կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-13 12:23
Իրավական

Դատարաններին ներկայացված՝ կալանավորման միջնորդությունների 80 տոկոսից ավելին բավարարվել է, սա աննախադեպ բարձր ցուցանիշ է․ Արամ Վարդևանյան

Առկա է կալանավորումների բավարարման աննախադեպ բարձր ցուցանիշ։ Այս մասին ԱԺ-ում կալանքի՝ որպես խափանման միջոցի կիրառման ինստիտուտի արժեզրկման, դատական գործերի «ձեռքով» մակագրման կարգի խախտումների և դրանց վերացման վերաբերյալ աշխատանքային քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։ 

Նա նշեց, որ 2021 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին փորձել է պարզել խափանման միջոց կալանավորման վերաբերյալ վիճակագրական տվյալները, և պատկերը ծայրահեղ անհանգստացնող է եղել։

«Դատարաններին ներկայացված՝ կալանավորման միջնորդությունների 80 տոկոսից ավելին բավարարվել է, սա չի կարող նորմալ լինել։ ԲԴԽ-ն ասում էր՝ «դատավորնե՛ր, շատ մի՛ խորացեք հիմնավոր կասկածը գնահատելիս, քննիչը մի քանի փաստական տվյալ է բերել, բավարարեք, անցեք առաջ»։ Արդարադատություն նախարարությունն էլ օգտագործում է կարգապահական վարույթների հարուցումը՝ որպես դատավորների նկատմամբ ճնշումների, ընդհուպ՝ հաշվեհարդարի հերթական գործիք, ու արդյունքում՝ ունենում ենք շատ վտանգավոր պատկեր՝ կալանավորումների բավարարման աննախադեպ բարձր ցուցանիշ»,- ասաց նա։ 

Ըստ Վարդևանյանի՝ կալանավորումների բարձր ցուցանիշը պայմանավորված է նաև նրանով, որ դատարաններն ուղղակի ասում են՝ կա խոչընդոտելու, թաքնվելու կամ նոր հանցանք կատարելու ռիսկ։ «Թե դա ինչո՞վ է պայմանավորված, ո՞ր փաստական տվյալն է հիմքում, չեն ասում»,- նշեց նա։

Անդրադառնալով դատական գործերի՝ «ձեռքով» մակագրման կարգի խախտումներին՝ Վարդևանյանը նշեց, որ արդեն նույնսիկ դատարանների աշխատակազմերի ղեկավարներն են մակագրման հարցերով զբաղվում, ինչը, ըստ նրա, անհեթեթություն է։