կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-05 16:15
Տնտեսական

ՀՀ-ում օտարերկրյա ներդրումների 35 տոկոսից ավելին կատարվել է օֆշորային երկրներից (ինֆոգրաֆիկա)

ՀՀ-ում օտարերկրյա ներդրումների 35 տոկոսից ավելին կատարվել է օֆշորային երկրներից (ինֆոգրաֆիկա)

Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների հոսքերի ծավալը, ըստ ԱՎԾ հրապարակած տվյալների (առանց պետական կառավարման և բանկային համակարգով ստացվածի), կազմել է 446  միլիարդ 341.8 միլիոն դրամ, որից ուղղակի ներդրումները կազմել են 249 մլրդ 963 մլն դրամ:

 

Հպանցիկ նշենք, որ Հայաստանի տնտեսության մեջ ամենաշատ ներդրումներ կատարած երկրների հնգյակը գլխավորում է Ռուսաստանի Դաշնությունը' 213 միլիարդ 194.6 միլիոն դրամ` ընդամենը ներդրումներով, ու 196 միլիարդ 816.4 միլիոն դրամ` ուղղակի ներդրումների ցուցանիշով: Երկրորդը օֆշորային երկիր Կիպրոսն է' 67 միլիարդ 32.1 միլիոն դրամ` ընդամենը ներդրումներով, որից միայն 2 միլիարդ 601.5 միլիոն դրամն է ուղիղ ներդրումներ: Երրորդ տեղում Գերմանիան է' 48 միլիարդ 109.8 միլիոն` ընդամենը եւ 9 միլիարդ 167 միլիոն դրամ' ուղղակի ներդրումների ցուցանիշով: Չորրորդ ամենաշատ ներդրումներ արած երկիրը դարձյալ օֆշորային գոտի համարվող Լիբանանն է' 16 միլիարդ 409.6 միլիոն դրամ` ընդամենը եւ 6 միլիարդ 174.6 միլիոն' ուղիղ ներդրումներով: Հնգյակը եզրափակում է դարձյալ օֆշորային գոտի համարվող բրիտանական Վիրջինյան կղզիները, որի ընդամենը ներդրումների ծավալը կազմել է 13 միլիարդ 374.1 միլիոն դրամ, իսկ ուղղակի ներդրումները' 281.3 միլիոն դրամ:

 

Թե ո՞ր երկրներից է այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան ներդրումների հոսք եղել, կարող եք ծանոթանալ այստեղ: Ուշագրավ է, որ Հայաստանի տնտեսության իրական հատվածում ներդրումներ կատարած երկրների մեջ օֆշորային ու օնշորային գոտիներ համարվող երկրները փոքր թիվ, իսկ նրանց կատարած ներդրումները' փոքր ծավալ չեն կազմում: Նշենք, որ 26 երկրների կեսը օֆշորային կամ օնշորային գոտիներ համարվող երկրներ են'  8-ը համարվում են օֆշորային, իսկ 5-ը' օնշորային գոտիներ: Թե ո՞րն է դրա տարբերությունը, կարող եք ծանոթանալ Yerkir.am-ի այս հոդվածում:

 

Հայաստանի տնտեսության իրական հատվածում կատարված ներդրումների ու դրանց մեջ օֆշորներից կատարված ներդրումների վերաբերյալ առավել մանրամասն ներկայացնենք ստորեւ.

 

 

Այսինքն' ստացվում է, որ 2014 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա 446 միլիարդ 341 միլիոն 800 հազար դրամ ներդրումներից 157 միլիարդ 780 միլիոն 200 հազար դրամը կամ  35 տոկոսից ավելին կատարվել է օֆշորային ու օնշորային երկրներից:

 

Վերջում ընդհանրացնելով` նշենք, որ օֆշոր-օնշորային երկրներից  կատարված ներդրումները հիմնականում ուղղվել են մեր երկրի հանքարդյունաբերության, խմիչքների արտադրության, շինարարության, մեծածախ առևտրի, հեռահաղորդակցության ոլորտներին: