Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարությունն այսօր հաստատեց ՀՀ եւ ՌԴ միջեւ միգրացիայի ոլորտին վերաբերող երկու համաձայնագիր: Առաջին համաձայնագրով սահմանվում է, որ կողմերի տարածք մուտք գործելուց հետո երկու երկրների քաղաքացիները կարող են հաշվառման կանգնել 30 օրվա ընթացքում:
Տեղեկության համար ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը հայտնեց, որ, այսօրվա գործող կանոնների համաձայն, ՌԴ մեկնելիս մեր քաղաքացին պարտադրված է 7 օրվա ընթացքում հաշվառման կանգնել, ու եթե այդ ժամկետը խախտվում է, ապա առաջանում են անցանկալի հետեւանքներ' ընդհուպ մինչեւ նրա մուտքի արգելանք' 3 տարի ժամկետով: Առաջին համաձայնագրով այդ ժամկետը 7 օրից դարձվում է 30 օր:
Երկրորդ համաձայնագիրն ավելի տարողունակ ու կարեւոր հարցեր է լուծում: Այն է' կողմերի տարածքում քաղաքացիները աշխատանքային գործունեություն կարող են ծավալել առանց լրացուցիչ թույլտվության:
«Այսօր մեր քաղաքացին, որպեսզի ՌԴ-ում աշխատանքային գործունեություն ծավալի, դիմում է համապատասխան մարմիններին` ներկայացնելով սահմանված փաստաթղթեր, վճարելով պետական տուրք, սպասելով որոշակի ժամանակահատված, եւ արդյունքում որոշում է կայացվում' կա'մ դրական, կա'մ բացասական' թույլատրել կամ մերժել: Այս համաձայնագրով այդ թույլտվությունը մեջտեղից հանվում է, այսինքն' աշխատաշուկան դառնում է միասնական' ինչպես Ռուսաստանի քաղաքացին ՌԴ-ում աշխատելու հնարավորություն կունենա, այդպես էլ` Հայաստանի քաղաքացին»,- համաձայնագրերի էությունը պարզաբանեց Գագիկ Եգանյանը:
Երկրորդ համաձայնագրով սահմանվում է նաեւ, որ աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետում համարվում է, որ անձը օրինապես գտնվում է ՌԴ տարածքում, եւ ոչ միայն անձը, այլեւ նրա ընտանիքի անդամները:
«Հաշվի առնելով, որ Հայաստան-Ռուսաստան միգրացիոն շրջանառությունը գերակա նշանակություն ունի մեր երկրի համար, այս նպաստավոր պայմանները մեր շատ քաղաքացիների համար դյուրություններ կբերեն»,- ընդգծեց ՀՀ միգրացիոն պետական ծառայության ղեկավարը:
Մի հետաքրքիր դրույթ էլ կա այս երկու համաձայնագրերում' կապված դրանց ուժի մեջ մտնելու, կիրարկելու ժամկետների հետ: Ըստ համաձայնագրերում ամրագրված այդ կետերի' այս համաձայնագրերի համար ներպետական հաստատման ընթացակարգերն անցնելուց առաջ ավելի շուտ կիրարկման պայմաններ են նախատեսված: Իսկ համաձայնագրերը պետք է պաշտոնապես ուժի մեջ մտնեն երկու երկրներում ներպետական հաստատում անցնելուց հետո: Մեր կառավարության կողմից այս համաձայնագրերի վավերացմամբ ավարտվեց ՀՀ-ում ներպետական համաձայնեցման առաջին փուլը: