կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-08 18:13
Առանց Կատեգորիա

Վրաստանը սեղմո՞ւմ է Հայաստանի պարանոցը, թե՞ ազատում

Վրաստանը սեղմո՞ւմ է Հայաստանի պարանոցը, թե՞ ազատում

Նախագահ Սերժ Սարգսյանը Վրաստան մեկնեց այդ երկրի կողմից Եվրամիությանը հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման նախօրյակին` ընդգծելով այն առանձնահատուկ կարգավիճակը, որը Հայաստանի համար ձեռք է բերում Վրաստանը:

 

Հունիսի 27-ին ԵՄ ասոցացման համաձայնագրի ստորագրմամբ, դրանից առաջ Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու որոշման հրապարակմամբ` Հարավային Կովկասում քաշվեց նոր բաժանարար գիծ: Հայաստանն ու Վրաստանը հայտնվեցին արժեքային ու մշակութային, քաղաքական, տնտեսական, առևտրային ու մաքսային, բոլորովին տարբեր, նույնիսկ ինչ-որ իմաստով հակադիր բևեռներում, որը երկու հարևան երկրներին մղում է հարաբերությունների ճշգրտման, խաղի նոր կանոնների հաստատման: Այդ բաժանարարը Հայաստանին մոտեցրեց Եվրոպայի սահմանները: Այլ պայմաններում սա կարող էր նոր հեռանկարներ բացել եվրոպական շուկաներ մուտք գործելու համար: Սակայն Մաքսային միությանն անդամակցելու որոշման արդյունքում այդ գիծը, ըստ էության, ավելի շատ խորհրդանշում է Հայաստանի տնտեսական մեկուսացման, քան որևէ ուղղությամբ` եվրոպական, թե եվրասիական, ինտեգրման հեռանկարը:

 

Թբիլիսիում Հայաստանի նախագահն իր պաշտոնակցի հետ հանդիպումից հետո, կենտրոնանալով երկու երկրների արտաքին ինտեգրացիոն հակառակ վեկտորներ ընտրելու վրա, նշեց, թե համոզված է, որ Վրաստանը ԵՄ Ազատ առևտրի պայմանագրին մաս կազմելուց հետո հայ գործարարների համար եվրոպական շուկաներ մուտք գործելու և այդ նպատակով Վրաստանում ներդրումներ անելու հնարավորություններ է ստեղծում, այնպես, ինչպես ՄՄ-ին Հայաստանի միանալն է վրացի գործարարների համար բացում ՌԴ-ի և ՄՄ անդամ մյուս երկրների շուկաներ մուտք գործելու, այդ նպատակով Հայաստանում ներդրումներ կատարելու նոր հորիզոններ:

 

Այս տեսլականը, սակայն, առայժմ թվում է չափազանց մշուշոտ: Նախ, ի տարբերություն Վրաստանի, որն արդեն եվրոպական ազատ առևտրի գոտու խաղացող է, Հայաստանը ՄՄ-ին չի անդամակցել, և դեռ հայտնի չէ` ե՞րբ է անդամակցելու կամ անդամակցելո՞ւ է առհասարակ, թե՞ ոչ: Այսինքն` առնվազն վրացիների համար Հայաստանի միջոցով եվրասիական առևտրային գոտի մտնելու հեռանկարները նույնքան անորոշ են, որքան ՄՄ-ին կամ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը: Հետևաբար, գոնե տեսանելի ապագայի կտրվածքով կարելի է խոսել ավելի շատ հայ գործարարների կողմից Վրաստանում ներդրումներ կատարելու և եվրոպական շուկաներ մտնելու հավակնությունների մասին: Դա արդեն նշանակում է կապիտալի արտահոսք դեպի Վրաստան, որը չի փոխլրացվելու վրացական կապիտալի` դեպի Հայաստան համարժեք ներհոսքով:

 

Պետք է նկատի ունենալ նաև, որ արտադրության եվրաստանդարտների պարտադիր պահպանման պահանջի կատարումը հանգեցնելու է Վրաստանում արտադրության տեխնիկական և տեխնոլոգիական արդիականացման, այդ ուղղությամբ լրացուցիչ ներդրումների, որի պահանջը ՄՄ տարածքում ընդհանրապես գոյություն չունի: Այսինքն` Հայաստանում չեն գործելու տնտեսության արդիականացմանն ուղղված մոտիվացիոն մեխանիզմներ, և բնական է, որ այդ ռեսուրսով Հայաստանը չի կարող մրցակցել Վրաստանի հետ: Սակայն ամենալուրջ խնդիրն, իհարկե, դա չէ:

 

Հայաստանի և ԵՄ-ի միջև ներկայումս գործում է մաքսային GSP+ ռեժիմը, որի շրջանակում հայկական արտադրության մոտ 11 հազար ապրանքների ԵՄ արտահանելիս մաքսատուրք գրեթե չի գանձվում: Ի դեմս Վրաստանի` ԵՄ-ի շուկայի սահմանակցումը Հայաստանին մեծացնում է այդ ռեժիմի կիրառական նշանակությունն ու արժեքը: Սակայն դեռևս պարզ չէ` արդյոք Հայաստանը շարունակելո՞ւ է ԵՄ-ի հետ առևտուրն այդ ռեժիմով: Ո'չ պաշտոնական Երևանը, ո'չ ԵՄ-ն այս կապակցությամբ կոնկրետ որևէ մեկնաբանություն դեռևս չեն տվել:

 

Ընդամենը մեկ շաբաթ առաջ Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովի արած այն հայտարարությունը, թե ՄՄ-ին միանալու պարագայում Հայաստանը ստիպված է լինելու Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ պայմանավորվել բարձր մաքսատուրքեր կիրառելու արդյունքում այդ կազմակերպության հանդեպ իր պարտավորությունները չկատարելու հետևանքով փոխհատուցում տալու հարցի շուրջ, ցույց է տալիս, որ Երևանին կարող են զրկել այդ խողովակով ԵՄ-ի հետ առևտուր անելու հնարավորությունից:

 

ՄՄ-ից պատշաճ բացատրություն չի հնչել այն հարցի վերաբերյալ թե ինչ ընթացք և արդյունք ունեցան ոչ ՄՄ անդամ հանդիսացող երկրների հետ թվով մոտ 1000 ապրանքատեսակների հետ կապված առևտրային հարաբերություններում ավելի մեղմ մաքսատուրքեր կիրառելուն ուղղված բանակցությունները: Կարելի է միայն ենթադրել, որ բանակցությունները որևէ արդյունք չեն տալիս, ինչը ևս կարող է լինել ՄՄ-ին Հայաստանի անդամակցության հետաձգման պատճառներից մեկը:

 

Ամենայն հավանականությամբ, Վրաստանը հակված չէ վերանայելու և մեղմացնելու Հայաստանի և ՄՄ անդամ երկրների հետ հարաբերություններում գործող մաքսատուրքերի չափը, որի դեպքում միայն կիմաստավորվեր Մաքսային միությանը Հաայստանի անդամակցությունը: Եթե այս հարցում համաձայնություն ձեռք բերված լիներ, այդ մասին, թերևս, կհայտարարվեր Սերժ Սարգսյանի` Վրաստան կատարած այցի ընթացքում: Սա նշանակում է, որ Հայաստանը չի կարող օգտվել ՄՄ-ի հիմնական առավելություններից, քանի որ ցանկացած դեպքում ստիպված է լինելու մաքսատուրք վճարել Վրաստանին ՄՄ անդամ երկրներից ներկրվող և այնտեղ արտահանվող ապրանքների համար: Դրա վկայությունն է նաև աբխազական երկաթուղու վերաբացման հարցի քննարկումից Թբիլիսիի կողմից կտրականապես հրաժարվելու հանգամանքը:

 

Արդյունքում` Հայաստանը կարող է հայտնվել տնտեսական նոր, յուրօրինակ բլոկադայի պայմաններում, որտեղ օբյեկտիվորեն շատ ավելի շահեկան, բայց անհնար է դառնում ԵՄ-ի հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը: Չի բացառվում, որ սա ունի ավելի շատ քաղաքական ենթատեքստ, քան տնտեսական: Օգտվելով Վրաստանի դիրքային առավելությունից` ԵՄ-ն, ըստ էության, գործիք է ունենում Ռուսաստանի համար իմաստազրկելու և տնտեսապես անշահավետ դարձնելու Հայաստանին համառորեն ՄՄ-ի անդամ դարձնելու ձգտումը:

 

Սա ինչ-որ իմաստով կարող է փրկօղակ դառնալ Հայաստանի համար` խուսափելու ՄՄ-ին անդամակցելու` ոչ մի տեղ չտանող հեռանկարից: Բայց եթե նույնիսկ այդպես է, ապա առնվազն կարճաժամկետ կտրվածքով, այն ավելի շատ վնաս է հասցնելու Հայաստանին: Իր սահմանափակ և փոքր շուկայով ու արտադրական հնարավորություններով Հայաստանը Ռուսաստանին հետաքրքրում է ոչ թե իր տնտեսական պոտենցիալով, այլ տարածաշրջանային քաղաքական ու ռազմական հենակետ լինելով, որի համար կարող է իրեն թույլ տալ նաև մի քիչ ավելի թանկ վճարել: Մանավանդ` վճարողը կարող է ավելի շատ դառնալ Հայաստանը: Հարցն այն է` արդյո՞ք նույնը կարող են իրենց թույլ տալ նաև Բելառուսն ու Ղազախստանը:

 

Գևորգ Դարբինյան