Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2014-03-03 12:40
Իրավական

Ի՞նչ է լինելու սահմանին հայտնաբերված` միլիոնավոր դոլարների հերոինի հետ

Ի՞նչ է լինելու սահմանին հայտնաբերված` միլիոնավոր դոլարների հերոինի հետ

2014 թվականի հունվարի 17-ին Մեղրիի մաքսակետում առանձնապես խոշոր չափերի`927 կգ հերոին տեսակի թմրամիջոց հայտնաբերելու փաստով հարուցված քրեական գործը շարունակում է մնալ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Այս գործի վերաբերյալ հետաքրքրություն հարուցեց հատկապես այն հանգամանքը, որ Հայաստանում նման քանակությամբ թմրանյութ առաջին անգամ էր հայտնաբերվել, իսկ դրա ապօրինի շրջանառության մեջ մեղադրվողներից մեկը Թուրքիայի Հանրապետության քաղաքացի է:

 

Դեպքից հետո շատերին հուզում էր նաև այն հարցը, թե, ի վերջո, ի՞նչ է լինելու հայտաբերված թմրանյութի հետ: Մտահոգություն կա, որ այն հնարավոր է գրավի թմրաբիզնեսով զբաղվողների ուշադրությունը,  և մինչև սահմանված կարգով ոչնչացումը` ինչ-ինչ եղանակներով «անհետանա», չէ՞ որ հայտնաբերված հերոինի գինը, տարբեր հաշվարկներով, սև շուկայում կարող է լինել 80-ից 200 մլն դոլար:

 

Այդ նպատակով yerkir.am-ը փորձեց համապատասխան մարմիններից ճշտել, թե ներկայումս ինչպիսի՞ հսկողություն է իրականացվում բեռի նկատմամբ, և այս գործով վերջնական դատական ակտի` օրինական ուժի մեջ մտնելուց հետո ի՞նչ եղանակով է այն ոչնչացվելու:

 

Ի պատասխան մեր հարցմանը` ՀՀ ԱԱԾ-ից պատասխանեցին, որ հիշյալ թմրամիջոցի նկատմամբ ԱԱԾ-ն իրականացնում է ուժեղացված հսկողություն` իրեղեն ապացույցների պահման կարգի համաձայն:

 

Ոստիկանությունից էլ հայտնեցին, որ թմրանյութերի ապօրինի շրջանառության փաստերով հարուցված քրեական գործերով դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո իրեղեն ապացույցները ոչնչացվում են դատարանի որոշմամբ։ Դա իրականացվում է այրման եղանակով, նախապես ստեղծված հանձնաժողովի ներկայացմամբ, ինչն ամրագրվում է արձանագրությամբ։

 

Հույս ունենանք, որ համապատասխան մարմինները, հաշվի առնելով հայտնաբերված թմրանյութի աննախադեպ լինելն ու գործի վերաբերյալ հանրության հետաքրքրությունը, թմրամիջոցի ոչնչացումը կիրականացնեն հրապարակային ձևով` խմբաքանակի ոչնչացման գործընթացում ներգրավելով նաեւ լրագրողներին: