Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինչպես հաղորդում է ԳԱԼԱ-ն, այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանն ու ԱՄՆ-ում նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի դիվանագիտական աշխատանքին:«Ինչպես գիտեք, Միացյալ նահանգները ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկրներից է, որը միջնորդում է այս հակամարտությանը եւ համանախագահները կանոնավոր հանդիպումներ են ունենում՝ կողմերի հետ հետագա քայլերը քննարկելու համար: Մենք հույս ունենք, որ շատ հեռու ապագայում տեղի կունենա նաեւ նախագահների միջեւ հանդիպում, իսկ համանախագահների ուղերձը շատ հստակ է եւ շատ հետեւողական: Այս հակամարտության լուծման համար կա միայն մեկ ճանապարհ եւ դա խաղաղ բանակցային լուծումն է»: Այսպես արձագանքեց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը հարցին, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գոյություն ունեցող ստատուս քվոն ինչի՞ հաշվին է այսօր պահպանվում:
Ջոն Հեֆֆերնի խոսքով, ԵԱՀԿ Մինսկի խումբը խստիվ քննադատում է ռազմական հռետորաբանությունը եւ դատապարտում է հրադադարի խախտումները: Դեսպանն ասաց նաեւ, որ իրենց վշտակցությունն են հայտնում բոլոր նրանց, ովքեր տուժում են շփման գծի եւ սահմանի մոտ տեղի ունեցող միջադեպերի պատճառով: «Պետքարտուղար Քերին վերահաստատել է մեր դիրքորոշումը այս հակամարտության խաղաղ բանակցային լուծում ապահովելու ճանապարհին»,- ասաց դեսպանը: Նրա գնահատմամբ ՝իրենք կողմերին շարունակում են հորդորել, որպեսզի հանդիպումներ ունենան, հարցերը միասին քննության առնեն:
ԳԱԼԱ-ի լրագրողի այն հարցին, թե իր դեսպանության տարիներին իր գնահատմամբ ինչ փոխվեց ՀՀ-ում, կամ ինչ փոփոխություններ կցանկանար տեսնել, այս առնչությամբ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը տվեց հետեւյալ պատասխանը.«Ես դեռ որոշ ժամանակ այստեղ գտնվելու եմ, դեռ ահագին այստեղ կլինեմ, անելիքներ կան, կարծում եմ դրանք կկատարվեն: Ինձ համար եւ նաեւ վստահ եմ ինձ հաջորդող դեսպանի համար կշարունակի գերակա մնալ Հայաստանի հետ տնտեսական կապերի հաստատումը եւ աշխատատեղերի, տնտեսական հնարավորությունների ստեղծումը հայ ժողովրդի համար»:
Մեր հաջորդ հարցին, թե նկատի ունենալով նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան շուրջ հասունացած օֆշորային սկանդալը, արդյո՞ք նա լավագույն կադրն է, որ կարող էր ներկայացնել ՀՀ-ը ԱՄՆ-ում: Դեսպանի պատասխանը հետեւյալն էր.«Ամեն երկիր ինքն է որոշում իր դեսպաններին, որոնք օտար պետություններում ներկայացնում են իրենց երկիրը: Մենք պարոն Սարգսյանի հետ վարչապետի պաշտոնում աշխատելու տարիներին աշխույժ համագործակցել ենք, եւ կարծում եմ՝ Վաշինգտոնում նրա գտնվելու ընթացքում եւս կաշխատենք»: