կարևոր
808 դիտում, 47 րոպե առաջ - 2026-09-11 17:19
Քաղաքական

Նա դեռ վերահսկում է իշխանությունը, բայց այլևս չի վերահսկում քաղաքականությունը․ դիտարկում

Նա դեռ վերահսկում է իշխանությունը, բայց այլևս չի վերահսկում քաղաքականությունը․ դիտարկում

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է․

«Հետընտրական Հայաստանում կա երկու առանցքային մեգաօրակարգ և դրանք թելադրող երկու քաղաքական գործիչ՝ երկուսն էլ արտաքին դերակատար՝ Ալիևն ու Պուտինը։

Սա փաստերից բխող քաղաքական ախտորոշում է՝ քաղաքագիտորեն հիմնավորելի, իսկ իրականությամբ՝ արդեն ապացուցված։ Եթե հետընտրական Հայաստանի քաղաքական դաշտը մաքրենք սրտիկներից, սկանդալային վերնագրեր ստանալու կառավարելի շեղումներից, քաղաքական բանտարկումներից, պոպուլիզմից, տիկտոկիզմից, «ժուռնալիզմից», բլոգերային աղմուկից և կենցաղային ապաքաղաքականությունը վերածենք փաստահեն քաղաքականության, խորքում կտեսնենք Փաշինյանի իշխանության ամենածանր խնդիրը․ նա այլևս Հայաստանի քաղաքական օրակարգը ձևավորողը չէ։ Նրան մնացել է ձևավորել վերը նշված պսևդոօրակարգերը։

Ալիևը Փաշինյանի առաջ դնում է սահմանադրական փոփոխության օրակարգը։ Բաքուն Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը համարում է խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման նախապայման։ Այսինքն՝ Հայաստանի հիմնադիր քաղաքական փաստաթղթի ճակատագիրը կապվում է ոչ թե Հայաստանի հասարակության ներքին պահանջի, այլ Ադրբեջանի նախագահի առաջադրած պայմանի հետ։

Պուտինը Փաշինյանի առաջ դնում է աշխարհաքաղաքական փոփոխության օրակարգը։ Ռուսաստանը Հայաստանից պահանջում է հստակեցնել՝ երկիրը շարունակում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ ընտրում է ԵՄ ուղղությունը։ Այստեղ ևս օրակարգը տանում է դեպի հանրաքվե՝ այս անգամ Հայաստանի աշխարհաքաղաքական պատկանելության շուրջ։

Մի կողմից՝ Ալիևի սահմանադրական հանրաքվեն է՝ խաղաղության պայմանագրի ստորագրման պայմանով։

Մյուս կողմից՝ Պուտինի աշխարհաքաղաքական հանրաքվեն է՝ ԵՄ–ԵԱՏՄ ընտրությամբ և դրանից բխող տնտեսական ու անվտանգային հետևանքներով։

Մնացած բոլոր մինիօրակարգերը այս երկու մեգաօրակարգերի ածանցյալներն են: Հայաստանի քաղաքական երկու մեգաօրակարգերի հեղինակները չեն նահանջելու և որևէ հանգամանքով կամ ժամկետով կաշկանդված չեն։ Հակառակը՝ նրանք իրենց պայմանները վաղուց թելադրել ու քաղաքական թակարդը լավ լարել են, ուստի գնդակն այլևս իրենց դաշտում չէ․ հիմա որոշում կայացնելու հերթը հայկական կողմինն է։ Երկու դեպքում էլ հանրաքվեն ներկայացվելու է որպես ժողովրդի ինքնուրույն կամքի արտահայտում, մինչդեռ հարցը, ճնշումը և լուծման ժամկետները ներմուծվում են դրսից։ Ժողովրդին թողնվում է քվեարկողի դերը, բայց օրակարգը ձևակերպելու իրավունքն արդեն ուրիշներինն է։

ԱՄՆ-ն այս պահին իր գերակտիվ օրակարգը թելադրող երրորդ ակտիվ կենտրոնը չէ, որովհետև Վաշինգտոնն իրեն անհրաժեշտ հիմնական արդյունքն արդեն ստացել է։ Հայաստանը մղվել է Ադրբեջանի հետ նախնական համաձայնության և TRIPP-ի ընդունման։ Վաշինգտոնը տարածաշրջանային հաղորդակցության նախագիծը մտցրել է ամերիկյան ազդեցության դաշտ, Ռուսաստանին դուրս մղել այդ գործընթացի կենտրոնից, որոշակի մարտավարական դիրքավորում ստացել Իրանի մասով և Երևանից ստացել անհրաժեշտ քաղաքական համաձայնությունը։ Իրենը տանելուց հետո ԱՄՆ-ն, ըստ ամենայնի, անցել է տակտիկական դադարի՝ մինչև հաջորդ նախագահական վարչակազմի ձևավորումը, իսկ Փաշինյանը մնացել է արդեն ստանձնած պարտավորությունների, Ալիևի նոր պահանջների և Պուտինի հակազդեցության միջև։ Եվ որքան էլ Փարիզում Մակրոնին հանդիպելուց առաջ «Oh, Champs-Élysées» երգես, դրանից իրողությունը չի փոխվելու։

Հենց այստեղ պետք է հասկանալ, թե ինչու է վերջին շրջանում ՔՊ-ն այս ֆոնին այդքան ակտիվ գովազդում «ինքնիշխանություն» բառը։

Ռիսկերի կառավարման դասական տրամաբանությունն է․ իշխանությունը հասկանում է, որ իր ամենախոցելի կետը շուտով կարող է դառնալ իր դեմ ուղղված գլխավոր մեղադրանքը, և ինքն է կանխավ յուրացնում այդ բառը, վերափաթեթավորում ու դնում քարոզչական շրջանառության մեջ։ Այդպես իշխանությունը փորձում է առաջինը գրավել ու սեփականացնել այդ քաղաքական հասկացությունը՝ մինչև ընդդիմությունն այն կվերածի քաղաքական և հանրային պատասխանատվության պահանջի։

Հետևաբար ՔՊ-ի՝ ինքնիշխանության մասին աղմուկը դրա ամրության ապացույցը չէ։ Ճիշտ հակառակը՝ խոցվածության կանխավ խոստովանությունն է։ Երբ ՔՊ-ն այս ֆոնին «ինքնիշխանությունը» դարձնում է PR բրենդ, վստահ եղեք՝ իրական ինքնիշխանությունն արդեն խոցված է։ Որքան ավելի քիչ է իշխանությունը կարողանում ինքնուրույն ձևակերպել Հայաստանի օրակարգը, այնքան ավելի բարձր է արտասանում «ինքնիշխանություն» բառը։

Սա է Փաշինյանի արտադրած քաղաքական որակի իրական նստվածքը։ Նա Հայաստանը հասցրել է մի վիճակի, որտեղ ներքին քաղաքականությունը, փոխանակ ձևավորելու արտաքին քաղաքականությունը, սպասարկում է դրսից թելադրված խնդիրների լուծումը։

Փաշինյանը փորձում է խուսանավել երկու ակտիվ օրակարգերի միջև։ Բայց «հռետորական» խուսանավումը քաղաքական ինքնուրույնություն չէ։ Նա չի կարող անտեսել Ալիևի պահանջը, որովհետև դրա հետ է կապել իր «խաղաղության» ամբողջ քաղաքական կապիտալը։ Չի կարող անտեսել նաև Պուտինի պահանջը, որովհետև Ռուսաստանի հետ են կապված Հայաստանի էներգետիկ, տնտեսական և անվտանգային կենսական համակարգերը։

Արդյունքում Փաշինյանը չունի նաև այդ օրակարգերին հակադրվելու կամ դրանցից ազատվելու քաղաքական ու գաղափարական պաշար։ Որքան էլ ներքին հանրային և քաղաքական լսարանի համար ասի, թե սահմանադրության հարցը Հայաստանի ներքին ռեֆորմների օրակարգ է, Ալիևին չի կարող ասել, որ Հայաստանի Սահմանադրությունը Ադրբեջանի հետ բանակցության առարկա չէ, որովհետև ինքն է տարիներ շարունակ ապամոնտաժել այդ դիմադրության հիմքերը։ Պուտինին չի կարող ներկայացնել ինքնուրույն և հաշվարկված աշխարհաքաղաքական անցման ծրագիր, որովհետև Պուտինը ևս գիտի, որ «եվրաինտեգրումը» վերածել է կարգախոսի՝ առանց անդամակցության առաջարկի, թեկնածուի կարգավիճակի, ճանապարհային քարտեզի, ծրագրային հենքի, ԵՄ պատշաճ ինստիտուցիոնալ աջակցության և բանակցային գործընթացի։

Այս ամենի հետևանքով Հայաստանը հայտնվել է ոչ թե ազատ ընտրության, այլ երկու արտաքին մեգաօրակարգերի ճնշման միջակայքում։ ՔՊ-ականների խրոխտ ելույթներին և մեդիատաղավարային ինքնավստահությանը մի՛ հավատացեք․ նրանք կուլիսներում բացարձակ այլ ֆոբիաներ ունեն, և նրանցից որոշներն արդեն հասկանում են, որ գործ ունենք ոչ միայն արտաքին ճնշման և կախվածության, այլև իշխանության պահպանման վտանգավոր տրամաբանության հետ։

Լիդերության տեսության հայտնի օրինաչափությամբ՝ երբ ավտորիտար կառավարչի իշխանության պահպանման գինը չափազանց բարձրանում է, նա այն այլևս չի վճարում սեփական քաղաքական կապիտալից։ Սկսում է վճարել պետության կենսական շահերի, ինքնիշխանության և ռազմավարական ռեսուրսների հաշվին։

Այդ պահից իշխանությունը դադարում է պետությանը սպասարկելու միջոց լինելուց, իսկ պետությունը վերածվում է իշխանության պահպանման համար աստիճանաբար սնանկացվող ռեսուրսի։

Ուստի սա միայն Փաշինյանի քաղաքական թակարդը չէ։ Եթե խնդիրը սահմանափակվեր նրա իշխանության ապագայով, այն ընդամենը մեկ քաղաքական կենսագրության ավարտական փուլ կլիներ։ Բայց արտաքին օրակարգերի հետ արդեն կապվել են Հայաստանի սահմանադրական ինքնությունը, տնտեսական համակարգը, անվտանգային միջավայրը և աշխարհաքաղաքական դիրքը։

Փաշինյանը, փչելով իր «ինքնիշխանության» բրենդի PR փուչիկը, բնականաբար, շարունակելու է ցուցադրել սեփական ուժը, խոսել ընտրական հաղթանակի, լեգիտիմության, ժողովրդի վստահության և իր իշխանության անսասանության մասին։ Բայց այդ ցուցադրական հզորությունը հենց խորքային թուլությունը քողարկելու փորձ է, քանի որ քաղաքական այլ ելք չունի։

Որքան ավելի բարձր է նա խոսում իր ուժի մասին, այնքան ավելի տեսանելի է դառնում այն քաղաքական բարդույթը, որի դեմ պայքարում է։ Հետընտրական Հայաստանում ընտրություններում հաղթած ղեկավարը այլևս օրակարգ չի թելադրում։ Սա պետք է հասկանան թե՛ նրան ընտրածները, և թե՛ նրա ընդդիմադիրները։

Կրկին ֆիքսենք՝ նա կարող է վերահսկել խորհրդարանական մեծամասնությունը, պետական ապարատը, ուժային համակարգը և տեղեկատվական աղմուկը, բայց չի վերահսկում Հայաստանի գլխավոր քաղաքական հարցերի ձևակերպումը։ Երևանին մնում է միայն քննարկել արտաքին օրակարգերի կատարման ժամկետները, տեխնիկան և քարոզչական փաթեթավորումը։

Սա է Փաշինյանի ցուցադրական հզորության և իրական քաղաքական անկարողության հակասությունը․ նա դեռ վերահսկում է իշխանությունը, բայց այլևս չի վերահսկում քաղաքականությունը։

P.S. Թույլ մի՛ տվեք, որ «ինքնիշխանություն» գոչելով ձեր գիտակցության մեջ ձևախեղեն իրականությունը։ Եվ եթե այս նյութը ձեզ օգնի դա տեսնել, ուրախ կլինեմ»։