերում ընթացող մարտերը, կաթւածահար վիճակում յայտնւած կառավարութիւնը, պառակտւած ու ամենաներքեւի մակարդակի իջած հասարակութիւնը, միջազգային հանրային կարծիքի մօտ փշրեցին «ամենակարող» հրէական պետութեան անխոցելի թւացող հեգեմոնիայի վերաբերեալ բոլոր պատրանքները: Սա պատերազմի առաջին երկու օրւայ համայնապատկերն էր:
Այս համատեկստում այլեւս երկրորդական խնդիր է դարձել այն, թէ ինչ աւարտ կունենայ այս պատերազմը կամ կը յաջողւի՞ արդեօք Իսրայէլին շտկել մէջքն ու փրկել իրավիճակը, թէ՝ ոչ: Կարեւորը ինքը՝ «Ալ-Աքսայի փոթորիկ» գործողութիւնն ու դրա՝ մինչ այժմ գրանցած յաջողութիւնների հիման վրայ պաղեստինա-իսրայէլական հակամարտութեան կարգաւորման գործընթացում ուժերի հսկայ տեղաշարժն ու առկայ հաւասարումների խախտումն է, ինչը կարելի է ենթադրել, որ պաղեստինեան կողմի գլխաւոր նպատական էր, քանի որ այս կամ նմանատիպ այլ գործողութիւնների արդիւնքում պաղեստինցիների վերջնական յաղթանակի ու բռնագրաււած տարածքների ազատագրման մասին խօսելը մեղմ ասած, պարզամտութիւն կը լինի:
Իսկ ինչ դասեր է անհրաժեշտ քաղել պաղեստինա-իսրայէլական այս պատերազմից: Սա այն գլխաւոր հարցն է, որը թւում է, թէ ամենաշատը պէտք է յուզի մեզ:
1993 թւականի սեպտեմբերի 13 ստորագրւած փաստաթղթով, որը յայտնի է որպէս «Օսլոյի գործընթաց», սկիզբը տրւեց մի գործընթացի, որը ենթադրում էր պաղիստինա-իսրայէլական հակամարտութեան քաղաքական լուծում:
«Օսլոյի գործընթացը» սակայն, անհրաժեշտ ժամանակն ընձեռեց Իսրայէլին՝ ամրացնելու իր ռազմավարչական վերահսկողութիւնը գրաւեալ տարածքներում, ամրապնդելով իր գերիշխանութիւնը Յորդանան գետի արեւելեան հատւածի եւ Արեւելեան Երուսաղէմի վրայ: Այսպիսով Իսրայէլն «Օսլոյի գործընթացն» օգտագործեց պաղիստեանն տարածքների գաղութացումն անվերադարձ դարձնելու համար: Դրա վերջին ակորդը «Աբրահամի համաձայնագրի» շրջանակում արաբական երկրների հետ յարաբերութիւնների կարգաւորումն էր, որի գլխաւոր նպատակներից մէկը պաղեստինեան դատի հարցը վերջնականապէս թաղելն էր:
«Ալ-Աքսայի փոթորիկ»-ը եկաւ խառնելու բոլոր խաղաքարտերն ու պաղեստինեան կողմին պարտադրւող խաղի բոլոր կանոնները: Պաղեստինա-իսրայէլական հակամարտութեան կարգաւորման շուրջ ստեղծւած կոնսենսուսն այլեւս մեծ հաշւով առ ոչինչ է դարձել եւ, թէեւ, դեռեւս ոչ ոք չի բարձրաձայնում այդ մասին, այդուհանդերձ կասկածից վեր է, որ հակամարտութեան խաղաղ կարգաւորման գործընթացն այլեւս անհնար է պատկերացնել նախկին ընթացքով, որտեղ միակողմանի զիջումներ անողը եւ անընդհատ նահանջողը պաղեստինեան կողմն էր:
Պաղեստինցիներն իրականում ի ցոյց դրեցին խաղի պարտադրւող պայմաններն առ ոչինչ դարձնելու եւ աղէտաբեր գործընթացները կասեցնելու մաստեր կլաս: Եւ սա հէնց այն գլխաւորն է, որն անհրաժեշտ է մեզ, եթէ, իհարկէ, ցանկանում ենք վերադարձնել Արցախն ու պահել Հայաստանը:
Իսկ դրա համար մենք պէտք է գիտակցենք, որ.
-Մեր թշնամին նոյնն է, ինչ՝ Իսրայէլը: Ունի նոյն ձեռագիրը եւ գործում է նոյն ոճով, ու փորձում է արժեզրկել եւ առ ոչինչ դարձնել մեր 30 տարւայ պայքարն ու յաղթանակները,
-ինչպէս պաղեստինցիների դէպքում, մեր պարագայում եւս թշնամին փորձում է արցախեան ազատամարտը ներկայացնել որպէս մի խումբ «ահաբեկիչների» նախաձեռնութիւն, այլ՝ ոչ թէ հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի արդիւնք: Սա ուղղակի մեզ բարոյազրկելու, նկարագրից եւ ինքնութիւնից պարպելու, մեր պատմութիւնը արժեզրկելու եւ ողնաշարը փշրելու նպատակային գործողութիւն է,
-Հայաստանում կայ հակաազգային մի իշխանութիւն, որը ենթադրեալ խաղաղութեան հասնելու համար, դարձել է թշնամու կամակատարը, լիովին յանձնւել է նրա ողորմածութեանն ու հրաժարւել է մեր հայրենիքի անքակտելի մի մասից, ազգային ինքնութիւնից, յաղթանակներից ու տեսլականներից,
-միջազգային հարթակներում Հայաստանը դարձել է անտեսակէտ մի պետութիւն, իսկ մեր ապագայի վերաբերեալ բոլոր սցենարները կազմւում են առանց մեր մասնակցութեան,
-գործ ունենք, մի իշխանութեան հետ, որն ի վիճակի չէ եւ չի էլ ցանկանում ձեւակերպել ազգային եւ պետական շահերից բխող օրակարգ,
-նման իշխանութիւններին է հնարաւոր պարտադրել ամէն ինչ եւ պահանջել նորանոր զիջումներ:
Սա է մեր գորշ եւ անյատակ թւացող իրականութիւնը, որից դուրս գալու համար մեզ անհրաժեշտ է Հայաստանում օր առաջ ձեւաւորել ազգային նկարագրի տէր, պայքարի կամք եւ վճռակամութիւն ունեցող բոլորովին նոր որակի իշխանութիւն, որն ի վիճակի կը լինի ձեւակերպել պետական եւ ազգային օրակարգ, առկայ մարտահրաւէրների եւ սպառնալիքների համար առաջարկել ռացիոնալ, խելամիտ լուծումներ, եւ օգտագործելով հնարաւոր ցանկացած միջոց՝ խառնելու այսպէս կոչւած բանակցային սեղանի վրայ առկայ խաղաքարտերն ու հրաժարւել մեզ պարտադրւող պայմաններից, զրոյացնելով ընթացող պրոցեսը:
Սա է մեր միակ փրկօղակը, որի համար այլընտրանք գոյութիւն չունի:
Պաղեստինը ցոյց տւեց մեզ, թէ ինչպէս է պէտք վարւել ամենաանելանելի պայմաններում: Անշուշտ, եթէ կամենանք, մենք եւս կարող ենք վարւել նոյնկերպ: Յիշե՛նք. Մենք ոչնչով չենք զիջում պաղեստինցիներին, իսկ մեր թշնամին էլ ոչ աւելի հզօր է, քան Իսրայէլը:
Սա է ողջ իրականութիւնը, իսկ ընտրութիւնը մերն է:
«ԱԼԻՔ»-ի խմբագրական