Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեռևս մի քանի շաբաթ առաջ էր հայտնի, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այցելելու են տարածաշրջան: Սակայն հենց այն օրերին, երբ այցի շրջանակում համանախագահները պետք է լինեին Ադրբեջանում, այդ երկրի նախագահը և արտգործնախարարը մեկնեցին Վիետնամ և Չինաստան: Համանախագահներին Ադրբեջանում ընդունեցին ընդամենը պաշտպանության նախարարի մակարդակով, ով նրանց հետ հանդիպման ընթացքում կրկնեց պաշտոնական Բաքվի շաբլոնային այն տեսակետը, թե բանակցային գործընթացը և համանախագահների ջանքերը որևէ արդյունք չեն տալիս:
Ադրբեջանն, ըստ էության, փորձել է դիվանագիտական ապտակ հասցնել համանախագահներին, որը, թերևս, ունի երկու շարժառիթ: Նախ` դրանով Ալիևի վարչակազմը կոնկրետ քայլով է ցուցադրել իր անլուրջ վերաբերմունքը նրանց գործունեության նկատմամբ և բանակցային պրոցեսից բավարարված չլինելու փաստը: Բաքվի միակ ակնկալիքը համանախագահներից հիմա այն է, որ նրանք ուղղակի պարտադրեն Հայաստանին` ստորագրել սեփական կապիտուլյացիան, ինչը անել համանախագահները, բնականաբար, չեն կարող: Ալիևի և Մամեդյարովի այս դեմարշը կարող է ուղղված լինել նաև կոնկրետ համանախագահներից մեկի` ԱՄՆ-ը ներկայացնող Ջեյմս Ուորլիքի դեմ, որը նախքան Կարնեգի հիմնադրամում կարգավորման 6 տարրերի մասին ելույթ ունենալը հայտարարել էր, թե հակամարտության հիմնական կողմերը Ադրբեջանն ու Լեռնային Ղարաբաղն են: Ուորլիքն իր հայտնի ելույթում սրբագրեց այս միտքը` հայտարարելով, թե իրենք հակամարտության երկու կողմ են ճանաչում` Հայաստան և Ադրբեջան: Բայց Բաքուն, թերևս, նման վիրավորական ժեստով փորձում է ցույց տալ, որ նման սայթաքումները ներել չի պատրաստվում:
Մյուս կողմից` Ադրբեջանի ներքին խնդիրների կապակցությամբ այդ երկրում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը չափազանց կոշտ հայտարարություններ է հնչեցրել այն մասին, որ ժողովրդավարական արժեքները և մարդու իրավունքները ոտնահարելուն ուղղված` ադրբեջանական իշխանությունների քայլերը կարող են Բաքվում նոր մայդանի առաջացման պատճառ դառնալ: Այս հայտարարություններն արդեն հիստերիայի են հասցրել Ալիևի վարչակարգին: Եվ նման դեմարշով Բաքուն, թերևս, փորձում է ցույց տալ, թե այնքան ինքնուրույն է, որ կարող է անգամ միջնորդն երկրների, այդ թվում` նաև ԱՄՆ ներկայացուցչին նման «պատվի արժանացնել»:
Հետաքրքրական է, սակայն, որ համանախագահների կոնկրետ այս այցելությունը նախաձեռնվել է հենց Բաքվի կողմից: Դրա նպատակը եղել է ԼՂՀ-ի ազատագրված տարածքներում հայերի կողմից իրականացվող վերաբնակեցման փաստերի ուսումնասիրությունը: Այս հանգամանքը Ալիևի դեմարշը դարձնում է ոչ միայն ծիծաղելի, այլև անադեկվատության, իրականությունից կտրված լինելու արգասիք: Ալիևին երևի թվում է, թե նման քայլով ցույց է տալիս իր դժգոհության աստիճանը, և դա դինավագիտական հզոր հարված է միջազգային հանրությանը: Բայց իրականում սա ավելին չէ, քան խռոված երեխայի վարքագիծ, որն ընդամենը ապացուցում է անգամ սեփական հետաքրքրության և նախաձեռնության արդյունք հանդիսացող պրոցեսներին ու երևույթներին նման անլրջությամբ մոտենալու իրողությունը:
Այդ հանգամանքը չէր կարող անտեսվել համանախագահների կողմից, ինչը դրսևորվեց այցից հետո նրանց տարածած համատեղ հայտարարության տեքստում, որը նախորդ նմանատիպ ամփոփիչ հայտարարություններից տարբերվում է սկզբունքորեն: Այս անգամ համանախագահները խոսում էին ոչ թե հրադադարի ռեժիմը պահպանելու, ստատուս քվոյի անընդունելիության, բանակցություններում ակտիվություն ցուցաբերելու, ժողովուրդներին խաղաղության պատրաստելու մասին, այլ իրողությունների, որոնք որոշակիորեն ընդգծում են ԼՂՀ-ի սուբյեկտ լինելը: Նրանց հայտարարության մեջ այս տրամաբանությունն ունեցող երկու հիմնական ուղերձ կար: Առաջինը` Սարսանգի ջրամբարը Ադրբեջանի հետ համատեղ օգտագործելու առաջարկն էր: Քանի որ այդ ջրամբարը գտնվում է ԼՂՀ-ի, այլ ոչ թե Հայաստանի տարածքում և նրա իրավասության ներքո, ապա ակնհայտ է, որ նրանք Ադրբեջանին ակնարկում են, այդ հարցի հետ կապված, լեզու գտնել ԼՂՀ-ի հետ: Իսկ երկրորդ ուղերձը պարզապես կարելի է Բաքվի դեմարշին պատասխան դեմարշ որակել: Համանախագահները, որքան էլ զարմանալի է, առաջին անգամ ազատագրված տարածքների ընդհանուր վիճակին անդրադառնալիս շեշտեցին, որ ենթակառուցվածքները բոլորովին էլ վատ վիճակում չեն: Այսինքն` Բաքվի այն պնդումները, թե այդ տարածքում ամեն ինչ անվերահսկելի է, բարձիթողի վիճակում` դրանից բխող բոլոր հետևանքներով, որևէ հիմք չունեն: Իսկ ենթակառուցվածքները կարող են առնվազն բարվոք լինել պետական մոտեցման պարագայում:
Դժվար է ասել` համանախագահների այս նոր գնահատականները Բաքվի ժեստից ազդված լինելո՞ւ հետևանք են, թե՞ Քաշաթաղի բնակչության կողմից նրանց ճանապարհը կտրելու և իրենց լսել ստիպելու, որն անակնկալի էր բերել երեք միջնորդներին: Փաստը մնում է փաստ, որ նրանք Ադրբեջանին չեն տալիս այն, ինչ նա ցանկանում էր ստանալ: Ադրբեջանը փոքրիկ չար կատակ խաղաց, որից միայն ինքը տուժեց, ինչը դեռ չի նշանակում, որ դրանից Ադրբեջանի դիրքերը լրջորեն սասանվեցին: Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող զարգացումները, ռուսական գազից կտրուկ հրաժարվելուն միտված եվրոպական նոր կուրսը մեծացնում են հետաքրքրությունը Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսների նկատմամբ: Դա ստիպում է աչք փակել իրողությունների վրա, որոնք այլ երկրների, բռնապետական, սուլթանական այլ ռեժիմների պարագայում հաստատապես չէին ներվի: Ամեն ինչ կախված է նրանից, թե ստեղծված այս կազուսային վիճակն ինչպես կարող է օգտագործել հայկական կողմը:
Գևորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ