կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-24 18:20
Առանց Կատեգորիա

Ադրբեջանին «երես տալու» բումերանգը

Ադրբեջանին «երես տալու» բումերանգը

Երկու օր առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ԼՂ կարգավորման բանակցային գործընթացի շրջանակում՝ Բրյուսելում, հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Հանդիպումից հետո համանախագահները, ավանդույթի համաձայն, հանդես են եկել համատեղ հաղորդագրությամբ, որն այս անգամ բովանդակային առումով էականորեն տարբերվում է նախորդ նմանատիպ հայտարարություններից: Դրանում չափազանց քիչ տեղ է հատկացվել կայացած բուն բանակցություններին: Փոխարենը համանախագահները կենտրոնացել են շփման գծում մեծացող լարվածության և քաղաքացիական անձանց նկատմամբ բռնությունների աճի վրա` կողմերին կոչ անելով «կատարել մարդկային զոհերից խուսափելու իրենց պարտավորությունները» և անընդունելի են համարել «գյուղերի և քաղաքացիական անձանց նպատակաուղղված թիրախավորումը»:  Թեեւ նրանք չեն փոխել կոչը բանակցող երկու կողմերին՝ համարժեքորեն ուղղել իրենց ձեռագիրն ու գործելակերպը, սակայն արված ձևակերպումները և շեշտադրումները ցույց են տալիս, որ դրանք ուղղված են վերջին շաբաթներին Ադրբեջանի սանձազերծած ռազմական սադրանքները սպասվածից ավելի կոշտ ձևով դատապարտելուն:

 

Այս աննախադեպ կոշտությունը պատահականություն չէ, ոչ էլ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի դիվանագիտական հաղթանակի արգասիքն է: Այդպես Մինսկի խմբի համանախագահները պարզապես փորձում են արգելակել հենց Մինսկի խմբի դեմ Ադրբեջանի սկսած դեմարշը, սանձազերծած հեղինակազրկման պրոցեսը, որի նպատակը կարգավորման հարցում ՄԽ-ի անկարողությունը ճանաչել տալու միջոցով ԼՂ խնդիրը այդ ձևաչափից հանելն է: Այս առումով ուշագրավ է, որ համանախագահներն արտգործնախարարների հետ այս անգամ հանդիպել են առանձին-առանձին: Փաստորեն, միջնորդներին չի հաջողվել Էդվարդ Նալբանդյանին և Էլմար Մամեդյարովին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ: Ավելին՝ որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու ուղղությամբ: Համանախագահների համատեղ հայտարարությունից պարզ երևում է, որ արտգործնախարարների հետ նրանք քննարկել են առավելագույնը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առաջիկա նստաշրջանի շրջանակում նախագահների հանդիպման հնարավորությունը, և անգամ այդ հարցում համաձայնության հասնելու մասին որևէ ակնարկ նրանք չեն անում: ՄԱԿ-ի ԳԱ-ն որպես հանդիպման նոր ժամկետ նախանշելն ինքնին ցույց է տալիս, որ փաստացի տապալվել և այդ օրակարգից դուրս է եկել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին հանդիպեցնելու՝ Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությունը:

 

Մինչդեռ ահա ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Բրյուսելում հանդիպումներ է ունեցել ԵԱՀԿ ներկայացուցիչների հետ և, ինչպես նշել է թվիթերյան իր էջում, նրանց հիշեցրել է, որ, չնայած գլոբալ հիմնախնդիրներին, Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է լինի առաջնահերթություն: Ուորլիքը, փաստորեն, մի կողմից ընդգծում է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ շահագրգռվածությունը, մյուս կողմից՝ ակնարկում, որ բանակցային ներկայիս պրոցեսը վտանգված է: Այդպիսով՝ Ուորլիքն արձանագրում է, որ կողմերի հանդիպման նախաձեռնությունների հետևողական տապալումն ուղղված է առաջին հերթին հենց ՄԽ-ի դեմ, այն պարզ պատճառով, որ տապալվում են հենց ՄԽ-ի շրջանակում պլանավորվող բանակցությունները:

 

Հարցն այն է` ո՞ւմ է դա ձեռնտու: Չնայած ԼՂՀ-ին բանակցությունների լիիրավ անդամ ճանաչելու մասին՝ Երևանից հնչող կոչերին, Հայաստանը այս շրջափուլում գերշահագրգռված է ՄԽ հովանու ներքո բանակցությունների շարունակմանը: Մի կողմից դա շփման գծում լարվածության թուլացման, մյուս կողմից ` փաստացի «ստատուս քվոն պաշտպանելու» միակ տարբերակն է Երևանի համար: Իսկ ստատուս քվոն ոչ միայն նշանակում է պահպանել կողմերի միջև ներկայիս բալանսը, այլև կանխել շփման գծում խաղաղապահ ուժեր տեղակայելու` ուժային կենտրոններից որևէ մեկի հավակնությունները, ինչի մասին ակնարկները հնչում են Ռուսաստանից:

 

Տրամագծորեն հակառակ պատկերն է Ադրբեջանի պարագայում: ՄԽ-ի ձևաչափը Բաքվի համար ընդունելի է բացառապես այն դեպքում, եթե այն պարտադրում է Հայաստանին գնալ միակողմանի և ամբողջական զիջումների, այսինքն՝ կապիտուլյացիոն համաձայնության, ինչը չի ստացվում: Այդ պատճառով էլ Բրյուսելի հանդիպումից առաջ Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովը հայտարարում է, թե Մինսկի խումբը կորցրել է իր կարևորությունը, և ադրբեջանցի ժողովուրդն այլևս չի հավատում այդ կառույցին: Ըստ էության` բանակցությունների շարունակ տապալումը Ադրբեջանի համար ստատուս քվոն փոխելու միակ տարբերակն է դարձել: Եթե հաշվի ենք առնում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցում իր առաջ քաշած պայմանները և Ռուսաստանի հետ ընթացող կուլիսային բանակցություններից ԼՂ հարցում դիվիդենդներ քաղելու՝ նրա ունեցած շանսերը, ապա պարզ է դառնում, թե ինչու է հատկապես հիմա Ադրբեջանին պետք կաթվածահար անել ՄԽ ձևաչափը:

 

Սակայն դա հնարավոր չէր կարող լինել առանց նույն ՄԽ անդամ երկրներից որևէ մեկի բացահայտ կամ թաքուն աջակցության, որը պակաս շահագրգռված չէ ՄԽ-ի ձևաչափը անարդյունավետ դարձնելու մեջ: Նման խնդիր ունեն ՄԽ անդամ հանդիսացող միաժամանակ երկու պետություն` Թուրքիան և համանախագահողի կարգավիճակ ունեցող Ռուսաստանը: Վերջինս գոնե այս պահին չի թաքցնում ուժային բալանսն Ադրբեջանի օգտին խախտելու և, ի հեճուկս ՄԽ մյուս համանախագահող երկրների, տարածաշրջանում իր խաղաղապահներին տեղակայելու ցանկությունները, որոնք լիովին տեղավորվում են Հարավային Կովկասը ամբողջությամբ եվրասիական ինտեգրացիոն նախագծեր ներքաշելու՝ Կրեմլի պլաններում:

 

Երկրորդ գործոնը բանակցային գործընթացը տապալելու անթաքույց քաղաքականության նկատմամբ աչք փակելու, կրկնակի ստանդարտներով առաջնորդվելու և դրանով Բաքվին «երես տալու» հանգամանքն է: Համանախագահների վերջին կոշտ հայտարարությունը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը և Ֆրանսիան թերևս հասկացել են, թե հենց իրենց համար ինչ հետևանք է ունեցել սեփական կրավորականությունը, և հիմա փորձում են փրկել իրավիճակը, ձեռքի հետ նաև` սեփական դեմքը:

 

Գևորգ Դարբինյան