Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վաղը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նախորդ տարեսկզբին հայ-իրանական սահմանին հայտնաբերված` առանձնապես խոշոր չափերի հերոինի գործով մեղադրյալ` 63-ամյա Ավթանդիլ Մարտիաշվիլիի վրացի պաշտպանը հանդես կգա պաշտպանական ճառով:
Նշենք, որ մեղադրող դատախազն այս գործով երկու ամբաստանյալների` ազգությամբ թուրք Օսման Ուղուրլուի համար առաջարկել էր 20, իսկ Ավթանդիլ Մարտիաշվիլիի համար` 18 տարվա ազատազրկում:
Նախորդ դատական նիստում պաշտպանական ճառով հանդես է եկել Մարտիաշվիլիի հայ պաշտպանը` Հրաչ Հակոբյանը:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նրա վրացի պաշտպան Թեյմուրազ Մայսուրաձեն հայտարարեց, որ իր պաշտպանյալն անմեղ է, նրան առաջադրված մեղադրանքը հիմնավորված չէ, և որ դատախազը նման պատժաչափ է առաջարկել ինչ-որ ճնշումների ազդեցության տակ:
Փաստաբանի խոսքով` իր պաշտպանյալը բեռնափոխադրումներ կատարելու ոլորտում 20 տարվա փորձ է ունեցել, շրջել է ողջ Եվրոպայում, 3 տարի շարունակ Հունաստանից շինանյութ է տեղափոխել Հայաստան և երբևէ սահմանապահների կամ իրավապահների հետ խնդիրներ չի ունեցել: Ըստ փաստաբանի` ամբաստանյալը չի նկատել իր մեքենայում առկա ինքնաշեն թաքստոցը` չկասկածելով որեւէ բան: Մեքենան անցել է Իրանով, սակայն հերոինը չի հայտնաբերվել, թեեւ Իրանը վերջին տեխնիկական հնարավորություններն ուներ` դա ստուգելու համար: «Ես կասկածներ ունեմ, որ սա հատուկ գործարք է, որն ահաբեկչական նպատակներ ունի»,- ասաց Մայսուրաձեն:
Ըստ նրա` ինչպես իր պաշտպանյալն, այնպես էլ թուրք մեղադրյալը նախաքննության և դատաքննության ընթացքում հայտնել են, որ այս ամենի հետևում կանգնած են թուրք եղբայրներ Մուստաֆա և Իսմայիլ Նարգիզները: Պաշտպանի խոսքով` մինչ այժմ Ինտերպոլը միջազգային հետախուզում չի իրականացրել նրանց նկատմամբ, թեև դրա բոլոր հիմքերն ուներ, այսինքն` թուրք նարկոբարոններն, ըստ նրա, մինչև հիմա ազատության մեջ են:
«Ավթանդիլը ոչ մեկին չի ճանաչել, բացի Օսմանից, որի մոտ որպես վարորդ է աշխատել: Նարգիզները նախապես ծրագրել են ամեն ինչ: Օսմանը մեքենայի երկրորդ բանալի է ունեցել, ավտոկայանատեղիից տարել է մեքենան: Ավթանդիլն այդ ընթացքում մնացել է հյուրանոցում: Օսմանը խաբել է, ասել է, որ գնում է` փաստաթղթեր ձևակերպելու, մեքենայով գնացել է, 2 ժամ անց վերադարձել»,- հայտնեց փաստաբանը: Ավթանդիլի պատմածով` հերոինն այդ ընթացքում են բեռնել մեքենան:
Պաշտպանը պատմեց նաև, որ Ավթանդիլն ապահովված ընտանիքից է, նրան այս ընթացքում Հայաստան են այցելել որդին և կինը:
Անդրադառնալով բուն դատաքննության տեխնիկական կողմին` պաշտպանը դժգոհություն հայտնեց պատշաճ թարգմանության կապակցությամբ: Նա նշեց, որ իր պաշտպանական ճառը ստիպված է եղել Թբիլիսիում թարգմանել տալ:
Պաշտպանը վերջում հույս հայտնեց, որ դատարանն անաչառ կգտնվի և իր պաշտպանյալին ազատ կարձակի: