| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելեց Տավուշի մարզի Մովսես սահմանամերձ գյուղը:
Մովսեսի բնակիչները վարչապետին պատմեցին իրենց խնդիրների մասին, որոնցից առաջնահերթը սահմանին թշնամու կրակոցներն են:
Մովսեսցիներին անհանգստացնում է նաև այն, որ խորհրդային տարիների ընթացքում իրենց կուտակած ավանդները չեն ստանում և հնարավոր է` արդեն ողջ չլինեն, երբ իրենց հերթը հասնի: Հովիկ Աբրահամյանը վստահեցրեց, որ այժմ ավանդների վերադարձման գործընթաց է տեղի ունենում: «Կարվի ամեն բան, որ սահմանամերձ բնակավայրների բնակիչների ավանդներն ավելի արագ վերադարձվեն»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Նա նաև խոստացավ լուծել Մովսեսի ոռոգման և խմելու ջրագծի ցանցի վերանորոգման հարցը, աջակցել մովսեսցի այն ուսանողներին, ովքեր ունեն բարձր առաջադիմություն, սակայն զրկված են որևէ արտոնությունից:
Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը Հովիկ Աբրահամյանին հայտնեց, որ սահմանամերձ գյուղը չունի կոմբայն: «Եթե կոմբայն լիներ, գյուղատնտեսական աշխատանքները բավականին կհեշտանային, հատկապես, որ շուտով բերքահավաքի ժամանակն է»,- ասաց գյուղապետը: Հովիկ Աբրահամյանը խոստացավ, որ Մովսեսը կունենա կոմբայն:
Մովսեսից հետո Հովիկ Աբրահամյանն այցելեց Վերին Կարմիրաղբյուր: Այստեղ նա հայտարարեց, որ կառավարությունն ամեն ինչ պետք է անի այս սահմանամերձ գյուղի համար: «Ես դեմ եմ, որ որևէ սահմանապահ գյուղ դատարկվի: Եթե այստեղ քիչ է դպրոցականների թիվը, ուրեմն մենք պետք է լրացուցիչ միջոցներ հատկացնենք ու դպրոցը պաշտպանենք»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Նրա խոսքով` կառավարությունը կփորձի իրականացնել ծրագրեր, որոնք արդյունքում աշխատատեղեր կբացվեն: «Այն ամենը, ինչ խոստացվել է, անպայման կիրականացվի»,- ասաց վարչապետը: Նա խոստովանեց, որ թեև աշխատանք կատարվում է, սակայն կառավարությունն անելիքներ դեռ շատ ունի: Աբրահամյանի խոսքով` նախարարները, մարզպետները և վարչապետը պարտավոր են ամիսը գոնե մեկ անգամ ներկայանալ սահմանամերձ գյուղեր:
«Այս գյուղերի մասին խոսելիս ես ասում եմ` սահմանապահ, որովհետև այստեղ ապրող մարդիկ, իրոք, սահմանապահ են: Եթե մարդը քնում է` մտածելով, որ գիշերը կարող են կրակել իր տան վրա, ուրեմն նա, իրոք, սահման է պահում»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: