կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-01 10:53
Առանց Կատեգորիա

ՀՀ ողջ տարածքում սահմանվում է անձանց պարտադիր ինքնամեկուսացում. պարետ

ՀՀ ողջ տարածքում սահմանվում է անձանց պարտադիր ինքնամեկուսացում. պարետ

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ընդունել Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ։

Ըստ կառավարության պաշտոնական կայքում հրապարակված որոշման՝ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սահմանափակվում է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը և սահմանվում է անձանց պարտադիր ինքնամեկուսացում իրենց մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու և վարակի տարածումը կանխելու նպատակով: Անձի կողմից ընտրված ինքնամեկուսացման վայրը չի կարող փոփոխվել մինչև սույն որոշմամբ սահմանված ժամկետի ավարտը։

Հայաստանի Հանրապետության մարզերի և մարզերի ու Երևանի վարչական սահմանների միջև սահմանափակվում է բնակչության ազատ տեղաշարժը։

Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության կողմից սահմանված վայրերում մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը ժամը 14:00 տեղադրվում են հատուկ անցակետեր՝ անձանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու նպատակով:

Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի1-ին՝ ժամը 00։01-ին և գործում է մինչև 2020 թվականի ապրիլի 12-ը ժամը 23:59-ը:

Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է մինչև ապրիլի 12-ը երկարաձգված տեղաշարժի սահմանափակումները:

Ավինյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարացրել ենք արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները:

Նոր որոշմամբ կատարվել են հետևյալ փոփոխությունները`

Դադարեցվում է հանրային տրանսպորտի գործունեությունը` բացառությամբ երկաթուղային տրանսպորտի: Թույլատրվում է տաքսիների գործունեությունը:

Սահմանափակվում է անձանց միջմարզային տեղաշարժը: Տեղաշարժը հնարավոր է աշխատանք-տուն երթուղիով և մեկ-երկու այլ բացառության դեպքում:

Թույլատրվում է թեթև մարդատար ավտոմոբիլով ընտանիքի անդամների, նույն կազմակերպությունում աշխատողների տեղաշարժը` առանց քանակի սահմանափակման:

Աշխատանքի գնալիս անհրաժեշտ է լինելու ներկայացնել գործատուի կողմից լրացված ձևաթուղթը: Այս կետը պարտադիր է դառնում ապրիլի 1֊ի ժամը 23։59֊ից։

Տեղաշարժման թերթիկ անհրաժեշտ է լինելու ներկայացնել այլ սահմանված դեպքերում։

Տնտեսական գործունեության տեսակների գործող սահմանափակումները հիմնականում պահպանվել են։

Մյուս սահմանափակումների մանրամասները` որոշման մեջ:

‼ Միաժամանակ տեղեկացնում եմ, որ մի շարք սահմանափակումներ ուժի մեջ են մտնում ավելի ուշ, քան մյուսները, քանի որ ցանկանում ենք, որ ժամանակ ունենաք ադապտացվելու համար:

Շարունակե'ք հետևել սահմանված կանոններին` պահպանելով ձեր, ձեր սիրելիների և ողջ հանրության առողջությունը»: