կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-08-31 16:07
Քաղաքական

Խաղաղությունը տարածաշրջանում մեր ռազմավարություն է, սակայն Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությամբ պահպանվում է բավականին լարված իրավիճակ. Միրզոյանը՝ Լավրովին

Խաղաղությունը տարածաշրջանում մեր ռազմավարություն է, սակայն Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությամբ պահպանվում է բավականին լարված իրավիճակ. Միրզոյանը՝ Լավրովին

Մոսկվայում կայացել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ՀՀ ԱԳ նախարար Արարարտ Միրզոյանի հանդիպումը: 

«Լավ հնարավորություն կա՝ կարծիքներ փոխանակելու, թե ինչ վիճակում են գտնվում մեր երկկողմ հարաբերությունները: Դրանք հագեցած են՝ և՛ տնտեսություն, և՛ անվտանգության ոլորտ, և՛ ներդրումներ: Մենք դաշնակիցներ ենք ՀԱՊԿ-ի շրջանակում: Խոսքը նաև հումանիտար, կրթական և գիտական կապերի մասին է և, իհարկե, խորհրդարանների և հասարակական կազմակերպությունների միջև կապերի: Մենք հետաքրքրված ենք դրանով: Ցանկանում ենք, որ այդ հարաբերությունները շարունակեն զարգանալ՝ ելնելով մեր քաղաքացիների, մեր փոխգործակցության շահերից», - ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն՝ ընդգծելով, որ հանդիպման ընթացքում առանձին ուշադրություն է դարձվելու միջազգային հարցերին:

Նա ընդգծել է, որ առանձին թեմա է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի կարգավորումը:

«Այստեղ կան շատ հարցեր, որոնք անմիջականորեն քննարկվում են նախագահների, ՀՀ վարչապետի կողմից: Կան հարցեր, որոնք տեղում կարգավորում են մեր զինվորականները հայ և ադրբեջանցի գործընկերների հետ: Գործում է փոխվարչապետերի ձևաչափով եռակողմ աշխատանքային խմբի մեխանիզմն՝ ուղղված տնտեսական կապերի ապաշրջափակմանը», - ընդգծել է Լավրովը:

Իր հերթին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմաքաղաքական դաշնակիցն է և հիմնական տնտեսական գործընկերը:

«Այս առումով կցանկանայի հաստատել Հայաստանի պատրաստակամությունը հետագայում ևս Ռուսաստանի հետ հարաբերությունները կառուցել բարեկամության, համագործակցության և փոխգործակցության մասին պայմանագրի հիման վրա», - ասել է Միրզոյանը:

Միրզոյանը նշել է, որ երկկողմ հարաբերությունների զարգացման համար կարևոր դեր են կատարում կանոնավոր շփումները բարձրագույն և բարձր մակարդակով, որոնք թույլ են տալիս համաձայեցնել ռազմավարական առաջնահերթությունները, կառուցողականորեն կարգավորել արդիական հարցերը, սերտորեն համաձայնեցնել դիրքորոշումները միջազգային և տարածաշրջանային օրակարգի առանցքային հարցերի շուրջ:

«Դա հատկապես կարևոր է արագ փոփոխվող միտումների և իրավիճակի ֆոնին, որը ձևավորվել է մեր տարածաշրջանում Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմից հետո: Խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում մեր ռազմավարություն է, և մենք պատրաստ ենք ակտիվ երկխոսություն ծավալել այդ ուղղությամբ, սակայն տարածաշրջանում պահպանվում է բավականին լարված իրավիճակ, որը մեծամասամբ բնորոշվում է Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությամբ: Ցանկանում եմ փաստել, որ Բաքուն չի կատարում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարութմաբ իր ստանձնած պարտավորությունները», - ասել է Միրզոյանը։

Արարատ Միրզոյանն ընդգծել է՝ ադրբեջանական կողմը շարունակում է «անմիջական ոտնձգություններ թույլ տալ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ, ինչին բախվում ենք սույն թվականի մայիսի 12-ից»:

ՀՀ ԱԳ նախարարի խոսքով՝ Բաքուն հրաժարվում է կատարել իր ստանձնած պարտավորությունները՝ ռազմագերիների և պահվող անձնանց վերադարձնելու հարցով։