Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ «Նարեկացի» արվեստի միությունը կազմակերպել էր հանդիպում անվանի քանդակագործ Արտո Չաքմաքչյանի հետ` միության նոր` «Էնտելեխիա» խորագրով նախագծի շրջանակներում: Միջոցառմանը ներկա էին Չաքմաքչյանի մտերիմ ընկերները` Տիգրան Մանսուրյանը, Պերճ Զեյթունցյանը…
Արտո Չաքմաքչյանը հիշեց` դեպի արվեստ տանող ճանապարհը անցյալի հայ մշակույթի մեջ է գտել, որտեղից էլ սնվել է, և որն էլ հիմք է դարձել հետագա գործերը ստեղծելու համար:
«Արվեստը շարունակություն է, և այդ շարունակությունը մեր անցյալի կոթողների մեջ եմ տեսել, դրա համար էլ ուզում եմ Հայաստանում շատ մնալ: Դեռ պարտքս չեմ հանձնել իմ երկրին»,- ասաց նա:
Մաեստրոն հիշեց, երբ «Պոբեդա» նավով հոր մահից հետո Հայաստան վերադառնալիս է եղել, նավի վրա պլաստիլինով է խաղացել, և Խորհրդային Հայաստանի այն ժամանակվա ղեկավարներից մեկը նկատել է դա ու թե` «եթե կարողանաս պլաստիլինից Ստալին քանդակել` Հայաստան հասնելուն պես կօգնեմ, որ նկարչական դպրոց ընդունվես»: «Իսկ Ստալինը մեծ, երկար բեղեր ուներ, ես էլ բեղերը շեշտեցի ու, իրոք, շատ նման ստացվեց Ստալինին: «Քանդակն» այդ մարդուն դուր եկավ, և նա էլ իր խոստացածն արեց` ինձ օգնեց, որ նկարչական դպրոց ընդունվեմ: Դպրոցում, սակայն, պետք է նշեմ, որ ես այնքան էլ լավ չէի նկարում: Կողքս լեննականցի ուսանողներ կային, որոնք շատ տաղանդավոր էին, ես գիշեր-ցերեկ աշխատում էի, որ նրանց հասնեմ: Հավատացնում եմ` ես Մոնրեալում էլ եմ դասավանդել, սակայն հայ երիտասարդների նման ձիրք ոչ մի երկրի քաղաքացի չունի»,- ասաց մաեստրոն:
Չաքմաքչյանն ուշագրավ մի խոստովանություն արեց` տասնյակ տարիներ առաջ Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մի քանդակ էր կերտել, որը, սակայն, Հայաստանում չեն ընդունել և մերժել են տեղադրել մեզ մոտ: Հենց այդ ժամանակ էլ /1960-ականներին/ Մոսկվայում Խաղաղության կոմիտեն մրցույթ է հայտարարում` Հիրոսիմայի զոհերի հիշատակին նվիրված քանդակների: Վարպետն իր` Ցեղասպանության զոհերի հիշատակի համար նախատեսված քանդակը ներկայացնում է Մոսկվայի մրցույթին և առաջին մրցանակի արժանանում, և այն տեղադրվում է: «Այս մասին առաջին անգամ եմ ասում, միշտ ամաչել եմ բարձրաձայնել այս մասին: Փաստորեն, «Հիրոսիմա» քանդակս, այո, Ցեղասպանության զոհերի հիշատակին է նվիրված»,- ասաց նա:
Միջոցառմանը ներկա հյուրերը հնարավորություն ունեին հարցեր ուղղելու վարպետին, և երիտասարդներից մեկի հարցին, թե ի՞նչ խորհուրդ կտա` մնա՞լ Հայաստանում, թե՞ գնալ արտերկիր` կատարելագործվելու ու ճանապարհ հարթելու, Չաքմաքչյանը պատասխանեց. «Եթե ես լինեի` վերջին ցենտը կպահեի, որ գնայի` աշխարհ տեսնեի, սովորեի ու հետ գայի Հայաստան»:
Yerkir.am-ի հարցին, թե ինչպե՞ս է ստացվել, որ անգամ Շառլ Ազնավուրն ունի վարպետի քանդակներից մեկը, Չաքմաքչյանը պատասխանեց, որ դա երկար պատմություն ունի: Նա պատմեց, որ Ազնավուրն իր «Հայկական ճատրակ» քանդակն ունի: «Ես երազում էի, որ որևէ պուրակում կլինեն իմ շախմատային ֆիգուրները, ամեն մեկը` մի տեղ դրված: Բայց մի օր հարբած քաղսովետ մտավ Ռաֆայել Իսրայելյանը ու թե`«էս ի՞նչ կապիկներ են, վերջ տվեք»: Քանդակը, բնականաբար, չտեղադրվեց Հայաստանում»,- պատմեց Չաքմաքչյանը:
Վարպետը հույս ունի, որ իր «Նարեկացի» քանդակը մի օր Հայաստան է հասնելու և իր տեղն է գտնելու Երևանի փողոցներից մեկում: Նա խոստովանեց` Նարեկացին իր համար մտածելու կերպար է, Կոմիտասը՝ հայի: «Երբ նկատեցի Նարեկացու այդ առանձնահատկությունը, իմ մեջ հասունացավ նրա արձանը կերտելու ցանկություն: Հույս ունեմ` այն մի օր Հայաստան կգա: Իսկ Կոմիտասին ես քանդակել եմ ընդամենը որպես սքեմ՝ առանց Կոմիտասի, ես երբեք չեմ ստիպել ինձ` Կոմիտասի քանդակ ստեղծելու համար, այն ծնվել է իմ մեջ»,- ասաց Վարպետը:
Խոսելով Երևանում տեղադրված արձանների մասին` Չաքմաքչյանը նշեց, որ բոլորս էլ քիթ-բերան ունենք, և, ավելի խորը, մարդկային ապրումներ քանդակներում արտահայտելու փոխարեն, ջանում ենք անսխալ քիթ ու բերան քանդակել:
Չաքմաքչյանն իր քանդակներից մեկը նվիրեց «Նարեկացի» արվեստի միությանը: Քանդակը կոչվում է «Մեր Կոմիտասը», այն արդեն, ըստ քանդակագործի, 40-45 տարվա կյանք ունի:
Ի դեպ, Չաքմաքչյանի հաջորդ Հայաստան այցին «Նարեկացի» արվեստի միությունում կբացվի մաեստրոյի գրաֆիկական աշխատանքների ցուցադրությունը:
Կարինե Հարությունյան