կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-07 13:50
Հասարակություն

Օգոստոսի 1-ից հետո դեռևս պահպանվում է սահմանային լարված իրավիճակը. Սեյրան Օհանյան

Օգոստոսի 1-ից հետո դեռևս պահպանվում է սահմանային լարված իրավիճակը. Սեյրան Օհանյան

Այսօր կառավարության նիստից առաջ ելույթ ունեցավ ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` զեկուցելով վերջին օրերի սահմանային լարվածության ամբողջական պատկերի մասին:

 

Նա նշեց, որ ընսհանուր առմամբ` 2014թ-ը Հայաստանի, Արցախի ու բանակի համար լարված ժամանակաշրջան էր: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ռազմական հռետորաբանության արդյունք էր հրադադարի ռեժիմի խախտումը, դիվերսիոն-հետախուզական գործողությունները, սպառազինությունների մրցավազքը, որը հանգեցրեց նրան, որ 2014թ-ին հրադադարի ռեժիմը խախտման շուրջ 18 հազար դեպք գրանցվեց, այն դեպքում, երբ 2013թ ամբողջ տարվա ընթացքում գրանցվել է 13 հազար խախտման դեպք:

 

Հակառակորդի կողմից այդ ժամանակահատվածում եղել են 26 դիվերսիոն-հետախուզական գործողություններ կամ փորձեր, որից 15 դեպքը բաժին է ընկել 2014թ հուլիսի 25-ից գոստոսի 2-ին:


«Դեռևս պահպանվում է լարված իրավիճակը: Ադրբեջանական կողմը իրականացնում է իր ծավալով ու բնույթով աննախադեպ ռազմական գործողություններ, այդ թվում` հրադադարի ինտենսիվ խախտում և խաղաղ բնակավայրերի գնդակոծություն` մեծ տրամաչափի զինատեսակներից, դիվերսիոն-հետախուզական ակտիվ գործողություններ, ինչպես նաև շփման գծում և թիկունքում զորքերի տեղաշարժեր, տեղեկատվական ու քարոզչական ակտիվ գործունեույթւոն»,- ասաց Սեյրան Օհանյանը:

 

Նախարարի խոսքով` օգոստոսի 1-ից սկսած հակառակորդի կողմից հրադադարի խախտման ինտենսիվությունը չի նվազել: Բացի հայկական դիրքերի վրա մշտական գնդակոծությունից, գնդակոծության տակ են գտնվում սահմանամերձ խաղաղ բնակավայրերը` հիմնականում Տավուշի մարզի բնակավայրերը:

 

Հակառակորդը շարունակում է գնդակոծել խոշոր տրամաչափի զինատեսակներից` հիմնականում հակատանկային և հաստոցային ավտմատ նռնականետեր, 23 միլիմետրանոց զենքային կայաններ, 82 միլիմետրանոց ականանետներ:

 

«Հակառակորդի գործողությունները դժվար է դիտարկել, որպես զուտ դիվերսիոն բնույթի` իրենց ինտենսիվությամբ և ծավալներով, քանի որ շատ անգամ իրականացվել են նաև ցերեկային պայմաններում, մեծ խմբերով, բացահայտ կերպով` ուղղված հայկական հենակետերի գրավմանը, ինչը այդ գործողություններին հաղորդում է ակնհայտ հարձակողական բնույթ»,-ասաց Սեյրան Օհանյանը` հավելելով, որ հակառակորդի  այդ բոլոր գործողությունները ձախողվել են, և ցավոք,  հայկական կողմից զոհվել են 7 զինծառայողներ, որոնք հետմահու արժանացել են ՀՀ և ԼՂՀ պետական պարգևների:


«Ես կարծում եմ, որ ԶՈՒ հրամանատարական կազմի, դիվերսիոն հետախուզական գործողությունները հետ մղած ստորաբաժանումների, պատժիչ գործողություններ իրականացրած հատուկ նշանակության ստորաբաժանումների գործունեության արդյունք էր, որ մենք կարողացանք արժանապատվորեն մարտահրավերից դուրս գալ և բարձրացնելով զինծառայողների մարտական ոգին, ստեղծել միաբանության,  միասնականության ու համախմբման մթնոլորտ»,- ասաց նախարարը: