Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Յուրաքանչյուր հեղափոխություն ունի իր դրական կողմերը, այս առումով պետք է նայենք առաջ ու քայլենք առաջ. լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը՝ խոսելով այն մասին, թե արդյո՞ք իրեն հարմարավետ է զգում երկրում կատարված փոփոխություններից հետո:
Հիշեցնենք, որ Ստեփանյանն իր պաշտոնին էր նշանակվել դեռ 2017-ին՝ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնավարման ժամանակ:
Ստեփանյանը նշեց, որ ինքը կրթության մարդ է, և իր գործունեության հիմնական նպատակը եղել են կրթության ոլորտի բարեփոխումները: «Ես հենց այդ նպատակով եմ եկել քաղաքապետարան, կատարել եմ իմ ներդրումը, շարունակում եմ իմ աշխատանքն այս նպատակով: Որևէ նշանակություն չունի մարդու արհեստավարժ լինելն այն բանի հետ, թե նա որ իշխանության օրոք է իրականացնում իր աշխատանքը»,- ասաց նա:
Հարցին, թե ո՞ր իշխանությունների օրոք էր քաղաքապետարանն ավելի արդյունավետ իրականացնում իր գործունեությունը, Ստեփանյանը պատասխանեց` քանի որ իր գործունեությունը շարունակում է, այս պահին գնահատական տալ չի կարող:
«Կարծում եմ՝ կրթությունը պետք է լինի ապաքաղաքականացված: Ինձ ոչ ոք չի հորդորել աշխատանքից ազատվել, և կարծում եմ՝ եթե մարդը պատվով է իր աշխատանքը կատարում, անկախ կուսակցական պատկանելիությունից՝ շարունակելու է իր աշխատանքը: Ես անկուսակցական եմ և այս պահին համարում եմ, որ կրթության ցանկացած ներկայացուցիչ պետք է զերծ մնա կուսակցական պատկանելությունից: Յուրաքանչյուր մարդ ունի իր վերաբերմունքը՝ կուսակցական լինել, թե չլինել: Ես նման պարտադրանք երբևէ չեմ ունեցել»,- ասաց Ստեփանյանը:
Հարցին, թե ե՞րբ է դուրս եկել ՀՀԿ-ից, Ստեփանյանը պատասխանեց, որ երբ որոշում է կայացրել, որ կրթության յուրաքանչյուր ներկայացուցիչ պետք է լինի անկուսակցական, այդ ժամանակ էլ դուրս է եկել: Նա հրաժարվեց կոնկրետ ժամկետ նշել, թե երբ է դադարեցրել իր անդամակցությունը ՀՀԿ-ին, բայց, համենայն դեպս, դա նոր չի եղել:
Հարցին, թե կաշխատի՞ նոր քաղաքապետի հետ, Ստեփանյանը պատասխանեց, որ, անկախ նրանից` ով կլինի քաղաքապետը, ինքն իր պարտականություններն է կատարում: «Մնացածն՝ առաջ Աստված»,- հավելեց նա: