Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով լրագրողների այն հարցին` արդյոք՞ քառյակը կպահանջի կառավարության հրաժարականը, եթե մինչև սեպտեմբերի 30-ը կառավարությունը չկատարի քառյակի 12 պահանջները, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշեց, որ անիմաստ է պահանջել կառավարության հրաժարականը, և «ժառանգություն»-ը սեպտեմբերի 30-ից հետո բարձրացնելու է ամբողջական իշխանափոխության հարցը, որովհետև էլ տեղ չկա սպասելու:
«Մենք պարտավոր ենք բարձրացնել իշխանափոխության հարցը, և եթե չորս քաղաքական ուժերի առաջնորդները, թև թևի տված, միասին կանգնեն հրապարակում ու գնան իշխանափոխության` առանց խաղեր տալու, ապա երկրում կլինի անցնցում իշխանափոխություն»,- կարծում է Ռուբեն Հակոբյանը:
Նրա խոսքով` քառյակի լիդերների հանդիպումը կարող է տեղի ունենալ ցանկացած պահի, եթե լինի դրա անհրաժեշտությունը: Ռուբեն Հակոբյանի համոզմամբ` այսօր իշխանություններին իրական քաղաքական այլընտրանքը դա քառյակն է, որովհետև դա այն քաղաքական միավորն է, որը, ըստ նրա, կարող է առանց ցնցումների ու մայդանների Հայաստանում իրականացնել ամբողջական իշխանափոխություն:
Ռուբեն Հակոբյանը նշեց, որ քառյակի կողմից նախապես հայտրարարված հանրահավաքի օրը` սեպտեմբերի 30-ը ուժի մեջ է:
Խոսելով կառավարությանը ներկայացրած` քառյակի 12 պահանջների մասին, Ռուբեն Հակոբյանը նշեց, որ երբ քառյակը նոր էր ներկայացրել այդ պահանջները, իշխանության մի քանի ներկայացուցիչներ, առանց այդ պահանջները ուշադիր կարդալու, շտապեցին հայտարարել, թե ինչ կառուցողական ընդդիմություն ունենք, և որ իշխանությունը կարող է իրականացնել այդ պահանջները, սակայն երբ Սերժ Սարգսյանն ու Դավիթ Հարությունյանը ծանոթացան այդ պահանջներին, հայտարարեցին. «Ի՞նչ եք ասում, ո՞նց կարող է իշխանությունը համաձայնել այդ կետերին»:
Ըստ Ռուբեն Հակոբյանի` նոր կառավարությունը որևէ լավ բան չի խոստանում, քանի որ չունի գործիքակազմ, և շեշտը դրեց ճարպկության վրա:
«Հավաքել գործարարներին և հայտարարել` տղե'րք, ես ինձ համարում եմ վարչապետ, և ստվերից պետք է դուրս գալ, դա քաղաքական քայլ չէ, դրա համար էլ դրական արդյունք չի արձանագրվում ստվերի դեմ պայքարում: Մի բան է կոսմետիկ PR ճարպկություն, մի բան է իրական քաղաքական գործընթացը, որոնք բացակայում են այս կառավարության դեպքում»,- ասաց պատգամավորը:
Արձագանքելով ՀՀ նախագահի այն հայտարարությանը, որ կառավարությունը կախարդական փայտիկ չունի, Ռուբեն Հակոբյանը նշեց. «Փայտիկը, որ լավ փնտրեն, կգտնեն, իրենց կողքին դրած է այդ փայտիկը: Օրինակ` դա այն փայտիկն է, որ չի կարելի կաշառք վերցնել, որ չի կարելի կեղծել ընտրությունները, չի կարելի 41 մանդատ պահել: Բոլորը տեսնում են այդ փայտիկները, բացի իշխանությունից, իշխանությունը քաղաքական կամք չունի` տեսնելու այդ փայտիկը»:
Պատասխանելով Yerkir.am-ի այն հարցին` ինչպես՞ կարող է գործել ընդդիմությունը, եթե Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ իշխանությունները ձևավորվում են միմիայն ընտրությունների արդյունքում, մնացած դեպքերում ընդդիմությունը պետք է գործի չափի մեջ, Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Սերժ Սարգսյանը մի բառ բաց է թողել: Նա պետք է ասի, որ իշխանությունը ձևավորվում է ընտրությունները կեղծելու միջոցով: Հայաստանի նախագահն ընտրվել է կեղծիքի միջոցով»: