Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սահմանամերձ գյուղերի դպրոցները միշտ ԿԳՆ-ի ուշադրության կենտրոնում են. լրագրողներին այսօր ասաց ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը' հավելելով, թե այդ դպրոցների առումով խնդիր չկա, դասագրքերի առումով' նույնպես, իսկ սահմանամերձ գյուղերի դպրոցների հետ կապված յուրաքանչյուր հարց փորձում են միանգամից լուծել' անմիջապես նախարարի մակարդակով:
Ինչ վերաբերում է այդպիսի դպրոցների ուսուցիչներին արտոնություններ տրամադրելու հարցին, ապա Նարինե Հովհաննիսյանը նշեց, որ նրանց որեւէ արտոնություն տրված չէ, նրանք աշխատում են նույն հիմունքներով, ինչ հանրապետության մյուս դպրոցների ուսուցիչները: Ամեն դեպքում, ընդգծեց բանախոսը, մինչ օրս որեւէ դժգոհություն չի հնչել նրանց կողմից:
Ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման առումով Նարինե Հովհաննիսյանը նշեց, թե դրանք, ինչպես խոստացել է նախարար Արմեն Աշոտյանը, վերանայվելու են, ու այդքանով էլ սահմանափակվեց...
Լրագրողները հետաքրքրվեցին' նախարարությունը նշում է, թե Հայաստանում անհրաժեշտ է 25 հազար ուսուցիչ, մինչդեռ այսօր դպրոցներում մոտ 40 հազար ուսուցիչ է աշխատում, ինչո՞վ է դա պայմանավորված: Նարինե Հովհաննիսյանը պատասխանեց, թե այս դաշտը ազատ է եղել, եւ շատ մարդիկ են մտել, բայց նախարարության մոտեցումն այն է, որ ուսուցիչներն աշխատեն ամբողջ դրույքաչափով, քանի որ փորձը ցույց է տալիս, որ կես դրույքով աշխատող ուսուցիչների արդյունավետությունը ցածր է: Որ ուսուցիչների թիվը պահանջվածից շատ է, դա Նարինե Հովհաննիսյանը չի պայմանավորում կոռուպցիոն ռիսկերի կամ օպտիմալացման հետեւանքների հետ:
ԿԳՆ հանրակրթության վարչության պետը տեղեկացրեց նաեւ, որ քննարկվում է ավագ դպրոցներում կրեդիտային համակարգ ներդնելու հարցը: Այդ համակարգը, ինչպես նշեց բանախոսը, կարող է օգնել հատկապես ավագ դպրոցներում աշակերտների հաճախելիության բարձրացմանը, ինչպես նաեւ հետագայում դպրոցում հավաքված կրեդիտները կարող են օգտագործվել' լրացուցիչ միավորներ բերելով ընդունելության քննությունների ժամանակ, կամ բուհերում` որոշ առարկաներից ազատվելու առումով:
Նարինե Հովհաննիսյանը հնարավոր համարեց, որ իրեն արդարացնելու դեպքում, կրեդիտային համակարգը հետագայում կարող է նաեւ փոխարիներ ընդունելության քննությանը...