Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս տարվա հունվարի 17-ին Մեղրիի մաքսակետում առանձնապես խոշոր չափերի հերոին տեսակի թմրամիջոց հայտնաբերելու փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, և գործն ուղարկվել է դատարան: Գործով երկու մեղադրյալները` թուրք Օսման Ուղուրլուն և վրացի Ավթանդիլ Մարտիաշվիլին, իրենց մեղավոր չեն ճանաչել: Այս մասին yerkir.am-ին հայտնեց Թուրքիայի քաղաքացի Օսման Ուղուրլուի պաշտպան Արտակ Գարոյանը:
Հիշեցնենք, որ թմրանյութը հայտնաբերվել էր Իրանից ՀՀ-ի տարածքով տարանցիկ դեպի Վրաստան ուղևորվող բեռնատարի զննման ժամանակ` հատուկ հարմարեցված թաքստոցում, և ըստ ԱԱԾ-ի հրապարակած տվյալների` հերոինի քաշը 927 կգ էր: Սակայն նախաքննությանն ընթացքում` թմրանյութը փորձաքննության ենթարկելուց հետո, պարզվել էր, որ թմրանյութի մաքուր քաշն իրականում 850 կգ է, իսկ մնացած 77 կգ-ը խառնուրդ է:
Yerkir.am-ի հարցին, թե ի՞նչ խառնուրդի մասին է խոսքը, Արտակ Գարոյանը պատասխանեց, որ շինանյութ է, իսկ առավել մանրամասն պարզ կդառնա դատաքննության ընթացքում: Նրա խոսքով` թմրանյութի մեջ խառնուրդն ավելացվել է Իրանի տարածքում: «Բեռնատարի նկատմամբ աննախադեպ խստություն էր սահմանված, կապարակնքված էր: Անգամ, երբ փորձագետը պետք է մոտենար` ինչ-որ գործողություն կատարեր, բարձրաստիճան պաշտոնյաները պետք է այդտեղ ներկա լինեին: Ոչ ոք իրավունք չուներ մոտենալու այդ բեռին»,- ասաց փաստաբանը և հավելեց, որ նույն խստությունը պահպանվում է ներկայումս:
Նշենք, որ Ուղուրլուն հայտնել է, որ ինքը չգիտեր, որ հերոին տեսակի թմրանյութ է տեղափոխում, և որ պատվիրատուներն ասել են, որ նախ ավազ տեղափոխի, որ տեսնեն` արդյո՞ք մեքենան կստուգեն, եթե`ոչ, նոր հաշիշ կտեղափոխեն: Նա խոստովանել է, որ պատվիրատուներն իրեն խաբել են, և մի քանիսի անունը տվել է: Ըստ Ուղուրլուի` բեռը պետք է հասցվեր Ուկրաինա:
Նախաքննության ընթացքում աշխատանքներ են տարվել պատվիրատուներին հայտնաբերելու ուղղությամբ, սակայն որևէ մեկին չեն հայտնաբերել:
Հիշեցնենք, որ փաստի առթիվ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: