կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-02 16:25
Հասարակություն

Մոտ 40 միլիոն դրամ` Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման պլանի մշակման համար

Մոտ 40 միլիոն դրամ` Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման պլանի մշակման համար

Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման պլանի մշակման ծառայությունների իրականացման համար սեպտեմբերի 4-ի նիստում կառավարությունը պատրաստվում է 40 միլիոն 165 հազար դրամ  հատկացնել բնապահպանության նախարարությանը:

 

Որոշման այս նախագծի ընդունումը, նշվում է հիմնավորումներում, կապահովի Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման պլանի մշակման ֆինանսավորումը, ինչի մշակումը և հետագա կիրառումը կնպաստի Արարատյան դաշտում ստորերկրյա ջրային ռեսուրսների վիճակը բարելավմանը:

 

Որպես այս որոշման ընդունման անհրաժեշտության հիմնավորում` կառավարությունը նշում է, որ Արարատյան դաշտի ջրավազանի ջրային ռեսուրսների և հորատանցքերի ոչ ճիշտ օգտագործման և շահագործման հետևանքով սպառման եզրին են ստորերկրյա ջրային ռեսուրսների պաշարները: Արարատյան դաշտի ջրավազանի ջրային ռեսուրսների ճիշտ և համապարփակ կառավարման համար անհրաժեշտ է մշակել և իրագործել Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման պլանը, որը ներառում է Արարատյան ջրավազանային կառավարման տարածքի մակերևութային ստորերկրյա, ինչպես նաև Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների կառավարման պլանները: Պլանի մշակումը և իրագործումը նպատակաուղղված է հավասարակշռելու, ջրային ռեսուրսների առաջարկը և պահանջարկը, բացահայտելու ջրավազանում արտակարգ իրավիճակների  հնարավոր ռիսկերը, դրանց կանխարգելման և նվազեցման միջոցառումները:

 

Իսկ ջրավազանային կառավարման պլանի մշակման անհրաժեշտությունն ամրագրված է ՀՀ ջրային օրենսգրքի 17-րդ հոդվածով:

 

Որոշման այս նախագծի ընդունման արդյունքում, օրենսդրությամբ սահմանված կարգով, կմշակվի Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման պլանը: