կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-01 16:44
Մշակույթ

Արտո Չաքմաքչյանը «Արշիլ Գորկի» մեդալով է պարգևատրվել

Արտո Չաքմաքչյանը «Արշիլ Գորկի» մեդալով է պարգևատրվել

ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը քանդակագործ Արտո Չաքմաքչյանին պարգևատրել է «Արշիլ Գորկի» մեդալով:

 

«Ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել արվեստի մեծագույն վարպետներից մեկին՝ քանդակագործ Արտո Չաքմաքչյանին, ով կյանքի մի մասն ապրել է Հայաստանում, մյուս մասը՝ Կանադայում, բայց մշտապես ամուր թելերով կապված է եղել Հայրենիքի հետ: Չաքմաքչյան ազգանունը վաղուց դուրս է եկել հայկական աշխարհի շրջանակներից և դարձել համաշխարհային մշակույթի մեծագույն երևույթներից մեկը»,- նշել է Հրանուշ Հակոբյանը:

 

Շնորհակալություն հայտնելով բարձր պարգևի համար՝ Չաքմաքչյանն էլ նշել է. «Ես անուղղակիորեն ներկայացրել եմ մեր երկիրը և ցույց տվել աշխարհին, որ մեր երկիրն էլ գեղարվեստական խոսք, արվեստ ունի: Եթե ես ճանաչում եմ գտել աշխարհում, ապա միայն շնորհիվ Հայաստանի, քանի որ իմ արվեստին Հայաստանի անցյալի և ներկայի մշակույթն է սնունդ տվել»:

 

Հարություն (Արտո) Չաքմաքչյանը ծնվել է 1933թ.-ին Եգիպտոսում: 1948թ.-ին ընտանիքով հայրենադարձվել է Խորհրդային Հայաստան: 1975 թվականից ապրում է Կանադայի Մոնրեալ քաղաքում: Արտո Չաքմաքչյանը քանդակագործության ասպարեզում համարվում է էքսպրեսիվ կերպավորման մեթոդի հիմնադիրներից մեկը: Այդ մեթոդով նա քանդակել է Կոմիտասի, Կոստան Զարյանի, Առնո Բաբաջանյանի դիմաքանդակները, «Ազատություն» քանդակը։ Նա նաև դեկորատիվ-կիրառական քանդակագործության հռչակավոր վարպետներից է, ստեղծել է «Սասունցի Դավիթ», «Բերքահավաք» քանդակները։ Նրան մեծ համբավ են բերել «Կոմիտաս» և «Ապրիլյան հուշակոթող» վեհաշուք հուշարձանները։ 2010թ.-ին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ն կազմակերպել է Արտո Չաքմաքչյանի քանդակների ցուցահանդեսը: