կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-27 16:57
Հասարակություն

Ձկնաբուծությունը պատուհաս է դարձել Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի և բնակչության համար

Ձկնաբուծությունը պատուհաս է դարձել Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի և բնակչության համար

«Համահայկական Բնապահպանական Ճակատ»-ը գրում է.

 

«Մայր բնության կողմից Հայաստանին ընծայված քաղցրահամ ջրի երկու ամենախոշոր բնական շտեմարաններն են Սևանա լիճն ու Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի արտեզյան ավազանը:

 

Ցավոք, մարդկային ագահության և ապաշնորհ կառավարման արդյունքում, այս երկու բնական համալիրներն էլ վտանգված են ու կանգնել են լրջագույն մարտահրավերների առջև: 2003թ․-ից սկսած Էջմիածնի և Մասիսի տարածաշրջանների ինքնաշատրվանող գոտում բացված բազմաթիվ խոշոր ձկնաբուծարանների կողմից ջրի անխնա օգտագործման արդյունքում, այսօր վտանգված են Արարատյան դաշտի արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերի պաշարները։

 

Լրագրողներն ու բնապահպանները մի քանի տարի շարունակ ահազանգ էին հնչեցնում այդ խնդիրների մասին, սակայն ինչպես հաճախ է պատահում մեր երկրում՝ քայլեր սկսում են ձեռնարկվել միայն այն ժամանակ, երբ դանակն արդեն հասած է լինում ոսկորին։ Մի քանի մեծահարուստի կամ պաշտոնյայի համար շահավետ բիզնես դարձած ձկնաբուծությունը՝ անապատեցման եզրին է կանգնեցրել ողջ Արարատյան դաշտը (դիտեք Հետք-ի տեսանյութը)։

 

Ներկայացնենք մի շարք թվեր և փաստեր, որոնք կբացահայտեն իրադրության ողջ լրջությունը․


    - 2013թ.-ին Արարատյան արտեզյան ավազանի (ԱԱԱ) ստորերկրյա ջրերի օգտագործված ընդհանուր ծավալները կազմել են տարեկան մոտ 1,8 մլրդ. խմ, որի 64%-ը բաժին է հասել ձկնաբուծարաններին` ինչը կազմել է տարեկան 1,12 մլրդ. խմ աչքի լույսի մաքրություն ունեցող ջուր, որի հետևանքով այդ ավազանից թույլատրելի ջրառը գերազանցվել է մոտ 1,6 անգամ:


    - Այդ ծավալը 6,5 անգամ շատ է նույն տարվա ընթացքում Սևանա լճից բաց թողնված ջրի քանակից, և մոտ 18 անգամ գերազանցում է Երևան քաղաքում տարեկան օգտագործվող խմելու ջրի քանակը:

    - 2007-2013թթ. ընթացքում այդ թիվն աճել է գրեթե 3 անգամ` ինքնաշատրվանող գոտում բացված բազմաթիվ նոր խոշոր ձկնաբուծարանների պատճառով:

    - Մասիսի և Էջմիածնի տարածաշրջաններում ջրի պաշարների գերշահագործումը կազմել է 29,7 խմ/վրկ, իսկ ամբողջ ԱԱԱ-ում՝ 20,9 խմ/վրկ:

    - Այս ամենի հետևանքով տարեկան մոտ 720 մլն. խմ լրացուցիչ ջուր անվերադարձ հոսել է և հիմա էլ շարունակում է հոսել դեպի Արաքս գետը, հետո դեպի Նախիջևան` ոռոգելով այլոց դաշտերն ու այգիները:

     

     

    - Ձկնաբուծական տնտեսությունների կողմից ջրառը կատարվում է լավային և լավատակ բարձրորակ ջրերի` խմելու և կենցաղային ռազմավարական նշանակություն ունեցող ջրատար հորիզոններից:

    - 1,12 մլրդ. խ/մ մաքրամաքուր ջուրն օգտագործելու և հետո օտարներին հանձնելու դիմաց բոլոր գործող ձկնաբուծարանները միասին պարտավորված էին տարեկան վճարել (եթե իհարկե վճարել են) ընդամենը 56 մլն. դրամ կամ 137 000 ԱՄՆ դոլար բնօգտագործման վճար (այսինքն 1 խորանարդ մետրի դիմաց ընդամենը 5 լումա):

    - Նշենք նաև, որ բոլոր ձկնաբուծարաններն ազատված են շահութահարկ վճարելու պարտավորությունից:

     

    Իսկ այժմ տեսնենք, թե ինչ էկոլոգիական և սոցիալական խնդիրներ են առաջացել ձկնաբուծության այսպիսի անվերահսկելի զարգացման արդյունքում.

 

- Արարատյան արտեզյան ավազանի դրական ճնշում ունեցող ստորերկրյա ջրերի տարածքի մակերեսի կրճատում 3 անգամ՝ 32 760 հա-ից (1983թ.) մինչև 10 706 հա (2013թ.): Արդյունքում՝ 31 համայնք մասամբ կամ ամբողջությամբ զրկված է ինքնաշատրվանող հորատանցքերով ստացվող ոռոգման և խմելու ջրից:

 

Մանրամասն սկզբնաղբյուրում